
Պենտագոնը դադարեցնում է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դադարեցնում է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը, որը վճարվում էր ռազմական բյուջեից։ Այդ մասին ապրիլի 30-ին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջամալ Բրաունը։
«Պաշտպանության նախարարությունը շարունակում է չեղարկել սահմանային պատնեշների կառուցման բոլոր նախագծերը, որոնք ի սկզբանե նախատեսված են եղել ռազմական այլ առաքելությունների ու գործառույթների համար, ինչպիսիք են զինծառայողների երեխաների համար դպրոցները, գործընկեր երկրներում ռազմական շինարարության նախագծերը, ինչպես նաև ազգային գվարդիայի ու ռեզերվի սարքավորումները»,- Բրաունի խոսքերը մեջբերել է NBC-ն։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, ռազմական բյուջեի հաշվին, ավելացրել էր Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման ծախսերն այն բանից հետո, երբ Կոնգրեսը մերժել էր այդ նախագծի համար միջոցներ հատկացնել: Դառնալով երկրի նախագահ՝ Բայդենը ստորագրել էր հրամանագիր, որով դադարեցվելու էր Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը։ Վերջինս Բայդենի նախընտրական խոստումներից մեկն էր։
Լուսանկարը՝ ED JONES/AFP/GETTY IMAGES
Մեկնաբանել