HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց զորակոչից խուսափած անձանց համաներում շնորհելու նախագիծը

Խորհրդարանը հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց Կառավարության ներկայացրած «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» նախաձեռնությունը, որն առաջին ընթերցմամբ ընդունվել է:

Նախագիծը կարգավորում է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած, (պահեստազորի դեպքում` 35) պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև հայտարարված վարժական հավաքից և (կամ) զորահավաքային զորակոչից խուսափած և Քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ համաներում հայտարարելու հետ կապված հարաբերությունները:

Հիմնական զեկուցող արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանը ներկայացրեց նախագծի` առաջինից երկրորդ ընթերցում տեղի ունեցած փոփոխությունները:

«Առաջարկում ենք նախաբանում հստակ ֆիքսել, որ համաներման ընդունման հիմքում ընկած է հետպատերազմյան հետևանքների հնարավորինս մեղմումը: Ինչ վերաբերում է կարգավորման առարկային»,- ասաց փոխնախարարը:

Հիմնական զեկուցողի խոսքով` քննարկումների արդյունքում առաջարկում են կարգավորման առարկայի փոփոխություն կատարել, սահմանել, որ նախագիծը կարգավորում է օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ 27 տարին լրացած (շարքային, պահեստազորի դեպքում`35), պարտադիր զինծառայության զորակոչից խուսափած, քրեական օրենսգրքի 327 հոդվածի առաջին կամ երրորդ մասով սահմանված հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված քաղաքացիներին առնչվող իրավահարաբերությունները: Փոփոխությունների հետևանքով` շահառու են դառնալու նաև ոչ միայն մինչ 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ, այլ նաև մինչև օրենքի մեջ մտնելը պարտադիր զինծառայության զորակոչից խուսափած անձինք, սակայն պատերազմի ընթացքում զորահավաքային զորակոչից վարժական հավաքից խուսափած անձինք օրենքի շահառու չեն կարող դառնալ:

Մյուս փոփոխությունն այն է, որ անձինք, ովքեր բացի 327 հոդվածի հատկանիշներից մեղադրվում են նաև այլ հոդվածների հատկանիշներով, նրանց նկատմամբ կարող է համաներում հայտարարվել 327 հոդվածի հատկանիշներով կատարված հանցանքի համար, իսկ մյուս հոդվածների համար` կենթարկվեն քրեական պատասխանատվության:

Փոխնախարարի խոսքով` մայիսի չորսի դրությամբ 327 հոդվածի առաջին մասի հատկանիշներով հետախուզվում է 5433 անձ, դատապարտվել է 262-ը, իսկ նույն հոդվածի երրորդ մասով դատապարտված ու հետախուզված անձինք հաշվառված չեն:

Նախագծի հարակից զեկուցող Անդրանիկ Քոչարյանը կոչ արեց նախագծի ընդունւոմից հետո նման անձանց ձեռնամուխ լինել իրենց փաստաթղթերի կարգավորմանը և վերադառնալով մասնակից լինել երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը:

Նման անձինք օրենքի ընդունումից հետո պետք է կամովին ներկայանան քրեական հետապնդման մարմիններ կամ դատարան, եթե գործը դատարանի վարույթում է, որտեղ էլ համաներման կիրառման հարցը կքննարկվի իրավասու մարմնի կողմից և համապատասխան որոշում կկայացվի:

Համաներում կհայտարարվի այն անձանց նկատմամբ`

  • որոնք դատապարտվել են ազատությունից զրկվելու պատժի,
  • որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է,
  • որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատժի:

 Համաներում չի կիրառվի`

  • այն անձանց նկատմամբ, որոնց դեպքում վերջին տասը տարվա ընթացքում` նշանակված պատժաչափը կրճատվել է Հայաստանի Հանրապետության նախագահի` ներում շնորհելու մասին հրամանագրի կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համաներման ակտի հիման վրա, կամ որոնց պատիժը կրելուց ազատել են Հայաստանի Հանրապետության նախագահի` ներում շնորհելու մասին հրամանագրի կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համաներման ակտի հիման վրա,
  • կամ որոնց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համաներման ակտի հիման վրա,
  • այն անձանց նկատմամբ, որոնք Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքը կատարել են մեկ այլ գործով նշանակված՝ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում սահմանված փորձաշրջանի ընթացքում:

Նախագծի քննարկումն ավարտվեց, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քվեարկության կներկայացվի վաղը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter