
Է. Մարուքյան. «Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել, որ կառավարման հետ կապված խնդիրներ ունի»
2018 թվականի հեղափոխությունը եղել է գործող համակարգի դեմ, այլ ոչ թե անձերի: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցներին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձևավորած «Հայաստան» դաշինքին:
Հիշեցնենք, որ «Վերածնվող Հայաստան» և ՀՅԴ կուսակցությունների հետ Ռոբերտ Քոչարյանը դաշինքով է մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
Դաշինքը երեկ Ազատության հրապարակում հրավիրել էր հանրահավաք: Ըստ Մարուքյանի` եթե նախկին իշխանությունները մտածում են, որ կարող են իշխանության գալ, սխալվում են, քանի որ իրենք նույն համակարգի ներկայացուցիչն են:
Մարուքյանի վստահեցմամբ՝ նախկին իշխանություններին պատկանող հեռուստաընկերություններն իրեն քաղաքական հաղորդումներում եթերի չեն հրավիրում շուրջ մեկ տարի:
«Բա եթե դուք իշխանության գաք, ինչ են անելու, դուք ինչ Հայաստան եք առաջարկում, որտեղ խորհրդարանական խմբակցության ղեկավարին եթեր չեն տալիս»,- ասաց Մարուքյանը: Մարուքյանն ասաց` միանշանակ է, որ մարդիկ չեն ցանկանում տեղափոխվել հին Հայաստան, մարդիկ այլընտրանք են ցանկանում, որն, ըստ նրա, կարող է լինել «Լուսավոր Հայաստանը»:
27 տարի երկիրը ղեկավարել են նախկինները, երեք տարի` Նիկոլ Փաշինյանը: «Այս տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել, որ կառավարման հետ կապված խնդիրներ ունի, չի կարողանում կառավարել, նրա նշանակած ԱԱԾ տնօրենը և ոստիկանապետը մեկը Քոչարյանի թիմում է, մյուսը` Սարգսյանի: Պատկերացնում եք սա իր կադրային քաղաքականությունն է»,- ասաց նա:
Մեկնաբանել