HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ռուբեն Վարդազարյանի բողոքի առանցքային հարցերից մեկը նրա անձեռնմխելությունը հաղթահարված չլինելն է

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Հարությունյանի, այսօր կայացավ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին (լիազորությունները կասեցված են) մեղադրանք առաջադրելու որոշման դեմ բողոքի քննությունը։

Վարդազարյանը դատարան չէր ներկայացել, նիստին մասնակցում էին նրա պաշտպաններ Հովհաննես Խուդոյանն ու Արամ Օրբելյանը։ Նիստը դռնփակ է։ Դրա ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Հովհաննես Խուդոյանն ասաց, որ դատական նիստին գրեթե բովանդակային հարց չի քննարկվել, այն հետաձգվել է՝ լրացուցիչ նյութեր ներկայացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ Թե կոնկրետ ինչ նյութերի մասին է խոսքը, պաշտպանը չհայտնեց՝ դատական նիստի՝ դռնփակ լինելով պայմանավորված։ Բողոքի քննությունը կշարունակվի մայիսի 13-ին։ Խուդոյանը նաև նշեց, որ հաջորդ դատական նիստի ընթացքում քննարկման առարկա կդառնա նիստը դռնբաց անցկացնելու հարցը։

Նշենք, որ Ռուբեն Վարդազարյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեջ։ Վերջինս դատական կարգով բողոքարկել է ինչպես իր վերաբերյալ քրեական գործ հարուցելու, այնպես էլ իրեն մեղադրանք առաջադրելու որոշումները։

Հովհաննես Խուդոյանը լրագրողների հարցին ի պատասխան նշեց, որ բողոքի հիմքում դրված հիմնական խնդիրներից մեկը Վարդազարյանի՝ իբրև դատավորի անձեռնմխելիությունը չհաղթահարելուն է վերաբերում։

Նշենք, որ Վարդազարյանի վերաբերյալ քրեական գործ հարուցելու որոշման դեմ բողոքը քննվում է Երևանի ընդհանուր իրավասության մեկ այլ դատավորի՝ Արմինե Մելիքսեթյանի վարույթում։

Օրեր առաջ մամուլում հայտնվել է ձայնագրություն, որում Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը զրուցակցին, ում ինքնությունը հայտնի չէ, պատմում է, թե ինչպես է Ռուբեն Վարդազարյանը իրեն զանգահարել և փորձել հորդորել, որպեսզի չկալանավորի «Ալավերդցի Վահագն» անունով հայտնի Վահագն Աբգարյանին։

Հատուկ քննչական ծառայությունը հայտնել է, որ այս ձայնագրությունը քննության առարկա կդառնա՝ Վարդազարյանի վերաբերյալ ՀՔԾ-ում քննվող գործի շրջանակներում։ Լրագրողները Խուդոյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի Վարդազարյանը ձայնագրության վերաբերյալ, պաշտպանը, սակայն, նշեց, թե ձայնագրության հրապարակումից հետո պարոն Վարդազարյանի հետ կապ չի ունեցել, դեռևս տեղյակ չէ, թե ինչ դիրքորոշում ունի։

Խուդոյանը նկատեց, որ, կարծես թե, Հայաստանի իրավապահ մարմիններում վերջերս պրակտիկա է դարձել իրենց ապահովության համար տարբեր ձայնագրություններ հավաքելը։

«Կարծում եմ, որ շատ ձայնագրություններ են դեռ ի հայտ գալու։ Մեր իրավապահ մարմիներում վերջերս պրակտիկա է՝ իրենց ապահովության համար տարբեր ձայնագրություններ հետ գցելը»,- ասաց Հովհաննես Խուդոյանը։

Պաշտպանը չհստակեցրեց նաև, թե Վարդազարյանն ինչ դիրքորոշում ունի իր մեղադրանքի վերաբերյալ։

«Քրեական գործով ես ներգրավված չեմ, մեղադրանքի փաստական կողմի մասին կարծիք չեմ կարող հայտնել, այս պահին մասնակցում ենք քրեական գործի հարուցման և մեղադրանք առաջադրելու որոշումների օրինականության բողոքարկմանը անձեռնմխելիության տիրույթում»,- ասաց Խուդոյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter