
Ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի զեկույցը կքննարկվի դռնփակ նիստում
Ապրիլյան պատերազմի դեպքերը քննող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի զեկույցը կքննարկվի դռնփակ նիստում: Նման որոշում ընդունեց խորհրդարանը հերթական նիստում: Հիշեցնենք, որ հանձնաժողովն իր աշխատանքներն ավարտել էր դեռ արցախյան երկրորդ պատերազմից առաջ, սակայն այն չէր հրապարակվել ու չէր քննարկվել:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նկատեց, որ հարցը հանրային մեծ հետաքրքրություն ունի, դռնփակ քննարկվելու դեպքում հանրությունն ինչպես է տեղեկանալու զեկույցի մանրամասներից:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը համաձայնեց` հարցը հանրային մեծ հետաքրքրություն ունի, սակայն ընդգծեց` մի շարք պետական գաղտնիքներ է պարունակում, որոնք չի թույլատրվում հանրայնացնել: Իսկ հանրությունը հնարավորություն ունի ծանոթանալ զեկույցի թույլատրելի մանրամասներին իր ներկայացուցիչների` պատգամավորների միջոցով:
47 պատգամավորների դիմում-պահանջով ստեղծված հանձնաժողովն իր գործունեությունը ծավալել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում: Հանձնաժողովն առաջինը հյուրընկալել է ապրիլյան պատերազմին մասնակցած զոհերի հարազատներին ու ծառայակից ընկերներին:
Այնուհետև հանձնաժողովը սկսեց հյուրընկալել նախկին ու գործող պաշտոնյաներին` այդ թվում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: Միակ բարձրաստիճան զինվորականը, որը հրաժարվեց հանձնաժողով ներկայանալ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովն էր:
Մեկնաբանել