HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ-ն քննարկեց ցեմենտի և կլինկերի ներմուծման համար պետական տուրք սահմանելու նախագիծը

Խորհրդարանի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվում է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որը վերաբերում է ցեմենտի և կլինկերի ներմուծումը կանոնակարգելու և տուրք սահմանելու հարցերին: Նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը: Նախարարի խոսքով` սկզբնական տարբերակն ուղղված է եղել նրան, որ երկրի տնտեսական պոտենցիալը պահպանվի, և առկա ցեմենտի երկու գործարանը աշխատի, սակայն նախագիծը չի ընդունվել հանձնաժողովի կողմից:

Ըստ Քերոբյանի` որոշվել է առաջինից երկրորդ ընթերցմամբ ներկայացնել այն կարգավորումները, որը գործել է մինչ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը` այն տարբերությամբ, որ ցեմենտի ներմուծման տուրքը փոքր-ինչ ավելանա:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հարակից զեկուցող Բաբկեն Թունյանը ներկայացրեց հարցի նախապատմությունը, ըստ որի՝ 2018 թվականին որոշակի տնտեսական իրողություններով պայմանավորված՝ իրանական ցեմենտի սակագինը բավականին էժանացել է, և ներմուծումը մի քանի անգամ ավելի էժան է դարձել, քան Հայաստանում արտադրվողը: Դրան զուգահեռ ավելացել է նաև ցեմենտի հումքի` կլինկերի ներմուծումը:

«Տեղական արտադրողներին պաշտպանելու նպատակով Կառավարությունն առաջարկեց պետական տուրք սահմանել ներկրվող ցեմենտի ու կլինկերի համար: 2019-ի մարտին Կառավարությունը խորհրդարան ուղարկեց նախագիծ, որով առաջարկում էր 22 հազար դրամ տուրք` ներկրվող յուրաքանչյուր տոննա ցեմենտի և նույնքան գումար` կլինկերի համար: Նախագիծը բուռն քննարկվեց, տնտեսական հարցերի հանձնաժողովը մի կողմից Կառավարության հետ էր բանավիճում, մյուս կողմից` ԲՀԿ-ի: Էն ժամանակ մեզ ասում էին` եթե սա չընդունվի, ցեմենտի արտադրությունը կմեռնի, բոլորը կսկսեն կլինկեր ներմուծել»,-ասաց Թունյանը:

Պատգամավորի խոսքով` օրենքի ընդունումից հետո աշխատանքային քննարկումներ են իրականացրել թե ցեմենտ արտադրող, թե ներմուծող ընկերությունների հետ, ուսումնասիրել վերջիններիս հաշվետվությունները` գալով կոնսենսուսի, որ լինի 14 հազար դրամ տուրք ցեմենտի ներմուծման համար, իսկ կլինկերի համար` զրոյական տուրք: Ըստ Թունյանի, ընդդիմախոսները պնդում էին, որ նման փոփոխությունները բերելու են տեղական ցեմենտի կործանման:

Այդ մեխանիզմը պահպանվում է մինչ 2020 թվականի տարեվերջ, դեկտեմբերի 28-ին խորհրդարանն արտահերթ նիստով պետք է քննարկեր պետական տուրքի մասին օրենքում փոփոխությունները, որով  առաջակվում էր գործող ռեժիմը ևս վեց ամսով երկարացնել, սակայն անհրաժեշտ ձայներ չլինելու պատճառով նախագիծը չընդունվեց:

«Ստացվեց այնպես, որ այս տարվա սկզբից ցեմենտ և կլինկեր կարելի էր ներմուծել առանց տուրքի: Տեղական արտադրողներին պաշտպանելու համար Կառավարությունն ուղղակի արգելեց ցեմենտի ու կլինկերի ներմուծումը, հետո կլինկերինը բացեցին, ու էս պահին ցեմենտ չի թույլատրվում ներմուծել մինչև հուլիսի ութը: Մեզ ասում էին` 14 հազար դրամը քիչ է, իսկ որ կլինկերի վրա տուրք չկա, դրա հետևանքով տեղական ցեմենտի կործանում ենք ունենալու»,-ասաց Թունյանը:

Պատգամավորը ներկայացրեց մի քանի ցուցանիշ, ըստ որոնց՝ տեղական արտադրությունը ոչ միայն չի նվազել, այլ ավելացել է, այսպես՝ «Արարատցեմենտի» արտադրությունն աճել է 443 հազար տոննայից դառնալով 534 հազար տոննա, «Հրազդան ցեմենտինը»` 30 հազար տոննայից աճել է 90 հազար տոննայի: Ցեմենտի ներմուծումը կրճատվել է 287 հազար տոննայից դառնալով 152 հազար տոննա, իսկ կլինկերի ներմուծումը 118 հազար տոննայից նվազել է 91 հազար տոննայի:

«Այսինքն մեր ընդունած օրենքի արդյունքը եղել է այն, որ տեղական արտադրողների ծավալները աճել են, իսկ ներմուծումը նվազել, ու դա տեղի է ունեցել շինարարության անկման պայմաններում»,-ասաց նա:

Բաբկեն Թունյանի խոսքով` Կառավարությունն առաջարկում էր 25 հազար դրամ տուրք` մեկ տոննա ցեմենտի ներկրման համար և 9 հազար դրամ տուրք` մեկ տոննա կլինկերի ներմուծման համար: Նախագիծը մանրամասն քննարկվել է հանձնաժողովի նիստում, որի ժամանակ պատգամավորները համոզմունք են հայտնել, որ նման տուրքի սահմանումը վնասելու է ներմուծմանը, իսկ «Շինցեմենտ» ընկերությունը դուրս է մղվելու շուկայից:

«Իսկ այդ ընկերության գործունեությունը գերակշիռ դիրք ունեցող տեղական տնտեսվարողի գնային ախորժակը զսպող կարևոր գործիքներից է: Այդ դեպքում ունենալու ենք շուկայի մոնոպոլիզացիա, եթե Արարատցեմենտը մրցունակ է ու շահույթով է աշխատում, իսկ մյուս ընկերությունը` Հրազդան ցեմենտը շահույթով չի աշխատում, խնդիրը իրանական ցեմենտը չէ: Եւ շուկայի առաջացած բաց մասը ոչ թե վնասով աշխատող ընկերությունն է գրավելու, այլ այն, որը շահույթով է աշխատում»,- ասաց նա:

Թունյանը հիշեցրեց, որ հանձնաժողովը նախագծին բացասական եզրակացություն է տվել, որից հետո Կառավարությունում, փոխվարչապետ Ավինյանի գլխավորությամբ ունեցել են աշխատանքային քննարկում և եկել այն եզրակացության, որ ցեմենտի ներկրման դեպքում լինի 14 հազար տուրք տոննայի համար, կլինկերի համար` 2000 դրամ տուրք:

Լրացում 18:10

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter