HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան տուժող է ճանաչվել սուտ մատնության առթիվ քննվող քրեական գործով

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան տուժող է ճանաչվել իր վերաբերյալ սուտ մատնություն կատարելու առթիվ քննվող քրեական գործով։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Էլիբեգովայի փաստաբան Միքայել Շխիմյանը։

Հիշեցնենք, որ այն օրերին, երբ «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Կարեն Բեքարյանը, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանն ու այլ անձինք Gagik Soghomonyan ֆեյսբուքյան օգտատիրոջ գործով բերման էին ենթարկվել, ԱԱԾ է տարվել նաև Էլիբեգովան։

Անդրադառնալով ադրբեջանագետին ԱԱԾ տանելու հանգամանքին՝ «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության խորհրդի անդամ Վահե Խանդիլյանն, ով «Ֆեյսբուք»-ում գրանցված է «Ваик Хан (Վահե Խանդիլյան)» անունով, գրառում է կատարել՝ Էլիբեգովային մեղադրելով պետական դավաճանության մեջ: Խանդիլյանի գրառումն արտատպել են որոշ լրատվամիջոցներ, և Էլիբեգովայի նկատմամբ հոդվածների մեկնաբանություններում սպառնալիքներ ու վիրավորական արտահայտություններ են հնչել՝ ընդհուպ նրան վառելու վերաբերյալ։ Այս ամենից հետո Էլիբեգովան որոշել է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել։ ԱԱԾ-ում նախապատրաստվել են նյութեր, ինչի արդյունքում որոշում է կայացվել ՀՀ Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված դեպքի բացակայության (պետական դավաճանություն), ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ (սպանության սպառնալիք) և 333-րդ (սուտ մատնություն) հոդվածներով նախատեսված հանցակազմերի բացակայության հիմքերով քրեական գործի հարուցումը մերժել։ Այս որոշումը Միքայել Շխիմյանը բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազություն, և մերժելու մասին որոշումը մասնակիորեն՝ սուտ մատնության մասով՝ վերացվել է և որոշում կայացվել այդ մասով քրեական գործ հարուցել։

Նշենք, որ քրեական գործը, որով Էլիբեկովան տուժող է ճանաչվել, հարուցվել է Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այսինքն՝ սուտ մատնությունը, որը զուգորդվել է անձին ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով։

Գործով նյութերի նախապատրաստման փուլում բացատրություն տալիս Վահե Խանդիլյանը հայտնել է, թե ինքն Էլիբեգովային չի ճանաչում, նրա դեմ ոչինչ չունի, այլ լրատվամիջոցից է արտատպել Էլիբեգովայի վերաբերյալ վերը նշված տեղեկությունները։ Միքայել Շխիմյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել են համապատասխան ապացույցներ այն մասին, որ Վահե Խանդիլյանը վերը նշված տեղեկությունը տարածել է մի շարք ֆեյսբուքյան խմբերում։

Այս հանգամանքն, ըստ Շխիմյանի, հիմք է տալիս պնդելու, որ Խանդիլյանը շահագրգռվածություն է ունեցել Էլիբեգովայի վերաբերյալ տեղեկությունները տարածելու։

Լուսանկարում՝ Միքայել Շխիմյանը, Անժելա Էլիբեգովան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter