HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակամարտությունից տուժած Հայաստանում գտնվող ընտանիքները կստանան Համաշխարհային բանկի աջակցությունը

Մայիսի 7-ին Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն և Հայաստանի Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը ստորագրել են «Աջակցություն հակամարտությունից տուժած ընտանքներին» ծրագրի դրամաշնորհային համաձայնագիրը: Ծրագրային միջոցները տրամադրվում են Պետականաշինության և խաղաղաշինության բազմակողմանի հիմնադրամի (SPF) կողմից՝ 3.72 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ մեկամյա դրամաշնորհի միջոցով: Այս մասին տեղեկացնում է ՀԲ Հայաստանի գրասենյակի հանրային կապերի բաժինը:

Հայաստանի կառավարությունը մշակել է սոցիալական պաշտպանությանն ուղղված արձագանքման լայն փաթեթ՝ զարգացման գործընկերների և հասարակական կազմակերպությունների աջակցությամբ: Այս ծրագիրը կիրականացվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Միասնական սոցիալական ծառայություն» առանձնացված ստորաբաժանման միջոցով: Ծրագրի նպատակն է բարձրացնել հակամարտությունից տուժած ընտանիքների դիմադրողականությունը և նվազեցնել հյուրընկալող ընտանիքների ֆինանսական բեռը՝ հատուկ ուշադրություն դարձնելով  կանանց և խոցելի բնակչությանը:

«Ուրախ ենք ստորագրել այս պատեհաժամ համաձայնագիրը՝ Պետականաշինության և խաղաղաշինության հիմնադրամի դրամշնորհի աջակցությամբ», - ասում է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն: «Այս ծրագիրը չափազանց կարևոր է: Տեղահանված անձանց և նրանց հյուրընկալող ընտանիքներին տրամադրվելիք աջակցությունը կբարձրացնի հակամարտությունից տուժած ընտանիքների դիմադրողականությունը»:

Առաջարկվող ծրագիրը կնպաստի սոցիալական պաշտպանության և զբաղվածության աջակցության այն ծրագրերի ընտրությանը, որոնք ՀՀ կառավարության կողմից մշակված ավելի լայն աջակցության փաթեթի մաս են կազմում ուղղված տեղահանվածներին և նրանց հյուրընկալող ընտանիքներին:

Ծրագրի նպատակներն են.

  • Աջակցել շուրջ 11,530 տեղահանված անձանց՝ վճարելով նրանց ամսական դրամական նպաստ նվազագույն աշխատավարձի չափով (68,000 դրամ), ըստ Հայաստանում գտնվող չափահասի/երեխայի, մինչև 4 ամիս տևողությամբ:
  • Ապահովել դրամական օգնություն/եկամտային աջակցություն Հայաստանի 3,975 ընտանիքներին, որոնք հյուրընկալել են տեղահանված մարդկանց, հիմնական կարիքները հոգալու նպատակով:
  • Ժամանակավորապես սուբսիդավորել զբաղվածության ծրագիր 936 տեղահանված անձանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել աշխատանքային փորձ Հայաստանում և նպաստել նրանց մասնակցությանը աշխատաշուկային և տնտեսական ներգրավվածությանը:
  • Աջակցել 115 տեղահանված անձանց հանրային աշխատանքների ծրագրի միջոցով (դրամ աշխատանքի դիմաց):

«Ծրագիրը նախատեսված է օգնելու մասնավորապես հակամարտությունից տուժած կանանց»,- ասում է Համաշխարհային բանկի աշխատանքային խմբի ղեկավար Մադալենա Հոնորատին: «Անցյալ դեկտեմբերին իրականացված բազմաոլորտային կարիքների արագ գնահատման համաձայն՝ կանայք կազմում են տեղահանված չափահաս բնակչության 70 տոկոսը: Դրամական փոխանցումները կօգնեն նրանց ամենօրյա կտրվածքով բավարարել իրենց հիմնական կարիքները: Ավելին՝ ծրագիրը կբարձրացնի տեղահանված ընտանիքների դիմադրողականությունը և կխթանի սոցիալական համախմբվածությունը նրանց հյուրընկալող համայնքներում»:

Պետականաշինության և խաղաղաշինության հիմնադրամը Համաշխարհային բանկի կողմից կառավարվող գլոբալ հիմնադրամ է` անկայունության, հակամարտության և բռնության իրավիճակներում զարգացման կարևորագույն գործողությունների և վերլուծության ֆինանսավորման համար: Հիմնադրամին սիրով աջակցում են Ավստրալիան, Դանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Շվեդիան, Շվեյցարիան, Միացյալ Թագավորությունը և Համաշխարհային բանկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter