HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արման Թաթոյանը դատապարտեց հանրության մի մասին ժեխ, զոմբի, պիցցայակեր, ծախված անվանող հանրային գործիչներին

Այս օրերի արտաքին ու ներքին մարտահրավերները պահանջում են համերաշխություն և համախմբվածություն, հարգանք միմյանց իրավունքների, այդ թվում՝ կարծիքի արտահայտման իրավունքի նկատմամբ:

Նման համոզմունք խորհրդարանում հայտնեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` 2020 թվականի ՄԻՊ գործունեության տարեկան զեկույցի քննարկմանը:

«Ցավոք, մեր երկրում ներդրվել ու շարունակվում է հանրային, հասարակական-քաղաքական հարթակ բերված նոր ու նախկին, սև ու սպիտակ պիտակավորմամբ դիսկուրսը, որը հասարակությանը խմբերի բաժանելու, խտրականություն սերմանելու անթույլատրելի օրակարգ է»,- ասաց Թաթոյանը:

Օմբուդսմենը դատապարտեց թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ներկայացուցիչների՝ մարդու իրավունքների ոտնահարման և արժանապատվությունը նսեմացնող գործելակերպը, երբ ատելության խոսքի միջոցով երկրում անհանդուրժողականություն է հաստատվում:

«Դատապարտելի է քաղաքական ընդդիմության առանձին շրջանակների կողմից գործածվող բառապաշարով Հայաստանը խմբերի բաժանելու, մարդկանց վիրավորելու օրակարգի զարգացումն ու խրախուսումը: Անթույլատրելի է հանրային ճանաչում ունեցող առանձին գործիչների կողմից հասարակության մի մասին վիրավորող այնպիսի արտահայտությունների գործածումը, ինչպիսիք են՝ ժեխ, զոմբիներ: Նույն սկբունքով դատապարտելի է իշխանության աջակից որոշ շրջանակների կողմից հանրային լայն կիրառություն ստացած այնպիսի բառապաշարի օգտագործումը, որն ավելի է նպաստում երկրում անհանդուրժողականության մթնոլորտի խորացմանը, օրինակ` պիցցայակերներ, ծախվածներ և այլն»,- ասաց Թաթոյանը:

Ըստ զեկուցողի` ՄԻՊ աշխատակազմի դիտարկումները վկայում են, որ նման անթույլատրելի վիճակն ավելի է խորացնում այն հանգամանքը, որ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության տարբեր շրջանակներին աջակցող կեղծ օգտահաշիվներ կան, որոնք խմբերով են գործում ու հնչեցնում են սպառնալիքներ և բռնության կոչեր: Թաթոյանի գնահատմամբ` սոցիալական մեդիայի ողջ հայկական տիրույթը ողողվել է հայհոյախառն արտահայտություններով ու ատելության խոսքով:

«Ցավոք, այս արատավոր երևույթները վերջին տարիներին ծավալների աճ ստացան, ձեռք բերեցին համակարգված ու ինստիտուցիոնալ բնույթ: Քաղաքականությունն իր հիմքում պետք է ունենա մարդու իրավունքները որպես ունիվերսալ բարձր արժեք»,- ասաց Արման Թաթոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter