
Պատվաստված անձինք Հայաստան ժամանելիս հավելյալ հետազոտությունների կարիք չեն ունենա
Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված լինելու փաստը հավաստող փաստաթուղթ՝ պատվաստման սերտիֆիկատ ունեցող անձինք այսուհետ լրացուցիչ ՊՇՌ թեստ հանձնելու կարիք չեն ունենա: Որոշումն ընդունվեց Կառավարության մայիսի 6-ի նիստում։
Ըստ առողջապահության նախարարի պաշտոնակատարի՝ ՊՇՌ թեստի բացասական արդյունքը և կանաչ անձնագիրը հավասարապես կգործեն որպես սահմանի հատման պահանջ: Անահիտ Ավանեսյանը նաև հայտնեց, որ երեկվա դրությամբ 7100 պատվաստված քաղաքացի կա:
«ՊՇՌ թեստի արդյունք չունեցող և թեստավորումից հրաժարվող քաղաքացիները, որոնք ունեն որոշակի սիմպտոմներ, կհոսպիտալացվեն: Սիմպտոմներ չունեցող քաղաքացիները, որոնք կհրաժարվեն թեստավորվել և չեն ունենա պատվաստման մասին հավաստագիր, կմեկուսացվեն»,- տեղեկացրեց նախարարի պաշտոնակատարը:
Մինչև 1 տարեկան երեխաները Հայաստան մուտք գործելիս այլևս ՊՇՌ հետազոտություն կատարելու կարիք չեն ունենա:
Վարչապետի պաշտոնակատարն էլ արձանագրեց, որ զբոսաշրջային ոլորտը վերականգնման շատ թույլ նախանշաններ է ցույց տալիս, և այս առումով կարևոր է արդեն պատվաստված զբոսաշրջիկներին հնարավորություն տալ առանց հավելյալ ստուգումների մուտք գործել երկիր:
Վերջինս արձանագրեց, որ Հայաստանում կորոնավիրուսի 3-րդ ալիքը կայունացման որոշակի միտումներ է ցույց տալիս:
«Ժամանակը և դինամիկան բերում են այն համոզմունքին, որ մենք բավականին լավ ենք կառավարել և կառավարում կորոնավիրուսի համավարակը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ Կառավարության անդամների մեծ մասն արդեն պատվաստվել է Հայաստանում առկա տարբեր տեսակի պատվաստանյութերով:
«Հայաստանը պետք է շատ արագ համալրի «կանաչ երկրների» ցանկը: Հույս ունեմ, որ բիզնեսի ներկայացուցիչները կխրախուսեն իրենց աշխատողներին, որպեսզի ընկերություններում տեղի ունենա պատվաստում: Հիմա մտածում ենք պատվաստում իրականացրած սպասարկման ոլորտի՝ հյուրանոցների, ռեստորանների համար թողարկել պետական հատուկ տարբերանշաններ, որպեսզի մուտքերի մոտ դրանք փակցված լինեն, որպեսզի զբոսաշրջիկները վստահ լինեն, որ աշխատակազմի մեծ մասը պատվաստված է, և նրանք կարող են այդ ծառայություններից օգտվել»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ դիմակների կրման կանոնները պետք է պահպանվեն, և ոստիկանությունը հսկողությունը պետք է ուժեղացնի:
Մեկնաբանել