HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պարույր Հայրիկյանի սպանության փորձի գործով դատապարտված Վարդան Սեդրակյանի պատժի կրման ռեժիմը փոխվել է բացի

Պարույր Հայրիկյանի սպանության փորձի գործով դատապարտված Վարդան Սեդրակյանը ցանկանում է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել: Սեդրակյանն այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում էր, որտեղ, դատավոր Վահագն Մելիքյանի նախագահությամբ, ժամը 12:30-ին նշանակված էր պայմանական վաղաժամկետ ազատ արձակման գործով դատական նիստ: Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ նիստը հետաձգվել է այսօր, ավելի ուշ ժամի: Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նանա Նավիկյանը  մեզ հետ զրույցում ասաց, որ 2020-ի տարեվերջին Սեդրակյանի պատժի կրման ռեժիմը փոխվել է բացի։

Նշենք, որ Սեդրակյանը անազատության մեջ է գտնվել շուրջ 8 տարի։ 2013 թվականի սեպտեմբերին նա դատապարտվել է 14 տարի ժամկետով ազատազրկման։ Հայրիկյանի դեմ մահափորձի գործով 14 և 12 տարի ժամկետով ազատազրկման են դատապարտվել նաև, համապատասխանաբար Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարչությունյանը։

Հիշեցնենք, որ Վարդան Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում ՝ լինելով ՀՀ Նախագահի թեկնածու, քարոզարշավի ընթացքում իր մտերիմներ Սամվել Հարությունյանին և Խաչատուր Պողոսյանին 2013 թվականի հունվարի սկզբներին պատվիրել է «Ազգային Ինքնորոշում Միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ Նախագահի մեկ այլ թեկնածուի, քաղաքական գործիչ Պարույր Արշավիրի Հայրիկյանի սպանությունը, նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով, որն իրականացնելու նպատակով զենք ձեռք բերելու համար հանցակիցներին է տվել 1000 ԱՄՆ դոլար, ինչը Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը հավասարապես կիսել են միմյանց միջև։ Սակայն ծրագրված հանցագործությունն իրականացնելու համար Խաչատուր Պողոսյանն օգտագործել է իր կողմից 1995-1996 թվականներին ապօրինի կերպով ձեռք բերված և պահված 1941թ. գործարանային արտադրության 7,62մմ տրամաչափի «HG 201» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակը։

Խաչատուր Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 1995-1996թթ. ՀՀ Բագրատաշեն համայնքի տարածքում քննությամբ չպարզած անձից ապօրինի կերպով ձեռք է բերելով` 1941թ. գործարանային արտադրության 7.62մմ տրամաչափի «HG 201» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ և այդ ատրճանակից կրակելու համար նախատեսված` 9 հատ 7.62մմ տրամաչափի փամփուշտներ, մինչև 2013թ. հունվարի 31-ը դրանք ապօրինի կերպով պահել է տանը:

Սամվել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, իր ընկերոջ` Խաչատուր Պողոսյանի հետ, Հայաստանի Հանրապետության Նախագահի` 2013թ. փետրվարի 18-ի ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանից 2013թ. հունվարի սկզբներին ստանալով պատվեր` «Ազգային Ինքնորոշում Միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ Նախագահի մեկ այլ թեկնածու, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի սպանությունն իրագործելու վերաբերյալ, նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով, տվել են իրենց համաձայնությունը և զենք ձեռք բերելու համար Վարդան Սեդրակյանից ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար:

Լուսանկարում՝ Վարդան Սեդրակյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter