ԱԱԾ-ն նույնպես հերքել է Սյունիքում ընթացող մարտերի մասին լուրերը
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) պաշտոնապես տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի տարածքում մեկնարկած ու ընթացող մարտերի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին ասվում է ԱԱԾ հաղորդագրությունում։
«Նկատի ունենալով հիշյալ տեղեկությունների տարածման արդյունքում հանրության շրջանում ձևավորված անհանգստությունները՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը խստորեն զգուշացնում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելու, ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու և անհարկի լարվածություններ հրահրելու գործելաոճից ու տեղեկացնում, որ նմանատիպ երևույթներն ունենալու են համապատասխան իրավական հետևանքներ՝ ամենախիստ գործիքակազմերի կիրառմամբ:
Ազգային անվտանգության մարմինները դարձյալ հորդորում են զերծ մնալ ոչ պաշտոնական ու չճշտված տեղեկությունների տարածումից և ապավինել բացառապես պաշտոնական լրահոսին»,- նշված է ԱԱԾ հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սյունիքում մարտերի մասին լուրերը հերքել էր նաև Պաշտպանության նախարարությունը։ ՀՀ պաշտպանական գերատեսչության փոխանցմամբ՝ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել