HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստանը, օգտվելով ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախաձեռնությունից, պետք է փորձի իր դիրքորոշումը կոշտացնել»

«Հետքի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Կայծ Մինասյանը

-Պարոն Մինասյան, Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն օրերս ԱԺ-ում հայտարարել է, որ Մինսկի խմբի համանախագահությունը, կարծես, վերակենդանացման նշաններ է ցույց տալիս։ Մասնավորապես, նշել է. «Լիահույս ենք, որ կունենանք ուժեղ համանախագահություն, որը ոչ թե կհետեւի, այլ կհամակարգի գործընթացները»։ Ի՞նչ կարող է փոխել Մինսկի խումբը ստեղծված իրավիճակում՝ հաշվի առնելով, որ կարգավորման թելերն, ըստ էության, իր ձեռքն է առել Ռուսաստանը։

-Նախ պետք է նշել, որ հայկական շահերից զատ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն ստիպված են իրենց ազգային շահերի համար ավելի աշխույժ լինել Մինսկի խմբի գոյության շուրջ։ Պատերազմի ժամանակ եւ նոյեմբերի 9-ի զինադադարի կոչում Արեւմուտքը բացակա էր։ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն ճանաչում են այդ փաստաթուղթը միայն այն պատճառով, որ այլեւս պատերազմ չկա, իսկ մնացած կետերը Փարիզը եւ Վաշինգտոնը չեն ճանաչում, քանի որ միայն Մինսկի խումբը կա, որն օրինավոր է զբաղվելու եւ գտնելու Ղարաբաղյան հարցի քաղաքական լուծումը։ Հետեւաբար, Ֆրանսիան եւ գլխավորապես ԱՄՆ-ն սկսեցին զրոյից կամաց-կամաց վերականգնել Մինսկի խումբը՝ սկսելով գերիների վերադարձի հարցից։ Դա ամենահեշտ կետն է՝ ըստ իրենց։ Եթե կարողանան կատարել այդ կետը՝ փրկելով մեր գերիներին, այդ դեպքում ավելի դյուրին կլինի բանակցել այլ կետի շուրջ։

Երկրորդ կետը Ղարաբաղի կարգավիճակն է։ Այս պահին Ռուսաստանը դեմ չէ, որ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն փորձեն վերականգնել Մինսկի խումբը, քանի որ չի ցանկանում միայնակ դեմ-դիմաց լինել Թուրքիայի հետ։ Եվ իր շահերից է բխում բանակցությունների շարունակությունը Մինսկի խմբի ձեւաչափով։ Ռուսները այդ խնդիրը պետք է օգտագործեն որպես լծակ թե՛Հայաստանի, թե՛ Ադրբեջանի վրա՝ ցույց տալով Արեւմուտքին, որ Ռուսաստանը խաղաղության է ձգտում, միաժամանակ փորձելով հանգստացնել Արեւմուտքին, որը Ռուսաստանի դեմ ուրիշ քարտեր ունի՝ Ուկրաինայի, տնտեսական պատժամիջոցների հարցեր եւ այլն։ Այդ պատճառով եթե բանակցություններն առաջնահերթ սկսեն գերիների վերադարձի, ապա կարգավիճակի հարցով, կնշանակի՝ բոլորը դրական կեցվածք ունեն, բացի երկու պետությունից՝ Թուրքիայից եւ գլխավորապես Ադրբեջանից, որը աստիճանաբար պիտի անդրադառնա, որ Ղարաբաղյան հարցը չի լուծվել։

-Բաքուն բազմիցս հայտարարել է, որ Ղարաբաղյան հարցն այլեւս լուծված է համարում։

-Հայաստանն էլ այդպես ասաց 1994-ին, որ պատերազմն այլեւս վերջացած է, բայց տեսանք իրականությունը։ Բաքուն ուրիշ բան չի կարող ասել։ Ղարաբաղի հարցը լուծված չէ։ Իսկ Բաքուն պետք է հակառակն ասի, որ այլեւս Ղարաբաղյան հարցը լուծված է, պետք է ստորագրել խաղաղության պայմանագիր Հայաստանի հետ եւ այլն։ Սակայն Հայաստանի ինքնիշխանության, իրավունքների համար կարեւոր է, եւ այդ պատճառով ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան «փրկեցին» Հայաստանին՝ որպես բանակցություններին ինքնուրույն մասնակցողի, որպեսզի շունչ առնեն եւ զբաղվեն հայտարարության կետերի իրականացմամբ՝ գերիների վերադարձով եւ կարգավիճակի ճանաչմամբ։

Բայց ստեղծված իրավիճակում կարեւոր է, թե ով կլինի Հայաստանի հաջորդ վարչապետը։ Եթե, օրինակ, ասենք, թե շատ հավանական է, որ Նիկոլ Փաշինյանը կհաղթի, ըստ իս, չգիտենք, թե Ռուսաստանը Հայաստանին այնպես կօգնի՞, ինչպես Քոչարյանի ընտրվելու դեպքում։ Այդ դեպքում վստահ եղեք, որ Ռուսաստանն ավելի ուժ պետք է տա Հայաստանին՝ ցույց տալու համար, որ Քոչարյանը փրկիչ է եւ այլն, սակայն Արեւմուտքն արդյոք կօգնի Հայաստանին այդ դեպքում,թե՞ ոչ։

Դրա համար անորոշ իրավիճակ է, չգիտենք՝ ով կհաղթի։ Եվ այդ գործընթացը կապված է Ղարաբաղի հետ, իսկ Ղարաբաղի պրոցեսը կապված է ընտրապայքարի եւ դրա արդյունքի հետ։

-Նախորդ ամիս Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահներն իրենց ունեցած հեռախոսազրույցում պայմանավորվել են վերսկսել Ղարաբաղյան հարցի կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի ջանքերը եւ առաջիկա օրերին հանդես գալ կոնկրետ նախաձեռնություններով։ 44-օրյա պատերազմի ժամանակ Մինսկի խմբի համանախագահող երկիր Ֆրանսիան փաստացի լուսանցք մղվեց։ Ինչո՞վ եք պայմանավորում Ֆրանսիայի ակտիվացումն այս հարցում։

-Դա պայմանավորված է երկու հանգամանքով: Առաջինը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ոչ մի դիվանագիտական արդյունք չունի իր ընտրվելուց ի վեր, այսինքն՝ 4 տարի ոչ մի դրական արդյունք չկա ոչ մի տեղ՝ լինի Արեւմուտքում, Աֆրիկայում, Ռուսաստանում, Ուկրաինայում: Ֆրանսիան կփորձի ունենալ դրական արդյունք Ղարաբաղի հարցում։ Երկրորդ՝ Ֆրանսիան պետք է մտնի ընտրապայքարի մեջ թե՛ առանձին շրջանների ընտրություններում, թե՛ գլխավորապես նախագահական ընտրություններում։

Ֆրանսիան փորձեց վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն չհաջողվեց: Հիմա ձեռքում ունենալով Ղարաբաղյան հարցը, համագործակցելով Ռուսաստանի հետ Մինսկի խմբի համանախագահության մեջ, հարաբերությունների շտկման համար այդ լծակը կունենա: Բայց այստեղ էլ անորոշ վիճակ է, որովհետեւ չգիտենք՝ ֆրանսիացիները կհաջողե՞ն, թե՞ ոչ, մանավանդ, որ Ֆրանիան միայնակ զորավոր չէ։

-Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի երեւանյան այցի օրակարգում Ղարաբաղի շուրջ նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի պայմանավորվածությունների քննարկումն էր ՀՀ իշխանությունների հետ։ Չե՞ք կարծում, որ Լավրովի այցի հիմնական պատճառն այն է, որ այդ պայմանավորվածությունները փակուղի են մտել, քանի որ Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ի համաձայնագրի 8-րդ կետը, ինչն էլ հանգեցնում է հունվարյան համաձայնության կետերի առկախմանը։

-Բարդ հարց է։ Լավրովը, տարածաշրջան այցելելով, ցանկանում է ցույց տալ հատկապես Հայաստանին եւ Ադրբեջանին, իսկ գլխավորապես Արեւմուտքին, որ Ռուսաստանը միջնորդ է եւ ձեռք ունի այդ խնդիրը լուծելու համար: Իսկ արդյոք ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան Ռուսաստանին որպես գլխավոր միջնորդ կճանաչեն Ղարաբաղյան հարցում։ Եթե այդպես է, ապա Լավրովն իր պատասխանատվության մեջ է՝ ասելով, որ պետք է փորձի լուծում գտնել, բանակցային սեղանի շուրջ նստեցնել Հայաստանին եւ Ադրբեջանին:

Սակայն ուրիշ հարց էլ կա. ներկայում Հայաստանը եւ Ադրբեջանը վստահաբար պետք է կոշտ դիրքորոշում ունենան, քան մի քանի ամիս առաջ էր: Ադրբեջանը կհասկանա, որ Ղարաբաղի հարցը չի լուծվել, իսկ Թուրքիան այլեւս այնքան աշխույժ չէ, ինչպես նախկինում: ԱՄՆ նախագահ Բայդենը ընդունեց Հայոց ցեղասպանությունը, եւ Էրդողանը կփորձի լավ աշակերտ լինել:

Եվ երրորդ՝ Հայաստանը, օգտվելով ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախաձեռնությունից, պետք է փորձի իր դիրքորոշումը կոշտացնել։ Այդ պայմաններում պետք է դիտարկել Լարվովի այցը։ Բայց այնքան էլ հեշտ չէ Ռուսաստանի համար, որովհետեւ այնքան խաղաց երկու ճակատներում. մի կողմից՝ Թուրքիայի, մյուս կողմից՝ Արեւմուտքի հետ: Դա կամաց-կամաց սահմանափակում է նրա գործելակերպը, եւ մի օր պետք է որոշի, թե ում հետ պետք է աշխատի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter