HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իշխան Մկրտչյանի ինքնասպանության մասին

Նախաբան

1985թ ապրիլի 24-ին, անհայտ հանգամանքներում, Ռուսաստանի Պերմի մարզի N 36 քաղաքական կալանավայրում վախճանվեց քաղբանտարկյալ Իշխան Մկրտչյանը։

Խորհրդային Միության քաղաքական կալանավայրերում, 1960-ականներից սկսած, եթե չհաշվենք 1977 թ մոսկովյան մետրոյի պայթեցման մեղադրանքով գնդակահարված Ստեփան Զատիկյանին, Հակոբ Ստեփանյանին ու Զավեն Բաղդասարյանին, երեք հայ քաղբանտարկյալ է վախճանվել

1969 թ դեկտեմբերին՝ Հայաստանի պետական անվտանգության կոմիտեի մեկուսարանում, անհայտ հանգամանքներում, վախճանվել է «Հանուն հայրենիքի» ընդհատակյա խմբի գործով կալանավորված Հայկ Իսկանդարյանը:

1984 թ դեկտեմբերին վախճանվել է Հայաստանի հելսինկյան խմբի ղեկավար Էդուարդ Հարությունյանը (քաղցկեղով ծայրաստիճան ծանր հիվանդ՝ մահամերձ Հարությունյանին մահից 12 օր առաջ ազատ էին արձակել, որ մահը կալանավայրում չգրանցվի)։

1985 թ ապրիլի 24-ին՝ Իշխան Մկրտչյանը։

Պետերբուրգցի Դմիտրի Դոնսկոյը միակ մարդն է, որ Իշխանի կյանքի վերջին օրերին շփվել է նրա հետ, եղել նրա կողքին։

Դմիտրին ծնվել է 1958 թ։ 1979-ին կալանավորվել, իսկ 1980-ին ՌՍՖՍՀ քր օր. 64-րդ հոդվածով (հայրենիքի դավաճանություն) դատապարտվել է 7 տարի ազատազրկման, որից 2 տարին բանտային ռեժիմ, 5 տարին խիստ ռեժիմի կալանավայր։ Ազատ է արձակվել 1986-ին։

Վերջերս առիթ եղավ, եւ ես նրան առաջարկեցի գրել Իշխանի հետ անցկացրած վերջին օրերի մասին։ Սիրով համաձայնեց, ինչի համար, իհարկե, շնորհակալություն։

Ինքս վերջին անգամ Իշխանի հետ զրուցել եմ՝ առանց նրան տեսնելու հնարավորության՝ 36-րդ կալանավայրի պատժախցում։ Հրեական շարժման հայտնի ներկայացուցիչ Իոսիֆ Բեգունի հետ միասին ինձ 37-րդ կալանավայրից՝ 1985-ի հունվարի առաջին օրերին տեղափոխեցին 36-րդ ու անմիջապես, հիմա արդեն չեմ հիշում, թե ինչ պատճառաբանությամբ, տարան պատժախուց։

Ինձ համար անակնկալ էր եւ անչափ ուրախալի, երբ պարզեցի, որ այնտեղ՝ կողքի խցերից մեկում, մոսկվացի այլախոհ Ալեքսեյ Սմիրնովի եւ պետերբուրգից Ռոստիսլավ Եվդոկիմովի հետ միասին նստած է Իշխանը։ Խցերն իրար միացնող կոյուղու խողովակների միջոցով նրա հետ խոսելու հնարավորություն ունեինք։ Մի քանի օր՝ մինչեւ իմ կալանավայրից դուրս գալը, զրուցել ենք։ Շատ առույգ էր ու շատ ինքնավստահ։

Ավելի ուշ կալանավայրից դուրս եկան Սմիրնովը եւ Եվդոկիմովը, իսկ Իշխանը դեռ պետք է շարունակեր կրել իր 6-ամսյա պատիժը։

Ապրիլի 24-ից մի քանի օր առաջ պատժախուց տարան Նորիկ Գրիգորյանին (դատապարտվել էր հայրենիքի դավաճանության մեղադրանքով՝ ՌՍՖՍՀ քր օր 64 հոդված) եւ Իրկուտսկից հայտնի այլախոհ գրող Բորիս Չերնիխին։ Չերնիխը եւ Նորիկը նույն խցում են եղել։

Նորիկը հիշում է, որ 23-ի գիշերը՝ քնելուց առաջ, Իշխանը կոյուղու խողովակի միջոցով նրան հայերեն բարի գիշեր է մաղթել, ասելով՝ «բարի գիշեր, ախպեր», իսկ հաջորդ օրն առավոտից մեկուսարանում կասկածելի լռություն է տիրել։ Չերնիխն առաջինն է կասկածել, որ ինչ-որ բան այն չէ։ Անհանգստացած սկսել են կանչել Իշխանին, բայց պատասխան չի եղել։ Հսկիչները սաստել են նրանց ու նույն օրը Նորիկին այլ կալանավայր են տեղափոխել։

Կենսագրություն

Իշխան Մկրտչյանը ծնվել է 1957թ., Արթիկի շրջանի Սարատակ գյուղում: 1978 թ անդամագրվել է 1966-ին հիմնադրված ու ընդհատակում գործող Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) երիտասարդական կառույցը՝ «Հայ երիտասարդների միությունը»: 1978-80 թթ. ակտիվ գործունեություն է ծավալում։

1980 թ. մայիսի 21-ին ձերբակալվում, այնուհետեւ ՀԽՍՀ քր. օր.-ի 65 հոդվածի 1-ին մասով (հակախորհրդային ագիտացիա եւ պրոպագանդա) դատապարտվում է հոդվածով նախատեսված առավելագույն պատժաչափի` 7 տարի ազատազրկում եւ 5 տարի աքսոր:

Դեպի Պերմի մարզում գտնվող քաղաքական բանտարկյալների համար նախատեսված կալանավայրեր էտապի ժամանակ՝ Ռոստովի բանտից Իշխան Մկրտչյանը փախուստի է դիմում: Սա Ռոստովի բանտի երկարամյա պատմության մեջ աներեւակայելի ու նախադեպը չունեցող իրադարձություն էր: Ժամանակ անց նա կրկին կալանավորվում եւ տեղափոխվում է Ռոստովի բանտ, որտեղ դաժանագույն կտտանքների է ենթարկվում: 24-ամյա առողջ երիտասարդը կարճ ժամանակում հիվանդ ու հյուծված հաշմանդամի է վերածվում։ Փախուստի համար նրա պատժաչափին եւս 3 տարի է ավելանում՝ դառնալով 10 տարի ազատազրկում ու 5 տարի աքսոր:

Բայց առողջական լուրջ խնդիրները նրան չէին խանգարում կալանավայրում ամենաակտիվ կալանավորներից մեկի համարումն ունենալ: Մասնակցում էր բողոքի բոլոր ակցիաներին՝ ե՛ւ հացադուլներին, ե՛ւ գործադուլներին: Հաճախ էր հայտնվում պատժախցում: 1985 թ. ապրիլի 24-ին` Եղեռնի զոհերի հիշատակի օրը, պատժիչ մեկուսարանում, 28 տարեկանում նա կնքեց իր մահկանացուն:

1989-ին ընկերների ջանքերով հնարավոր եղավ նրա աճյունը Հայաստան տեղափոխել: Այժմ նա հանգչում է Արթիկի շրջանի իր հարազատ Սարատակ գյուղը շրջապատող բլուրներից մեկի վրա:

Դմիտրի Դոնսկոյի պատմությունը

1985 թ մարտին (օրը չեմ հիշում) ճաշից հետո, երբ մեզ կրկին աշխատանքային գոտի էին ուղեկցում, ինձ հանձնարարեցին մնալ բնակելի գոտում։

Այնուհետեւ ուղեկցեցին բարաք, որտեղ ադմինիստրացիայի ներկայացուցիչը՝ որպես պատիժ ինձ 3 ամսով (կատարածս խախտումների գումարի չափով) ПКТ (Помещение камерного типа/խցային տիպի կացարան) տեղափոխելու մասին որոշումը կարդաց եւ առաջարկեց ստորագրել այն։

-Բայց ես այդ խախտումների համար արդեն պատժվել եմ։

Ջոկի պետը ծամածռվեց

-Ստորագրելու՞ եք։

-Ոչ։

Կար կալանավորական չգրված կարգ՝ չստորագրել ադմինիստրացիայի կողմից կազմված ոչ մի փաստաթուղթ։ Դրանից, ըստ էության, բան չէր փոխվում, բայց, միեւնույն է, պահանջում էին, որ ստորագրենք։ Անգամ խորամանկության էին դիմում։ Ասում էին՝ որոշման հակառակ կողմում գրեք, որ ստորագրելուց հրաժարվում եք։ Ինչից կրկին հրաժարվում էինք, որովհետեւ այդ դեպքում ֆիքսվում էր, որ որոշմանը ծանոթացել ես  ու, փաստորեն, ստորագրելուց հրաժարվելով՝ ստորագրել։

-Գնացեք եւ վերցրեք անհրաժեշտ իրերը,- ասաց պետը։

Ոչ պայուսակ եւ ոչ էլ ճամպրուկ կալանավայրում չկա։ Մեր ողջ ունեցվածքը տեղավորվում էր բարձերեսի մեջ։ Ատամի խոզանակից, ատամ մաքրելու փոշուց եւ տաք սպիտակեղենից բացի այլ ունեցվածք լինել չէր էլ կարող։

Այդ ժամանակ ПКТ-ում էր գտնվում Իշխան Մկրտչյանը։ Ինձ տեղավորեցին նրա խցում։ Պատժիչ մեկուսարանում այդ խուցը մուտքից՝ աջի վրա է։

ПКТ-ում ստիպում էին աշխատել։ Առանձին աշխատանքային խուց կար, որտեղ երկու մամլիչների վրա արդուկի էլեկտրական վահանակներ էինք հավաքում։

Երեկոյան այդ աշխատանքային խցից բերեցին Իշխանին։ Ողջագուրվեցինք։ Նա ինձ մի տեսակ հոգնած էր թվում։ Լսեց կալանավայրային նորությունները, ողջույններ այնտեղից, որ խնդրել էին փոխանցել, բայց, թվում էր, ավելի շատ այլ բան է մտածում; Մտածեցի՝ գուցե նրա վրա մենակությունն է այդպես ազդել։ Նա երկար ժամանակ միայնակ էր ПКТ-ում։

Կալանավայրում նա մշտապես այն մարդկանց հետ էր, ովքեր դիմադրում էին ադմինիստրացիային։ Բոլոր բողոքի ակցիաները ընթանում էին նրա մասնակցությամբ։ Նա ավելի քան ակտիվ էր։ Այս համատեքստում նրա ներկա ինքնամփոփ վիճակը տարօրինակ էր թվում։ Անգամ մտածեցի՝ գուցե վա՞տ է զգում, բայց թուլակամ չերեւալու պատճառով չի ցանկանում բողոքել։ Նա շատ ամուր մարդ էր։

Երկու-երեք օր անցավ։ Ոչինչ չէր փոխվում։ Իշխանը սուս էր, անխոս, ամբողջությամբ իր մեջ ներփակված։

ПКТ-ում բոլոր օրերը միատեսակ են՝ առավոտյան «վերկաց» - նախաճաշ – աշխատանք – ճաշ – աշխատանք - կես ժամանոց զբոսանք՝ զբոսավայր-խցում – ընթրիք։ Երեկոյան՝ քնելուց առաջ, խցում լույսը անջատում են, բայց վառ է մնում դռան վերեւում գտնվող թույլ լույսը՝ հերթապահ լուսավորությունը, որը խցի ներսը հսկիչների համար անընդհատ տեսանելի է պահում։

Աշխատանքային խցում շատ զրուցել չես կարող։ Աղմուկը շատ է՝ օդում սուլոց է՝ հուժկու զարկում է պնեւմատիկ հաստոցը, նաեւ՝ նոր պատժից խուսափելու նպատակով պետք է հասցնես օրվա պլանը կատարել։

Մի երեկո ես սկսեցի հարցուփորձ անել

-Իշխան, ի՞նչ կա, ի՞նչ է քեզ պատահել։

-Ամեն ինչ կարգին է։

-Գուցե հիվա՞նդ ես։

-Չէ։

-Գուցե տնից վատ նամա՞կ ես ստացել։ 

-Չէ։

Խցում ընթրիքից հետո էինք՝ իրար դեմ դիմաց նստած՝ բետոնե սեղանի մոտ։ Եւ հանկարծ նա սկսեց լացել։ Աներեւակայելի էր։ Այդպիսին նրան ես երբեք չէի տեսել։ Սկսեցի թափ տալ նրան։

-Ի՞նչ է կատարվում հետդ։

Իսկ նա պատասխանում է

-Ես նոր տանը՝ Հայաստանում էի, հարազատներիս էի հրաժեշտ տալիս։ Որոշել եմ ապրիլի 24-ին, որպես բողոքի նշան, ինքնասպան եմ լինելու։

Ես ապշած եմ։ Առաջ ընկնելով՝ ասեմ, որ նախորդող ողջ ամսվա ընթացքում մենք տարբեր թեմաներից ենք խոսել։ Շատ ենք խոսել։ Եւ այն, ինչ մտածեցի հենց սկզբից, չհաստատվեց՝ Իշխանը նորմալ էր, սթափ ու տրամաբանված։

Բայց հենց այդ սթափությանը բախվելով՝ փշրվեցին իմ բոլոր փորձերը համոզել նրան, որ հրաժարվի իր այդ որոշումից։ Հորդորներս չէր ընդունում։ Բայց նաեւ ես չէի կարող տեսնել, թե ինչպես է մարդն իմ ներկայությամբ գնում նման քայլի եւ լռել։

Կալանավայր որեւէ լուր փոխանցելու ու այնտեղից աջակցություն ստանալու ոչ մի հնարավորություն չկար։

Ես երկու տարբերակ ունեի՝ կամ դիմում գրել կալանավայրի պետի անունով կամ ուղղակի կանչել ДПНК-ին (Дежурный помощник начальника калонии/կալանավայրի պետի հերթապահ օգնական) եւ ասել նրան, թե ինչ մտադրություն ունի Իշխանը։ Բայց սա մատնություն կնշանակեր։ Ես պետք է մատնեի ընկերոջս:

Այդ հիմա է՝ տասնյակ տարիներ անց, երբ այլեւս գոյություն չունեն կալանավայրային իրավիճակը եւ բարքերը, այն իրականությունը, որի պայմաններում պետք է ընտրություն կատարես, հեշտ է թվում։ Այն ժամանակ ու այն իրավիճակում ամեն ինչ այլ էր։ Բայց, բոլոր դեպքերում, ես որոշեցի, որ ադմինիստրացիան պետք է տեղեկանա։ Ինձ թվում էր, թե նրանք թույլ չեն տա, որ Իշխանը գնա այդ քայլին։

Հերթական անգամ Իշխանին սարսափելի մտադրությունից հետ համոզելիս սկսեցի բարձր վիճել նրա հետ, աղմկել, գոռալ՝ ասելով, որ նա ինքնասպան լինելու իրավունք չունի։ Ծառայողական սենյակը, որտեղ նստած է հերթապահ պրապորշչիկը, մոտ է։ Երբ խցում ձայն չկա, լսելի է, թե ինչպես է այդ սենյակում հեռախոսը զանգում։ Պատժախցի դռները ձայնամեկուսիչ չեն, նրանք ամեն ինչ հոյակապ լսել են։ Այդպես մեկ անգամ չէ, որ վարվել եմ։

Այդպես էլ նրանցից ոչ ոք չմոտեցավ մեր խցին եւ չհարցրեց, թե ինչու ենք աղմկում, ի՞նչ է պատահել։ Մի անգամ ես նույնիսկ ասացի, որ ապրիլի 24-ին ես ոչ մի տեղ էլ չեմ գնա՝ աշխատանքից կհրաժարվեմ ու խցում կմնամ, Իշխանը նեղացավ ինձանից եւ մի երեք օր հետս չէր խոսում։ Մինչեւ վերջին օրը ես հույս ունեի, որ նրան հետ կհամոզեմ։

24-ին նա հրաժարվեց աշխատանքի դուրս գալուց։ Մնաց խցում։ Մենք գրկախառնվեցինք։ Նա ասաց՝ «գնա, ամեն ինչ լավ կլինի»։ Սրանք նրա վերջին խոսքերն են։

Համարյա ողջ օրը ես դռանը կպած եմ մնացել՝ հույսով, որ ինչ-որ բան կլսեմ։ Միայն լսեցի, թե ինչպես մեր խցի դուռը բացվեց եւ քիչ անց՝ փակվեց։ Ոչ զանգ, ոչ խոսակցություններ, ոչ ոտնաձայներ։

Երեկոյան աշխատանքային խցից ինձ այլ՝ մուտքի դռնից ձախ գտնվող խուց տեղափոխեցին։ Իմ իրերն արդեն այնտեղ էին։ Մեր խուց մտնել ինձ չթույլատրեցին։ Մնացած երկու ամիսը ես մենակ եմ նստել։ Ասացին, իբր Իշխանին այլ տեղ են տեղափոխել։ Ու՞ր՝ անհայտ է։ Հունիսին ես դուրս եկա կալանավայրից, հավաքեցի բոլորին ու, ինչպես խնդրել էր Իշխանը, պատմեցի ինչ գիտեի։

Դմիտրի Դոնսկոյ

Վերջաբան

Ի՞նչ է կատարվել Իշխանի հետ նրա կյանքի վերջին շրջանում՝ դժվար բացատրելի է։ Նա ամուր համոզմունքների տեր եւ ամուր կամք ունեցող երիտասարդ էր։ Միաժամանակ ունակ էր ծայրահեղ քայլի գնալու։

Եթե նա որպես բողոքի նշան որոշել էր ինքնասպան լինել, թվում է, պետք է դիմեր այդ քայլին հրապարակավ, որպեսզի մարդիկ նկատեն դա ու պատմեն այդ մասին։ Սրանով են «որպես բողոքի նշան» ինքնասպանությունները տարբերվում առօրյա ինքնասպանություններից։ Նման ինքնասպանությունը քաղաքական ակտ է, որի դեպքում ականատեսների առկայությունը պարտադիր է։

Շատ են այս կարգի ինքնասպանություններ եղել ու դեռ լինելու են։ Խորհրդային երկրի պատմությունը հարուստ է քաղաքական ինքնասպանությունների օրինակներով։

1969-ի հունվարի 16-ին Պրահայի հրապարակում, որպես խորհրդային օկուպացիայի դեմ բողոքի նշան՝ ինքնահրկիզվեց 21-ամյա ուսանող Յան Պալախը։

1972-ի մայիսի 14-ին կաունասցի 18-ամյա երիտասարդ Ռոմաս Կալանտան Կաունասի կենտրոնական հրապարակում «Ազատություն Լիտվային» բացականչելով ինքնահրկիզվում է։

1976թ օգոստոսի 10-ին Լատվիայում գտնվող զորամասի զորանոցում իր վրա բենզին լցնելով՝ ինքնահրկիզվում է Անտանաս Կալինաուսկասը՝ մինչեւ բոցավառվելը պահանջելով, որ խորհրդային զինվորները դիտեն, թե ինչպես է այրվում լիտվացին հանուն Լիտվայի եւ հանուն ազատության։

