
Լավրովը Երևանում և Բաքվում կքննարկի եռակողմ հայտարարությունների իրագործումը
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 5-6-ը աշխատանքային այոցվ կլինի Երևանում, իսկ 10-11-ը՝ Բաքվում։ Այս մասին ապրիլի 29-ին կայացած ճեպազրույցին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը աշխատանքային այցով մայիսի 5-6-ը կլինի Երևանում, իսկ 10-11-ը՝ Բաքվում»,- նշել է Զախարովան։
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Լավրովը բանակցություններ է վարելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, շփումների ընթացքում քննարկվելու է երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև փոխգործակցությունը միջազգային հարթակներում։
Զախարովայի խոսքով՝ առաջնահերթ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի և 2021թ․ հունվարի 11-ի համատեղ հայտարարությունների գործնական կիրառմանը։
***
2020թ․ նոյեմբերի 9-ի երեկոյան Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ՝ Արցախում մարտական գործողությունները դադարեցվեցին։ Համաձայն այդ փաստաթղթի՝ հայկական կողմը մինչև դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին հանձնեց Քելբաջարի, Աղդամի և Լաչինի շրջանները։
Լեռնային Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:
Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովում է Արցախի կապը Հայաստանի հետ՝ ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնաց Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:
***
2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից հետո ստորագրվեց համատեղ հայտարարություն, համաձայն որի՝ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերը կազմակերպելու համար ձևավորվեց աշխատանքային խումբ՝ երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ։
Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության
Մեկնաբանել