
Երուսաղեմում վերսկսվել են բախումները ոստիկանության և պաղեստինցիների միջև. կան տասնյակ զոհեր և վիրավորներ
Իսրայելի իշխանությունները, պաղեստինցիների և Իսրայելի ոստիկանության միջև տեղի ունեցած բախումների ու Գազայի հատվածից քաղաքի ուղղությամբ արձակված հրթիռներից հետո, Երուսաղեմի Լացի պատին հարակից թաղամասերն ազատել են պաղեստինցիներից: Այդ մասին երկուշաբթի օրը` մայիսի 10-ին հայտարարել են Իսրայելի իրավապահ մարմինների ներկայացուցիչները:
Վերջիններիս տվյալներով` Երուսաղեմում միացել են տագնապի ազդանշանները, որոնք զգուշացրել են հրթիռային հարվածների մասին: Իսրայելի պաշտպանության բանակի մամլո ծառայությունից նշել են, որ առնվազն մեկ հրթիռ հնարավոր է եղել որսալ «Երկաթե գմբեթ» համակարգի միջոցով: Իսրայելի զինված ուժերը կրակ են արձակել Բեյթ Խանուն քաղաքի ուղղությամբ, որը գտնվում է Գազայի հատվածի հյուսիս-արևելքում: Ինչպես պնդում է պաղեստինյան Alquds թերթը, զոհվել է առնվազն 20 պաղեստինցի, որոնցից 9-ը երեխաներ են։
Երուսաղեմում պաղեստինցիների և Իսրայելի ոստիկանության միջև բախումները վերսկսվել էին մայիսի 10-ին: Բախումների արդյունքում տուժածների թիվը գերազանցել է 300-ը, ևս 50 մարդ հոսպիտալացվել է: Պաղեստինյան WAFA գործակալության փոխանցմամբ` Իսրայելի ոստիկանությունը պաղեստինցիներին ձերբակալել է Արևելյան Երուսաղեմի Շեյխ Ջարահ արվարձանում: Մայիսի 10-ի երեկոյան լուրեր էին տարածվել, որ «Իսլամական ջիհադ» խմբավորումը հրթիռակոծել է Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվը, սակայն ավելի ուշ Իսրայելի զինված ուժերը հերքել են այդ լուրը։
Իսրայելի ոստիկանությունը, փորձելով խուսափել միջէթնիկ բախումներից, մայիսի 10-ին արգելել է հրեաներին դրոշներով երթի դուրս գալ Երուսաղեմի պատմական հատվածում և այցելել Տաճարի լեռ, որտեղ գտնվում էին Ալ Աքսա և Ժայռի գմբեթ մզկիթները: Տաճարի լեռան վրա եղել նաև հրեական երկու տաճարներ, որոնցից վերջինը կործանվել է հռոմեացիների կողմից` մեր թվարկության 70 թվականին: Լացի պատը այդ տաճարի միակ մնացորդն է և հրեաների գլխավոր սրբատեղին:
Վերջին երեք օրերի ընթացքում հարյուրավոր մարդիկ են տուժել Ալ Աքսա մզկիթի շրջանում պաղեստինցիների և Իսրայելի ոստիկանության միջև տեղի ունեցած բախումների արդյունքում: Ինչպես հայտնել էր Reuters-ը, բախման պատճառ էր դարձել Իսրայելի դատարանի կողմից պաղեստինցի ընտանիքներին այդ տարածքից վտարման հնարավոր որոշումը։ Մայիսի 8-ին տեղի ունեցած բախումների ընթացքում Իսրայելի ոստիկանությունը կիրառել էր ռետինե փամփուշտներ, լուսաձայնային նռնակներ և ջրցան մեքենաներ, իսկ ցուցարարները ոստիկանների ուղղությամբ նետել էին քարեր, պայթուցիկ շշեր և այլ առարկաներ։
Լուսանկարը՝ AHMAD GHARABLI / AFP VIA GETTY IMAGES
Մեկնաբանել