HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Առաջին ընթերցմամբ ընդունվեց ԸՕ-ի փաթեթը. մինչ արտահերթ ընտրություններ փոփոխությունները կյանքի չեն կոչվի

Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում և կից ներկայացված օրենքների նախագծերում փոփոխություն կատարելու «Իմ քայլը» խմբակցության օրենսդրական նախաձեռնությունը: Յոթերորդ գումարման խորհրդարանի մեկնարկից հետո Ազգային ժողովում ձևավորվել էր աշխատանքային խումբ, որը նախաձեռնել էր Ընտրական օրենսգրքի փոփոխությունները:

Աշխատանքային խմբի ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն իր ելույթում ընդգծեց` փաթեթի ընդունումը իշխող մեծամասնության քաղաքական հանձնառություններից է: Պատգամավորը հիշեցրեց, որ նախագիծը շրջանառության մեջ է դրվել մարտին, ապա ուղարկվել Վենետիկի հանձնաժողով: Դանիելյանի խոսքով` երկու առանցքային փոփոխություններն արդեն իսկ արվել են` անցում ամբողջությամբ համամասնական ընտրակարգին, ինչպես նաև ընտրական խախտումների համար վարչական և քրեական պատասխանատվության նոր միջոցներ սահմանելը:

Նախագիծը հրատապ ռեժիմով է ներկայացվել, որպեսզի այն ընդունվի մինչ խորհրդարանի արձակումը, սակայն փոփոխություններում չկա որևէ դրույթ, որն ուժի մեջ է մտնելու մինչ արտահերթ խորհրդարանական ընտրությունները:

Նախագծում որոշ փոփոխություններ ու լրամշակումներ են իրականացվել` հաշվի առնելով նաև Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական եզրակացությունը:

«Նախագիծը, որը քվեարկելու ենք, ցավոք սրտի, չունի որևէ կարգավորում, որը կիրառելի է լինելու հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների համար»,-ասաց Դանիելյանը:

Պատգամավորը կարևորեց այն դրույթը, որ առավել նվազեցվելու է պատգամավորների թվի ավելացման հնարավորությունը, սահմանադրությամբ նախատեսված է նվազագույն թիվ` 101, ինչպես նաև ազգային փոքրամասության չորս ներկայացուցիչ: Ըստ Դանիելյանի` քիչ է հավանականությունը, որ նման խաղի կանոններով պատգամավորական լրացուցիչ տեղեր ավելացվեն:

Դանիելյանի ներկայացմամբ` երրորդ անձանց ինստիտուտը, որը ներառված էր նախնական տարբերակում, հանվել է: Ըստ նախագծի` երրորդ անձինք են հանդիսանում այն կազմակերպությունները (հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ և այլն), որոնց անվանումները ամբողջությամբ կամ մասամբ համընկնում են ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանման հետ կամ որոնց ղեկավար կազմի անդամները ամբողջությամբ կամ մասամբ համընկնում են ընտրություններին մասնակցող կուսակցությունների մշտապես գործող ղեկավար մարմինների անդամների հետ։

Այս դրույթի առնչությամբ մտահոգություն է ունեցել թե՛ իշխող խմբակցությունը, թե՛ ընդդիմությունը:

Փոփոխություններով առաջարկվում է նվազեցնել Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական գրավի չափը: Գործող օրենքով կուսակցությունների դեպքում այն 10 միլիոն դրամ է, առաջարկվում է դարձնել 7,5 միլիոն, դաշինքի դեպքում առաջարկվում է 15 միլիոն դրամ: Եթե կուսակությունների դեպքում անցողիկ շեմը 5%-ից իջեցվում է 4%-ի, ապա դաշինքի դեպքում այն 7 տոկոսից բարձրանում է 8 տոկոս, ընդ որում երեք կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում անցողիկ շեմը կլինի 9 տոկոս, իսկ 4 և ավելի կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում՝ 10 տոկոս:

Փոխվում է նաև քաղաքական կոալիցիաներ ձևավորելու կարգը. առաջնահերթություն է տրվում այն կուսակցությանը կամ դաշինքին, որը ընտրությունների արդյունքով ձայների մեծամասնություն է ստացել: Վերջինս 14 օրվա ընթացքում կարող է քաղաքական կոալիցիա կազմել մանդատների բաշխմանը մասնակցած մյուս կուսակցությունների (կուսակցությունների դաշինքիների) հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է բաշխված մանդատների ընդհանուր թվի 52 տոկոսը ստանալու համար, և նրանք եկել են համաձայնության վարչապետի թեկնածուի վերաբերյալ

Եթե 14 օրվա ընթացքում բաշխված մանդատների ընդհանուր թվի հարաբերական մեծամասնությունը ստացած կուսակցությունը (դաշինքը) քաղաքական կոալիցիա չի ձևավորում, ապա մանդատների բաշխմանը մասնակցած ցանկացած կուսակցություն (կուսակցությունների դաշինք) 7-օրյա ժամկետում կարող է քաղաքական կոալիցիա կազմել մանդատների բաշխմանը մասնակցած մյուս կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է բաշխված մանդատների ընդհանուր թվի 52 տոկոսը ստանալու համար, և նրանք եկել են համաձայնության վարչապետի թեկնածուի վերաբերյալ։

Ավելացվում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվճար եթերաժամանակը: Գործող օրենքով կուսակցությունն իրավունք ունի անվճար օգտվել հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 60 րոպե։ Առաջարկվում է այն դարձնել 90 րոպե, իսկ հանրային ռադիոյի եթերաժամի ոչ ավելի քան 120 րոպեն կդառնա 180 րոպե:

Ազգային ժողովի և 70 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանու ընտրությունների ժամանակ Հանրային հեռուստաընկերությունը պարտավորվում է նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում կազմակերպել հեռուստաբանավեճեր՝ ապահովելով մասնակցության հավասար պայմաններ բոլոր կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար։ Ազգային ժողովի ընտրությունների դեպքում հեռուստաբանավեճերի քանակը չպետք է պակաս լինի 4-ից՝ յուրաքանչյուրն առնվազն 90 րոպե տևողությամբ, իսկ հեռուստաբանավեճերից առնվազն ﬔկին պետք է հրավիրվեն միայն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակների առաջին համարի թեկնածուները։ 

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 82 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Այն երկրորդ ընթերցմամբ կքննարկվի վաղը՝ մայիսի 7-ի երեկոյան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter