
Փաշինյանն իր թիմի ամենամեծ առաքելությունը համարում է քաղաքացուն որոշելու իրավունք տալը
Առաջիկայում սպասվում է սենսացիոն նորություններից մեկը, 2021 թվականի հունիս-հուլիս ամիսներին Սևանա լճի մակարդակը ամենաբարձրը կլինի վերջին 60 տարվա ընթացքում:
Այս մասին ԱԺ հատուկ նիստում ասաց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը` ընդգծելով, որ դա արդյունքն է ջրային ռեսուրսների կառավարման բոլորովին նոր որակի:
Փաշինյանի խոսքով` իրեն շատ են քննադատում թավիշի համար` պնդելով, որ գործող Կառավարությունը պետք է կոշտ քայլեր ձեռնարկեր:
«Թավիշը 2020 թվականին մեզ փրկել է քաղաքացիական պատերազմից, սա իրողություն է: Մեզ մեղադրում են, ասում են կառավարման ձախողում կա, բայց փա”ստ էր, որ հետպատերազմյան ճգնաժամը այսպես էր կառավարվելու, հետպատերազմյան ճգնաժամը տեսեք ինչ մթնոլորտում է: Մենք թուքումուր էլ ենք կերել, հայհոյանք էլ, բայց ունենք այն, ինչ ունենք, և դա ճգնաժամի կառավարման շատ էական օրինակ է: Էդ աղետից հետո մի կրակոց չի հնչել, մենք հասկանում ենք խոսքն ինչի մասին է»,- ասաց Փաշինյանը:
Փաշինանի խոսքով` մեկ տարի է՝ ընդդիմախոսները գուժում են սովի, ֆինանսատնտեսական համակարգի կոլապսի, տնտեսական փլուզման մասին:
«Ոչ մեկ հարց չի տալիս, մակրոտնտեսական կայունությունը բոլոր ոլորտներում կառավարումը ձախողած Կառավարությունը ոնց կարողացավ պահի»,- ասաց նա:
Վարչապետի պաշտոնակատարը, անդրադառնալով կորոնավիրուսի համավարակին, ասաց, թե «քոռ դանակով կոնկրետ օրինակներ էին աչքը մտցնում», թե այսինչ երկիրը ինչպես է պայքարում համավարակի դեմ: Փաշինյանը հարց հնչեցրեց, թե ինչու այժմ նման համեմատականներ չեն իրականացնում: Նա խոսեց նաև ԱԺ քննիչ հանձնաժողովի մասին` հեգնելով, թե արդյոք վերջինս չի բացահայտել հանցավոր կառավարության գործունեությունը:
«Հիմա էլ ասելու են` ԱԺ-ն լուծարվեց, չհասցրինք, ոչինչ հաջորդ խորհրդարանում էլ թող նույն հանձնաժողովը գործի»,- ասաց նա:
Փաշինյանը խոսեց նաև քաղաքական փոփոխությունների մասին, որոնք տեղի են ունեցել հետհեղափոխական Հայաստանում: Վարչապետի պաշտոնակատարը հիշեցրեց, որ խորհրդարանն ընդունել է «Կուսակցությունների մասին» նոր օրենքը, որտեղ հեղափոխական նշանակության փոփոխություններ են եղել, ինչպես` խորհրդարանական ընտրություններում համամասնական ցուցակը համաժողովի ընթացքում փակ գաղտնի քվեարկությամբ կազմելը: Փաշինյանի վստահեցմամբ` ինստիտոցիոնալ պայմաններ են ստեղծել, որ կուսակցությունները լինեն կուսացկություն և ոչ թե սեփականություն: Փաշինյանը նաև հավելեց, որ առաջին անգամ է խորհրդարանական ընտրություններ լինելու ամբողջությամբ համամասնական ընտրակարգով:
«Ես ուրախ եմ, որ այդ փոփոխությունները իրականացնելու քաղաքական կամք ենք դրսևորել»,- ասաց նա:
Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ առաջիկա ընտրությունների վերաբերյալ հանրության շրջանում արված հարցումներին` ընդգծելով, որ մարդկանց մոտ հարց չի առաջանում, թե ով է հաղթելու:
«Հինգ տարի առաջ ասում էին` դե մենք ինչ ենք որոշում, էսօր չեք գտնի մի քաղաքացու, որն ասի` ես ինչ եմ որոշում, որովհետև քաղաքացին գիտի, որ ինքը որոշում է, և սա մեր թիմի մեր ամենամեծ առաքելությունն է, և դա իրականացնելու ենք մինչև վերջ: Եթե նույնիսկ ուզենանք էլ կեղծել չենք կարող, հանրությունը որևէ մեկին թույլ չի տա արդյունքները կեղծել»,- ասաց Փաշինյանը` ընդգծելով, որ փոփոխություններն անշրջելի են:
Լուսանկարը` Անի Սարգսյանի
Մեկնաբանել