
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Մայիսի 5-ին աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր՝ մայիսի 6-ի առավոտյան Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այս մասին տեղեկություն է հրապարակել ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
Այցից հետո ԱԳՆ-ում կայանալու է Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: Աշխատանքային այցի շրջանակներում նախատեսված է հանդիպում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:
Կեսօրին նախատեսված է Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսը:
Երեւանյան այցից հետո նախատեսվում է Լավրովի այցը Բաքու։ Ինչպես հայտարարել էր ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, Լավրովը Երևանում և Բաքվում կքննարկի 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունների իրագործումը։
Մեկնաբանել