Խորհրդային հանրապետություններից, այս առումով, «ամենահարուստը» Լիտվան է։

1966 թ ապրիլին Մոսկվայի Դերժինսկու անվան հրապարակում՝ ԽՍՀՄ Պետանվտանգության կոմիտեի հարեւանությամբ՝ ինքնահրկիզվեց 26-ամյա ուկրաինացի Նիկոլայ Դյադիկը։

1968-ի փետրվարին 59-ամյա ուկրաինացի Իոսիֆ Կուցյաբան, ով նախկինում հակախորհրդային ագիտացիայի համար դատապարտված էր եղել, Մոսկվայի Կարմիր հրապարակում ինքնահրկիզվեց։

1968-ի նոյեմբերին Կիեւի ամենաբանուկ՝ Կրեշչատիկ փողոցում «կեցցե ազատ Ուկրաինան, կորչեն օկուպանտները» բացականչելով՝ ինքնահրկիզվեց նախկինում հակախորհրդային գործունեության համար դատապարտված Վասիլ Մակուխը։

1978 թ հունվարի 21-ին Ուկրաինայի Չերկասի մարզում՝ Տարաս Շեվչենկոյի գերեզմանի մոտ ինքնահրկիզվեց նախկինում հակախորրհրդային գործունեության համար դատապարտված Օլեքսա Գիրնիկը, որը նաեւ մի ամբողջ տրցակ թռուցիկներ էր թողել, որտեղ բողոք էր Ուկրաինայի բռնի ռուսաֆիկացման դեմ, որոնք ավարտվում էին «միայն այսպես է հնարավոր բողոքել Խորհրդային Միությունում» բառերով։

1978-ին ինքնահրկիզվեց Ղրիմի թաթար Մուսա Մամուտը, որը տարիներ շարունակ պայքարել էր Ղրիմի թաթարների հայրենիք վերադառնալու իրավունքի համար ու այդ պատճառով դատապարտվել էր։

Ինքնահրկիզման դեպքեր են արձանագրվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ Վիետնամական պատերազմի դեմ բողոքողների շրջանում։

Բողոքի այս ծայրահեղ ձեւը հաճախ են օգտագործել ու օգտագործում բուդդիստ վանականները։

Խորհրդային Միությունում, ինչպես ցանկացած տոտալիտար համակարգում, մեզ այսօր սովորական թվացող քաղաքական պայքարը բացառվում էր։ Մարդիկ, ովքեր դիմադրում էին գործող համակարգին՝ աներեւակայելի ճնշումների էին ենթարկվում։ Նրանց կալանավորում ու դատապարտում էին, փակում էին հոգեբուժարաններում։ Համարվում էր, որ նորմալ մարդը չի կարող դեմ լինել խորհրդային կարգերին ու իրականությանը։ Բռնի բժշկական միջամտություններ էին իրականացնում, որոնց արդյունքում բացարձակ առողջ մարդը հաշմվում էր կամ մահանում։

Ստեղծված պայմաններում որոշները կարող էին իրենց փակուղում զգալ եւ ինքնասպանությունը որպես պայքարը շարունակելու/ավարտելու միակ միջոց դիտարկել։ Ոմանք էլ կարող էին բողոքի նման ձեւն ընտրել՝ վստահ լինելով, որ իրենց այդ քայլն էլ ավելի կհամախմբի գաղափարակիցներին, կամրապնդի նրանց շարքերը եւ, վերջին հաշվով, կմոտեցնի հաղթանակը։

Մի կողմից առկա է փակուղում հայտնված մարդու հուսահատությունը, մյուս կողմից՝ սեփական գործի ու հաղթանակի նկատմամբ հավատը։ Վերեւում բերված օրինակներն ինչպես հուսահատության, այնպես էլ գաղափարներին ու պայքարին նվիրվածության վկայություններ են։

Բայց թվարկված ու չթվարկված բոլոր դեպքերը (դրանք շատ են) եղել են հրապարակային։ Որովհետեւ քաղաքական ինքնասպանության պարտադիր պայմաններից մեկը հրապարակայնությունն է։

Իշխան Մկրտչյանի դեպքում պարտադիր պայման համարվող հրապարակայնությունը ապահովված չէ՝ այս պատճառով էլ անհասկանալի է մնում։ Ի՞նչ է կատարվել՝ նա հուսահատվել եւ որոշել է այս ճանապարհով վերջակետ դնել, թե՞ մտածել է, որ գնում է ինքնազոհության, եւ այդ քայլը այլոց պետք է ոգեւորի։ Բայց այլք չեն եղել։ Հասցեատերերը ներկա չեն եղել։ Նա ընդամենը խնդրել է Դմիտրի Դոնսկոյին՝ իր քայլից մեկ ամիս անց փոխանցել կալանավայրում գտնվողներին քայլի դրդապատճառը։ Գնալ նման լուրջ քայլի աղոտ հույսով, թե երբեւէ մարդիկ՝ կալանավայրից դուրս հնարավոր է տեղեկանան իր քայլի պատճառների մասին, գնահատեն ու ոգեւորվեն՝ տարօրինակ է։

Բայց կա բացատրություն՝ Իշխանը կալանավայրում էր եւ զրկված էր հրապարակայնություն ապահովելու հնարավորությունից։ Բանտերում ու գաղութներում շատ հաճախ էին պատահում ինքնասպանությաններ։ Շատերն այդ քայլով իրենց չարչարանքներին էին վերջակետ դնում։ Իսկ ոմանք այդ քայլին էին դիմում որպես բողոքի նշան՝ հացադուլներով կամ այլ միջոցներով։ Վերջիններս ամեն ինչ անում էին, որ իրենց քայլը որքան հնարավոր է շատ հայտնի լինի։ Տարբեր կազմակերպություններ դիմումներ էին գրում, ներկայացնում էին իրենց բողոքը եւ իրենց քայլի դրդապատճառները։ Աշխատում էին զարտուղի ճանապարհներով այդ մասին կալանավայրից դուրս տեղեկություն փոխանցել։ Իշխանն, անկասկած, նույնը կաներ, բայց նա զրկված էր նման հնարավորություններից։ Նա գտնվում էր քաղաքական կալանավայրի ПКТ-ում, որտեղից տեղեկություններ միշտ չէ, որ հնարավոր է փոխանցել, իսկ վճիռն, ամենայն հավանականությամբ, արդեն կայացրած է եղել։ Ստեղծված իրավիճակում նրա համար երեւի ավելի կարեւոր է եղել բուն քայլը, քան՝ հրապարակայնության ապահովումը։

Կալանավայրի ղեկավարությունն, անկասկած, Իշխանի՝ ինքնասպան լինելու ծրագրից տեղյակ է եղել։ Սա պարզ երեւում է Դոնսկոյի պատմությունից։ Դիման կանխամտածված՝ Իշխանին հետ համոզելիս աղմկել է, բարձր է խոսել։ Նրանց աղմուկը հերթապահող հսկիչները չլսել չէին կարող։ Լսել են ու նաեւ, կասկածից դուրս է՝ զեկուցել են ղեկավարությանը, բայց թողել են, որ այն տեղի ունենա։

Այսքան ժամանակ անց պետք է արձանագրել՝ ինչ էլ տեղի ունեցած լինի, Իշխան Մկրտչյանը եղել ու մնում է Հայաստանի անկախության համար պայքարող մարտիկ, ամուր քաղբանտարկյալ ու  խորհրդային իրականության զոհ։ Նա գիտակցաբար էր գնում ընտրած ճանապարհով եւ, պարզվեց, պատահական չէին նրա խոսքերը, որ արտաբերեց 1981 թվականին դատարանի դահլիճում, որպես վերջին խոսքի վերջին նախադասություն․ «Եթե իմ լեզուն պետք է մեռնի վաղը, ես պատրաստ եմ մեռնել այսօր»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter