
Առողջապահության նախարարությունը նախատեսում է բուժաշխատողների ռեգիստր ստեղծել
Հայաստանի առողջապահության նախարարությունը մտադիր է բուժաշխատողների ռեգիստր ստեղծել։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել մայիսի 7-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով կառավարությանը վերապահված է բուժաշխատողների ռեգիստրի ստեղծման լիազորություն:
Ռեգիստրի ստեղծման նպատակն է առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող բուժաշխատողների վերաբերյալ տվյալների հավաքումը, հաշվառումը, պահպանումը, ուսումնասիրումը, վերլուծությունը, կանխատեսումը և օրենքով նախատեսված դեպքերում դրանց փոխանցումը:
Ըստ առողջապահության նախարարության՝ 2020 թվականի կորոնավիրուսային հիվանդությամբ և ռազմական դրությամբ ստեղծված իրավիճակը ցույց տվեցին բժշկական անձնակազմի տեղակայման արդյունավետ պլանավորման և կառավարման կարևորությունը: Կենտրոնացված բժշկական աշխատուժի տեղեկատվական համակարգի և տվյալների հավաքագրման իրավական կարգավորման բացակայությունը դժվարացրեց անձնակազմի արդյունավետ տեղակայման և կորոնավիրուսային հիվանդության բուժման վերաբերյալ անհրաժեշտ դասընթացների կազմակերպումը:
Ուստի այս նախագծով առաջարկվում է հաստատել բուժաշխատողների ռեգիստրի ձևավորման և վարման կարգը, որը հիմք կհանդիսանա առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող բժշկական մասնագետների վերաբերյալ տվյալների հավաքման, հաշվառման, պահպանման, ուսումնասիրման, վերլուծության, կանխատեսման և օրենքով նախատեսված դեպքերում փոխանցման համար:
Նախագծում նշված է, որ կառավարության հավանությանն արժանանալու դեպքում որոշումն ուժի մեջ կմտնի 2023թ․ հունիսի 1-ից։
Մեկնաբանել