
Սյունիքի մարզպետը Տաթև համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար է նշանակել
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը մայիսի 10-ին Տաթև համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար է նշանակել Արթուր Մաթևոսյանին: Նույն որոշումով մարզպետը դադարեցրել է Տաթև համայնքի ղեկավարի պաշտոնակատար Մուշեղ Հովսեփյանի պարտականությունները, որին այս տարվա փետրվարի 22-ին էր նշանակել:
2021թ. փետրվարի 22-ին լրացավ Տաթև համայնքի ընտրված ղեկավար Մուրադ Սիմոնյանի պաշտոնավարման ժամկետը: Սակայն օրենքի պահանջով ընտրություններ չնշանակվեցին, քանի որ Հայաստանում 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրությունը պահպանվում էր: Մարզպետը դադարեցրեց Մ. Սիմոնյանի լիազորությունները և համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակեց համայնքի ղեկավարի տեղակալ Մ. Հովսեփյանին:
«Մուշեղ Հովսեփյանին 2021թ. փետրվարի 23-ից նշանակել Սյունիքի մարզի Տաթև համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը»,- ասվում է մարզպետի որոշման մեջ:
Սակայն չսպասելով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին՝ մարզպետը կրկին համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար է նշանակել: Շինուհայր գյուղի բնակիչ Արթուր Մաթևոսյանը տեղական ինքնակառավարման համակարգում չի աշխատել:
Մեր նախորդ հրապարակման մեջ նշել ենք, որ փետրվարի 14-ին Տաթև, Դիլիջան և Թումանյան համայնքներում լրացել էր տեղական ինքնակառավարման մարմինների՝ համայնքի ղեկավարի և ավագանու լիազորությունների ժամկետը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի փետրվարի 26-ի որոշումով Դիլիջան և Թումանյան համայնքների ղեկավարների լիազորությունները համարվեցին դադարեցված և նրանց փոխարեն համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակվեցին:
Միաժամանակ, Կառավարությունն այդ օրերին ավագանիների լիազորությունը մինչև նորընտիր ավագանու ձևավորումը երկարաձգելու օրենսդրական նախագիծ հրապարակեց։ Համայնքների ղեկավարները Կառավարության այս մոտեցումը խտրական վերաբերմունքի դրսևորում համարեցին: Նրանց դիրքորոշումն այն է, որ եթե ավագանու գործունեության ժամկետը երկարաձգում են մինչև նոր ընտրություններ, ինչո՞ւ համայնքի ղեկավարի պաշտոնավարումը չի կարող երկարաձգվել մինչև ընտրություններով նոր համայնքապետ ընտրվելը:
Դիլիջան, Թումանյան, Ալավերդի, Տաշիր և Արթիկ համայնքների ղեկավարները փետրվարի 14-ին դիմեցին Սահմանադրական դատարան՝ վիճարկելով 18.06.2020թ. խմբագրությամբ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2.1. մասի և 11.07.2020թ. խմբագրությամբ «ՀՀ ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի՝ ՀՀ Սահմանադրության 2-րդ, 9-րդ, 179-րդ և 181-րդ հոդվածներին համապատասխանության հարցը:
Սահմանադրական դատարանը համայնքապետերի դիմումը կքննի հունիսի 22-ին գրավոր ընթացակարգով:
Լուսանկարում՝ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը
Մեկնաբանել