
ԱԺ-ն քննարկում է զորակոչից խուսափածներին համաներում տալու նախագիծը
Խորհրդարանի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվում է կառավարության ներկայացրած «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» նախաձեռնությունը:
Նախագիծը կարգավորում է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած, (պահեստազորի դեպքում` 35) պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև հայտարարված վարժական հավաքից և (կամ) զորահավաքային զորակոչից խուսափած և Քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ համաներում հայտարարելու հետ կապված հարաբերությունները:
Համաներում կհայտարարվի նաև 327 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` զորակոչից, վարժական հավաքից խուսափումը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում: Սակայն սա չի վերաբերում արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ հայտարարված զորակոչից կամ վարժական հավաքից խուսափած անձանց: Արտոնությունը վերաբերում է մինչ 2020 թվականի սեպտեմբերի 26-ի դեպքերին:
Նախագիծը ներկայացրեց արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանը, ում խոսքով կառավարությունը որոշել է հանդես գալ համաներում հայտարարելու առաջարկությամբ` մարդասիրության և համերաշխության սկզբունքներից ելնելով, ինչպես նաև հնարավորություն ընձեռելելով այդ անձանց Հայաստանի Հանրապետության տնտեսական, սոցիալական, հոգևոր, մշակութային ոլորտներում զարգացման համար սեփական ավանդը ներդնելու:
Նման անձինք պետք է կամովին ներկայանան քրեական հետապնդման մարմիններ կամ դատարան, եթե գործը դատարանի վարույթում է, որտեղ էլ համաներման կիրառման հարցը կքննարկվի իրավասու մարմնի կողմից և համապատասխան որոշում կկայացվի:
Համաներում կհայտարարվի այն անձանց նկատմամբ`
- որոնք դատապարտվել են ազատությունից զրկվելու պատժի,
- որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է,
- որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատժի:
Համաներում չի կիրառվի`
- այն անձանց նկատմամբ, որոնք օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ, բացի Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասից, հանցագործությունների կամ դատավճիռների համակցության կանոններով կարող են մեղադրվել, մեղադրվում են կամ դատապարտվել են նաեւ Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի այլ հոդվածով,
- մինչև օրենքն ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ, բացառությամբ այն անձանց, որոնք մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ անձամբ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան
- այն անձանց նկատմամբ, որոնց դեպքում վերջին տասը տարվա ընթացքում` նշանակված պատժաչափը կրճատվել է Հայաստանի Հանրապետության նախագահի` ներում շնորհելու մասին հրամանագրի կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համաներման ակտի հիման վրա, կամ որոնց պատիժը կրելուց ազատել են Հայաստանի Հանրապետության նախագահի` ներում շնորհելու մասին հրամանագրի կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համաներման ակտի հիման վրա,
- կամ որոնց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համաներման ակտի հիման վրա,
- այն անձանց նկատմամբ, որոնք Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքը կատարել են մեկ այլ գործով նշանակված՝ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում սահմանված փորձաշրջանի ընթացքում:
Նախագծի հարակից զեկուցող, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը իր ելույթում հիշեցրեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքը, որը հնարավորություն էր տալիս վճարել խուսափած զորակոչերի համար և ազատվել քրեական պատասխանատվությունից: Օրենքն իր ուժը կորցրել է 2019թ. դեկտեմբերի 31-ին, և չկար այլ օրենք, որը կարգավորում է զորակոչից խուսափած և հայրենիք վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ իրավահարաբերությունները:
Անդրանիկ Քոչարյանը, Մխիթար Հայրապետյանը և Արման Բաբաջանյանը հեղինակել էին նախագիծ, որով առաջարկում էին զորակոչից խուսափած անձի մինչ 27 տարին (պահեստազորի դեպքում մինչ 35) լրանալը վերջինիս ազատել քրեական պատասխանատվությունից, եթե նա ինքնակամ ներկայացել է զինվորական կոմիսարիատ և նրա նկատմամբ օրենքով սահմանված կարգով կայացվել է որոշում: Եթե լրացել է անձի 27 (պահեստազորի դեպքում՝ 35) տարին, ապա նրա նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի, եթե նա Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով վճարել է պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձի և հավելավճարների չափով գումար կամ անցել է պայմանագրային զինվորական ծառայության՝ երկու տարի ժամկետով: Նախագիծը, սակայն, հանվել էր շրջանառությունից լրամշակման նպատակով:
Քոչարյանն իր ելույթում ընդգծեց` համաներման ակտից հետո այս նախագծին վերադառնալու են, պարզապես պատերազմից հետո առաջնահերթությունները փոխվել են. հետպատերազմյան Հայաստանը կարիք ունի իր քաղաքացիների վերադարձի և ներդրումների: Քոչարյանը հիշեցրեց, որ հանձնաժողովում այն միաձայն կողմ քվեարկության է արժանացել` այդ կերպ բացառիկ հնարավորություն տալով արտերկրում գտնվող հայաստանցիներին վերադառնալ հայրենիք:
Մեկնաբանել