
NASA-ն դադարեցրել է տիեզերագնացներին Լուսին հասցնելու SpaceX-ի հետ պայմանագիրը
NASA-ն դադարեցրել է տիեզերագնացներին 2024 թվականին Լուսին հասցնելու SpaceX ընկերության հետ պայմանագիրը, որը կնքվել էր երկու շաբաթ առաջ։ Այդ մասին գրում է Reuters գործակալությունը։
Այդպիսի որոշման պատճառ է դարձել ԱՄՆ Հաշվիչ պալատ ուղարկված բողոքները, որոնք ներկայացրել էին Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսին պատկանող Blue Origin-ը և Dynetics ընկերությունը։ Վերջիններս նույնպես հավակնում էին NASA-ի հետ պայմանագիր կնքելուն։
Մասնավորապես, Dynatics-ը բողոքում է, որ NASA-ի աստղագնացներին Լուսին հասցնելու նախագծի բյուջեի կրճատման որոշումից հետո, ընկերություններին բավարար ժամանակ չի տրվել, որպեսզի նոր հայտեր ուղարկեն։ Արդյունքում, SpaceX-ն ընտրվել է ամենացածր գնառաջարկի համար։ Մինչ բողոքների դիտարկումը, որը կարող է տևել մինչև 3 ամիս, NASA-ն և SpaceX-ը պարտավոր են դադարեցնել համաձայնագրի շրջանակներում բոլոր աշխատանքները։
NASA-ի և SpaceX-ի պայմանագիրը, որի արժեքը կազմել է 2,89 միլիարդ դոլար, կնքվել էր 2021 թվականի ապրիլի 16-ին։ Այն ենթադրում է «Արտեմիս» ծրագրի շրջանակներում, վայրէջքի մոդուլի միջոցով, Լուսնի վրա աստղագնացների իջեցում։
Լուսանկարը՝ NASA-ի
Մեկնաբանել