HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անտառահատումները վերահսկելու սարքավորումը պատշաճ ուշադրության չի արժանանում. նախարարությունը հապաղում է

Հայաստանում ապօրինի հատումները վերահսկելու նպատակով հատուկ սարքավորում է ստեղծվել` Forest Guard-ը, որը տվիչների, այն է` սենսոր համակարգի շնորհիվ որսում է փայտահատման ձայները և կոորդինատները հաղորդում կենտրոնակայան:

Hi-Tech Gateway ընկերության Վանաձորի մասնաճյուղի հիմնադիր և ղեկավար Սվետա Ջաղացպանյանը համակարգել է սարքի ստեղծման գործընթացը: Ասում է, որ սա աշխարհում եղած նույնատիպ սարքերի մեջ ռեկորդային է, քանի որ եղածները 80 մետր տրամագծով են ընկալել ազդանշանը, իսկ Forest Guard-ը սղոցի կամ հրդեհի ազդակները որսում է նվազագույնը 200 մետրից:

Forest Guard սարքը տեղադրվում է ծառի վրա, երբ ծառահատում է տեղի ունենում, ձայնային ազդանշանը ընկալում և հաղորդում է գրասենյակում գտնվող համակարգչին: Բացի դրանից, սարքը զգում է նաև ջերմաստիճանի փոփոխությունը և անտառային հրդեհի դեպքում տեղորոշում և փոխանցում է նաև դրա կոորդինատները:

Նվազագույն տեսանելիության պարագայում յուրաքանչյուր կիլոմետր քառակուսու մոնիտորինգի համար նախատեսված է տեղադրել 25 սարք: Սակայն մասնագետները պետք է տարածքը զննեն, այնուհետև, ըստ դրա, տեղադրեն սարքերը, որովհետև եթե տարածքն ավելի հարթ է, տեսանելիությունը կարող է մեծանալ, եւ հարթ տարածքում հնարավոր լինի, օրինակ, 17 սարքով բավարարվել:  

1 սարքավորման արժեքը 80 դոլար է: Forest Guard-ի մարտկոցները կարող են 6 տարի աշխատել: Սվետան ասում է, որ սարքը շատ շահավետ է, քանի որ նախ նվազագույնի է հասցնում մարդկային գործոնը, նաև կրճատում է ծախսերը. անհրաժեշտ է մեկ անձ, որը համակարգչի դիմաց նստած կհետևի ազդանշաններին: Մարդը կարող է չհասցնել վերահսկել ողջ տարածքը, որը, հաճախ, տասնյակ հեկտարների է հասնում: Եղանակային պայմանները կարող են ոչ բարենպաստ լինել, մինչդեռ Forest Guard-ը գիշեր-ցերեկ աշխատում է:

«Գնային առումով սարքը շատ արդյունավետ է: Եթե մենք ծախսերը բաժանում ենք վեց տարվա վրա, 240 դոլար է նստում ամեն կմ քառակուսին, ինչը ֆանտաստիկ էժան է, եթե հաշվի առնենք, որ սարքը 100 տոկոս արդյունավետությամբ է աշխատում, իսկ մարդը` ոչ: Նաև հաշվի առնենք, որ մարդու վրա շատ ավելի մեծ գումարներ են ծախսվում, ներառյալ` կվադրոցիկլերը կամ մեքենաները, որոնցով մարդիկ վերահսկում են անտառը, ամենօրյա վառելիքը և այլն»,-ասում է Սվետան:

Մինչդեռ 1-2 մարդ կարող է սովորել աշխատեցնել սարքերը և գրասենյակից հետևել ողջ անտառային տարածքին, ազդանշանի դեպքում էլ գնալ կոնկրետ կոորդինատով:

Սարքավորումները պիլոտային փորձարկվել են Լոռիում: Հենց այդ ժամանակ էլ որոշ թերություններ են հայտնաբերվել, ինչից հետո սարքը փոփոխության է ենթարկվել:

«Հետաքրքիրն այն էր, որ այն տարածքում, որտեղ տեղադրվել էին սարքերը, շատ ծառահատումներ էին լինում, և իմանալով, որ այնտեղ արդեն սարքեր են տեղադրվել, հատումները վերացան: Ստիպված մենք էինք գնում և արհեստական ազդանշաններ գեներացնում, կրակ էինք վառում, որ տեսնեինք, թե որ հեռավորությունից է սարքը ջերմաստիճանը զգում»,-պատմում է Սվետան:

Սարքը գրեթե անտեսանելի է` ծառերի գույնի, գողանալու դեպքում ազդանշան է տալիս և ցույց տալիս իր հետագիծը:

Այս սարքի պատվերը բնապահպանության նախարարությունից է եղել, սակայն՝ բանավոր պայմանավորվածությամբ: Նախարարի խորհրդականի հետ հանդիպումներից մեկի ժամանակ անտառներում ծառահատումները վերահսկելու համար սարքերի կարիքի մասին է խոսվել, և Hi-Tech Gateway-ի թիմը լծվել է գործի:

Forest Guard-ի ծախսերը Hi-Tech Gateway-ն է ֆինանսավորել, բացառությամբ 5000 դոլար դրամաշնորհի, որ ստացել են դրա համար:

Սարքը կատարելագործվել է, պատրաստ է, սակայն հիմա էլ պահանջարկ չկա:  

Շրջակա միջավայրի նախարարության հետ պայմանավորվածությունից հետո 3 նախարար է փոխվել: «Ամեն նոր նախարարի հետ մենք նորից բանակցությունների պրոցեսը զրոյից ենք տանում, որովհետև նրանք մեկը մյուսին այդ ինֆորմացիան չեն փոխանցում, որ այդպիսի միտք ու պայմանավորվածություն է եղել: Մենք ստիպված նորից կապ ենք հաստատում, ներկայացնում և այլն: Վերջին նախարարի` Ռոմանոս Պետրոսյանի ժամանակ ինքն ասաց, որ նախօրոք որոշել են manual մոնիտորինգ անել, կվադրացիկլներով: Ես իրեն բացատրեցի, որ դա մեծ ծախսերի հետ է կապված»,- պատմում է Սվետան:

Այս պահին բանակցությունները սառեցված են: Անտառտնտեսության ղեկավարները որոշում կայացնող չեն, սպասում են նախարարի արձագանքին:

«Այս ճգնաժամային պայմաններում, երբ երկրի տնտեսությունը վատացել է, իմ կարծիքով՝ սխալ է այդքան ծախս անել, երբ նաև մարդկային գործոնը շատ մեծ է լինում: Երբեմն անտառում մոնիտորինգ անող աշխատակիցները պայմանավորվում են և թույլատրում են ինչ-որ ապօրինություններ, իսկ սարքերի հետ ոչ ոք չի կարող պայմանավորվել»,- նշում է ծրագրի համակարգողը:

Այժմ սպասողական վիճակում են: Սվետան ասում է, որ քանի որ պարզ չէ` ընտրություններից հետո ինչ իրավիճակ կլինի, բանակցությունները սառեցվել են: 

Իսկ մինչ այդ թիմն աշխատում է Machine Learning-ի վրա, որը կապված է էլեկտրաէներգիայի խնայողության խնդրի հետ: Այդ խնդրի լուծումը խոչընդոտում է, որ կարողանան Machine Learning կիրառել, որովհետև Machine Learning -ի ժամանակ ավելի շատ տվյալներ են փոխանցվելու: Machine Learning -ի ներդրմամբ սարքը կկարողանա ճանաչել ցանկացած ձայն, օրինակ` տարբեր տեսակի կենդանիների ձայները, կփոխանցի նաև դրանց կոորդինատները և այլն: Արգելոցներում կամ հատուկ պահպանվող այլ տարածքներում եւս այն կարող է կիրառվել: Սվետան ասում է, որ եթե այս խնդիրն էլ լուծվի, Forest Guard-ը կդառնա ունիվերսալ սարք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter