HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամենաբարդը աճյունի սպասող ծնողին հուսալքված տեսնելն է. Արցախի փրկարարները

«Երբ պատկերացնում ես, թե ինչ կարող է պատահել քո ուշանալու պատճառով, աշխատում ես օպերատիվ լինել, պատերազմի ընթացքում է՛լ ավելի կարևոր էր մեր արագ արձագանքը, շենք էր ռմբակոծվում, փլատակների տակ մարդիկ էին մնում, մենք պիտի արագ դուրս բերեինք նրանց, չգիտեիր` հաջորդ ռմբակոծումը քանի րոպե հետո կլինի։ Մերը աշխատանք չէ, փրկարար լինելն ապրելակերպ է»,- ասում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության արագ արձագանքման ջոկատի հրամանատար Մհեր Ղուկասյանը։

Պատերազմի օրերին ու դրանից հետո փրկարարների աշխատանքը կրկնապատկվել է, հիմա նրանք նաև անհետ կորածների, զոհվածների որոնողական աշատանքներն են իրականացնում։
 

Նոյեմբերի 13-ից Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարները գրեթե ամեն օր (բացառությամբ այն օրերի, երբ որոնողական աշխատանքները չեղարկվում են եղանակային պայմանների կամ ադրբեջանական կողմի անհամաձայնության պատճառով) մի քանի ջոկատով ուղևորվում են ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներ՝ որոնումներ կատարելու։ 

Արցախի Ներքին գործերի նախարարության ԱԻ փրկարար ծառայությունում աշխատում է 57 հոգի։

Ապրիլյան քառօրյայից հետո փրկարարները որոնողական աշխատանքներ իրականացնելու փորձ ունեցել են, բարեբախտաբար, այդ ժամանակ կորուստներն այդքան մեծ չէին, տեղանքի տեղաշարժ գրեթե չէր եղել։ Քառօրյայից հետո որոնողական աշխատանքները տևել են մի քանի օր՝ Լելե Թեփեի տարածքում։

Մհեր Ղուկասյանն ասում է, որ փրկարարները, անկախ հոգեբանական դժվարություններից, պատրաստակամություն են ցուցաբերել մասնակցել որոնողական աշատանքներին։ Ուսումնական բաժնի աշխատակիցներից երկուսը՝ Միքայել Ներսիսյանն ու Մուրադ Գրիգորյանը, պատերազմի օրերից մինչ օրս աշխատում են դիահերձարանում։ 

«Աշխատանքները ծանր էին, բայց հաշվի առնելով, որ տղաները զոհվել են հանուն մեր երկրի, հանուն մեր հողի, հանուն մեր հետագա ապրելու, մենք այդ աշխատանքը սառնասրտորեն կատարել ենք, մենք չէինք մտածում հոգնելու կամ հաց ուտելու մասին, վիճակը ծանր էր, տղաները զոհվում էին, և մեզ մնում էր միայն հնարավորինս արագ նրանց հասցնել իրենց ծնողներին։ Ցավոք, մենք միայն դրանով կարող էինք օգնել»,-պատմում է  Մուրադ Գրիգորյանը։

Ծանր է եղել նաև պատերազմի օրերին։ Հրամանատար Ղուկասյանն ասում է՝ պատերազմի օրերին փրկարարներն ամեն ինչ անում էին։

Որոնումների գնալիս մտածում են, որ թեկուզ մի աճյուն հայտնաբերելով՝ կարող են ծնողին փարատել մի փոքր։

«Մենք մտածում ենք, որ եթե գոնե մի աճյուն կարողանում ենք բերել հասցնել ծնողին, դա ընտանիքի համար սրտի հանգստություն է, էդ պահին չենք մտածում, թե հետո մեզ ոնց կզգանք, որ օրերով էդ պատկերները մեր աչքի առաջից չեն գնա, դա հետո՝ երբ մի քիչ ժամանակ ես ունենում, էդ ժամանակ ես մտածում»,-ասում է Մհեր Ղուկասյանը։

Հոգեբանական դժվարությունները շատ են, զոհվածների ծնողների հետ աշխատելը ծանր է, փրկարարները նրանց հետ աշխատելիս մեծ պատասխանատվություն են զգում։ Ղուկասյանն ասում է՝ ամեն անգամ որոնողական աշխատանքների գնալիս ծնողները հույսով լցված են լինում, որ իրենց տղաների աճյունները կկարողանան գտնել ու ամենաբարդը աշխատանքների ավարտին նրանց հուսալքված տեսնելն է, այդ ժամանակ իրենք էլ իրենց անկարող են զգում։ 

«Պատերազմի ընթացքում դժվարությունները չէինք զգում, քանի որ մտածում էինք՝ վերջում լավ է լինելու, մի քիչ էլ դիմանանք՝ լավ կլինի, բայց ստացվեց հակառակը։ Չէինք պատկերացնում, որ կարող է այսպես ավարտվել»,-ասում է փրկարար Էրիկ Բաղդասարյանը։ 

Փրկարարների հետ հոգեբաններ են աշխատում, Էրիկի խոսքով՝ հոգեբանները նրանց ասել են, որ պատերազմի ազդեցությունն իրենց վրա կզգան ավելի ուշ, հիմա, քանի դեռ աշխատանքի ռիթմի մեջ են, ամեն ինչ ավելի թեթև է թվում։

«Ճիշտ է, վատ գործ ենք անում, բայց մի կողմից էլ՝ լավ բանի համար ենք անում»,-նշում է նա։ 

Էրիկը ցույց է տալիս բակի տաղավարում նստած փրկարարներից մեկին. «Ա'յ, ինքն ամենաուժեղն է, էն որ ասում են` «նյուխով», իր մասին են ասում, էս մեր Սևակն ամբողջ օրը ոտքի վրա է, բայց հենց նստում կամ պառկում է, հիշում է, որ մեջքը ցավում է, գործի ընթացքում դրա մասին երբեք չի հիշում»։

Սևակ Ալեքսանյանը մոտենում է մեզ։ Նա գրեթե ամեն օր մասնակցում է որոնողական աշխատանքներին, հարցնում եմ՝ հոգեբանորեն դժվար ու ծանր չէ՞ որոնողական աշխատանքների մասնակցելը, ինչպե՞ս են կարողանում ամեն օր այդ ամենի միջով անցնել։ Սևակը պատասխանում է. «Իսկ իրենց համար դժվար չէ՞ր իրենց կյանքը հայրենիքին նվիրել»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter