HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Ու՞մ ձեռնտու չէ արտասահմանցի լրագրողների մուտքն Արցախ

Ռուսաստանը հավաստիացնում է, թե Ադրբեջանին չի փոխանցում Արցախ մուտք գործող արտասահմանցի լրագրողների տվյալները 

Կանադացի ֆրիլենս լրագրող Նիլ Հաուերը երկու ամիս է չի կարողանում Արցախ մուտքի թույլտվություն ստանալ։ Նա Արցախի ԱԳՆ-ից արդեն երեք մերժում է ստացել, բայց չի դադարում կրկին փորձել, քանի որ մերժման պատճառն անհասկանալի է։ 

Նիլը կովկասյան տարածաշրջանում է աշխատում արդեն չորս տարի։ 2019-ից էլ Հայաստանում է ապրում եւ աշխատում, հոդվածներ է հրապարակում Foreign Policy, The Globe and Mail, The National News եւ այլ միջազգային պարբերականներում։

Առաջին անգամ նա Արցախ է այցելել 2019-ի հոկտեմբերին, իսկ պատերազմի ժամանակ Արցախում եղել է հոկտեմբերի 10-14-ը: Պատերազմից հետո էլ երեք անգամ այցելել է՝ նոյեմբերի 12-ին, նոյեմբերի 24-29-ը, դեկտեմբերի 11-15-ը։

Այս տարի՝ մարտի 29-ին, նա առաջին անգամ էր դիմում Արցախ մուտքի թույլտվության համար բրիտանացի լուսանկարչի հետ։ «Ասացին՝ երեք-չորս օրվա ընթաքում պատասխան կլինի։ Շաբաթ օրը՝ ապրիլի 3-ին, պիտի պատասխանեին։ Բայց հետո ասացին, որ ինձ մերժել են, իսկ բրիտանացի գործընկերոջս թույլ տվել։ Գնացինք Գորիս, ասացին՝ հաջորդ օրը բրիտանացին եւ հայ ֆիքսերը կարող են մեկնել Արցախ։ Կիրակի՝ ապրիլի 4-ին, նրանք անցան հայկական անցակետը, բայց ռուսական առաջին անցակետում բրիտանացի լուսանկարչին արգելեցին, իսկ ազգությամբ հայ, բայց ոչ ռեզիդենտ ֆիքսերին, որը Կանադայից էր, ասացին, որ մեկ օր անց կարող է մտնել Արցախ»,- պատմում է Նիլ Հաուերը։

Խաղաղապահները Նիլի գործընկերներին ասել են, որ ոչ մի արտասահմանցու չի թույլատրվում մտնել Արցախ։ «Նրանք վերադարձան, նորից դիմեցինք՝ ապրիլի 5-ին, ապրիլի 8-ին զանգ ստացանք, որ դիմումը մերժվել է, հաջորդ շաբաթ էլի դիմեցի՝ ապրիլի 12-ին, կրկին մերժում։ Ես հարցրի՝ ինչո՞ւ, ասացին՝ որպես սուվերեն պետություն մենք չենք պատճառաբանում»,-իր փորձառության պատմությունը շարունակում է լրագրողը։

Նիլը միակը չէ, որ մերժում է ստացել։ «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության ապրիլի 9-ի տվյալներով՝ այս տարվա փետրվարից առվազն 10 միջազգային լրագրողների թույլ չեն տվել մուտք գործել Արցախ՝ Լաչինի միջանցքով։ Արցախի ԱԳՆ-ից փորձեցինք ճշտել, թե 2021-ի առաջին չորս ամիսներին արտասահմանցի քանի՞ լրագրող է Արցախ մուտքի վիզայի համար դիմում ներկայացրել, քանիսն է դրական պատասխան ստացել, քանիսը՝ մերժում։ «Այդ տեղեկությունները, անվտանգության նկատառումներով, նպատակահարմար չենք համարում տրամադրել»,- ասացին արտաքին գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Արցախ մուտք գործելու համար արտասահմանցիները դիմում են ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչություն։ Ապա հայտերը ներկայացվում են ԱԳՆ և ընթացք ստանում սահմանված կարգով, որն ընդունվել է այս տարվա փետրվարին։ Ըստ այդ կարգի՝ հայտերի մասին տեղեկատվությունը փոխանցվում է նաեւ ՌԴ խաղաղապահներին։ Ո՞վ է որոշում կայացնում մուտքի արտոնագիր տրամադրելու՝ Արցախի իշխանություննե՞րը, թե՞ խաղաղապահ կոնտինգենտի ղեկավարությունը. «Հետքի» ուղղած այս հարցին պաշտոնական Ստեփանակերտը հստակ պատասխան չի տալիս։ «Հաշվի առնելով ՌԴ խաղաղապահ առաքելության դերն Արցախում խաղաղության պահպանման գործում՝ նրանք նույնպես տեղեկացվում են Արցախ մուտք գործող օտարերկրացիների մասին։ Մուտքի արտոնագրերի տրամադրման վերաբերյալ վերջնական որոշումները կայացվում են համատեղ»,- ասում է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։

«Ինչու մուտքի արտոնագրի մերժումները չեն պարզաբանվում» հարցին ի պատասխան՝ պրն Բաբայանը նշում է, որ ցանկացած ինքնիշխան երկիր ինքն է որոշում՝ ում թույլ տա կամ ում թույլ չտա մուտք գործել իր տարածք. «Այդ որոշման բացատրությունը որևէ երկիր պարտավոր չէ ներկայացնել։ Տվյալ պարագայում Արցախը բացառություն չէ: Բոլոր օտարերկրյա քաղաքացիների մուտքի դիմումները քննելիս Արցախի իշխանություններն, առաջին հերթին, առաջնորդվում են անվտանգության և ազգային շահերի նկատառումներով»։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը ՌԴ-ին էր կոչ արել դադարեցնել միջազգային լրագրողների մուտքի մերժումը Լեռնային Ղարաբաղ։ Նեյլ Հաուերի կարծիքով՝ Ռուսաստանը որեւէ օգուտ չունի արտասահմանցի լրագրողների ներկայությունից Արցախում, բայց նա չի էլ կարծում, թե ռուսների համար առաջնահերթություն է արտասահմանցի լրագրողների մուտքն արգելելը։ «Հակված եմ մտածելու, որ դա արվում է Ադրբեջանի ճնշման ներքո։ Իմ վարկածն այն է, որ վերջին երկու ամիսներին Ադրբեջանը շատ է դժգոհել արտասահմանցի լրագրողների եւ քաղաքական գործիչների՝ Արցախ այցերի առնչությամբ, եւ քանի որ Ռուսաստանն ուզում է աշխատանքային հարաբերություններ ունենալ Ադրբեջանի հետ, տեղի տալով Ադրբեջանի ճնշումներին՝ մերժում է արտասահմանցիների վիզայի դիմումները»,- ասում է Նիլ։

Նա օրինակ է բերում նորվեգացի կոլեգաներից մեկին, որին Արցախի իշխանությունները դրական պատասխան էին տվել, հետո խաղաղապահներն արգելել էին, վերադարձել էր Գորիս, հաջորդ օրը կրկին փորձել էր մտնել Արցախ, եւ խաղաղապահների նոր հերթափոխը թույլատրել էր։

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին «Հետքը» հարցրել էր՝ արդյոք ՌԴ խաղաղապահ ուժերը Արցախ մուտք գործելու հայտ ներկայացրած արտասահմանցիների վերաբերյալ տեղեկացնում են Ադրբեջանի իշխանություններին։ Նախարարը հերքել է. «Օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ տվյալներն Ադրբեջանի իշխանություններին չեն փոխանցվում»։

Նիլ Հաուերը կարծում է, որ այս հարցն ավելի շատ ՀՀ իշխանությունների իրավասության շրջանակում է, որը Ռուսաստանի եւ Ադրբեջանի հետ եռակողմ հայտարարություն է ստորագրել։ «Իրենք պետք է առաջ մղեն այս հարցը եւ ասեն, որ նման պայման չկա հայտարարության տեքստում։ Տպավորություն չունեմ, որ ՀՀ իշխանությունները զբաղվում են սրանով, եթե որոշ գործողություններ էլ արվում են, համենայնդեպս ակնհայտ չեն։ Որեւէ հայտարարություն կամ խոսք չի հնչել ՀՀ ԱԳՆ-ի կամ վարչապետի աշխատակազմի մակարդակով»,- ասում է կանադացի լրագրողը։

Հայաստանի ԱԳՆ-ում «Հետքի» դիվանագիտական աղբյուրն ասում է, որ արտաքին քաղաքական գերատեսչությունը եւս մտահոգ է ու զբաղվում է այս հարցով, սակայն՝ ոչ հրապարակային։ Ըստ մեր աղբյուրի՝ ՌԴ իշխանությունները բարձր մակարդակով հավաստիացրել են հայկական կողմին, որ Ադրբեջանին այդ տվյալները չեն փոխանցում՝ նրանց համաձայնությունը ստանալու համար։

Այդ հավաստիացումները, սակայն, չեն փարատում կասակածները։ Նիլ Հաուերն ասում է, որ ինքը որեւէ քննադատական նյութ չի հրապարակել Ռուսաստանի, նրա դերի մասին արցախյան կոնֆլիկտում կամ ՌԴ խաղաղապահների ներկայության մասին, հետեւաբար ինչու՞ ռուսները պետք է արգելեին իր մուտքն Արցախ։

«Կապ տեսնու՞մ եք արտասահմանցի լրագրողներին եւ բարեգործական կազմակերպություններին մուտքի թույլտվություն չտալու եւ Արցախում գործունեություն ծավալող միջազգային կազմակերպություններին լրտեսության մեջ մեղադրող հայտարարությունների միջեւ»,- հարցնում եմ նրան՝ նկատի ունենալով Արցախում ականազերծմամբ զբաղվող «Հալո Թրաստ» կազմակերպության վերաբերյալ պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով 2021 թվականի մարտի 11-ին հարուցված քրեական գործը։

Ըստ մեղադրանքի՝ The HALO Trust կազմակերպությունն Արցախում գործունեություն ծավալելու ընթացքում թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախի ականապատված տարածքների քարտեզը։

«Գուցե կա։ Ես շատ էի զարմացել այն փաստից, որ Արցախում հետաքննություն սկսեցին The HALO Trust-ի վերաբերյալ։ Իմ իմանալով՝ դա արել են, որպեսզի եզրակացնեն, որ ոչինչ չգտնվեց, բայց ո՞վ գիտի։ Այստեղ դարձյալ Ադրբեջանի գործոնը կա, որովհետեւ Ադրբեջանն այս կազմակերպության ղեկավարին ներառել է իր «սեւ ցուցակ»-ում։ Նրանք դժգոհ են, որ «Հալոն» աշխատում է Արցախում։ Բայց եթե այստեղ որեւէ տրամաբանական կապ կարող է գտնվել, ապա որեւէ տրամաբանություն չկա, թե ինչու «Թուֆենկյան» հիմնադրամին կամ նմանատիպ այլ կազմակերպություններին թույլ չեն տալիս մտնել Արցախ»,- հարցնում է Հաուերը։  

Չնայած մերժումներին, Նիլը չի հանձնվում, ասում է՝ նորից փորձելու է դիմել վիզայի համար, հույս ունի, որ միջազգային կառույցների կողմից հարցն արծարծելուց հետո որոշ փոփոխություն կլինի։

Մենք փորձեցինք պարզաբանումներ ստանալ նաեւ Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի ղեկավար Ռուստամ Մուրադովից։ Նախ էլեկտրոնային նամակ ուղարկեցինք ՌԴ ՊՆ, որն անարձագանք մնաց։ Ապրիլի 15-ին գրությունն առձեռն հանձնեցինք Ստեփանակերտում ՌԴ խաղաղապահների գրասենյակ։ Երկու շաբաթ սպասելուց հետո զանգահարեցինք՝ ճշտելու, թե ստանալու՞ ենք որեւէ պատասխան։ Հեռախոսազանգին պատասխանեց Դմիտրի Տարասով անունով մի զինվորական, որը հաստատեց մեր գրության ստացումը, սակայն նշեց, որ պրն Մուրադովն այլ՝ ավելի կարեւոր գործեր ունի եւ կպատասխանի, երբ ժամանակ ունենա։ Օրեր անց կրկին զանգեցինք, Դմիտրի Տարասովը կրկնեց, որ Մուրադովը զբաղված է հրատապ գործերով եւ մեզ խորհուրդ տվեց սպասել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter