
Տոտալիզատորների գովազդի ժամային սահմանափակման նախագիծը քննարկվեց
Խորհրդարանը հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության ներկայացրած «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:
Ըստ այդ առաջարկի` լրատվական կայքերում տեղադրված վիճակախաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների գովազդների ցուցադրման գրաֆիկը կսահմանափակվի, պահանջով, դրանք կարող են հրապարակվել միայն երեկոյան ժամը 22:00-ից մինչև առավոտյան 7-ն ընկած ժամանակահատվածում:
Գործող օրենքով գովազդը չպետք է գերազանցի տվյալ կայքէջի 20 տոկոսից ավելին, կառավարությունն առաջարկում է ծավալային սահմանափակումը փոխարինել ժամային սահմանափակմամբ:
Նախագիծը ներկայացրեց ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը, ում խոսքով` առաջինից երկրորդ ընթերցում որևէ փոփոխություն չի եղել: Փոխնախարարն անդրադարձավ մամուլի ներկայացուցիչների այն քննարկումներին, թե կառավարությունն այս կերպ ցանկանում է ֆինանսական խնդիրներ առաջացնել ԶԼՄ-ների համար: Հայրապետյանը վստահեցրեց` որևէ նման միտում չկա, ապա հիշեցրեց, որ դեռ 2019 թվականին Գովազդի մասին օրենքի փոփոխության քննարկմանը ասել է, որ ծավալային սահմանափակման վերահսկելը կառավարության համար կարող է խնդրահարույց լինել` համապատասխան գործիքակազմ չլինելու պատճառով:
Ֆինանսների փոխնախարարն անդրադարձավ նաև Գովազդի մասին օրենքի մյուս նախագծին, որը կառավարությունը հանրային քննարկման է ներկայացրել, այն ամբողջությամբ առաջարկում է սահմանափակել գովազդը: Հայրապետյանն ընդգծեց` նախագիծը վիճահարույց է և պետք է մանրամասն քննարկվի: Նախագծի քննարկումն ավարտվեց:
Մեկնաբանել