HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Հանձնարարվել է քրեական վարույթի շրջանակներում պարզել սահմանին տեղի ունեցած իրադարձությունների հանգամանքները

Դատախազությունը հանձնարարել է քրեական վարույթի շրջանակում պարզել Հայաստանի սահմանին երեկ տեղի ունեցած իրադարձությունների հանգամանքները և տալ քրեաիրավական գնահատական: Այս մասին «Հետքի» հարցին ի պատասխան՝ ասաց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք՝ երեկ՝ մայիսի 12-ի ցերեկը Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները, ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։

Երեկ ուշ երեկոյան տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ՝ կապված Սյունիքի մարզիՍև լիճ տեղանքում և հարակից տարածքում տեղի ունեցող իրադարձություններին: Բացման խոսքում ելույթ է ունեցել Նիկոլ Փաշինյանն ու հայտարարել, որ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը վերը նշված տեղանքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր, ըստ էության, փորձ անելով  պարփակել Սև լիճը:

«Իհարկե այս գործողություններն անհանդուրժելի են Հայաստանի Հանրապետության համար, որովհետև դա ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ և իհարկե առանձին քննարկման առարկա է, թե ինչու և ինչպես է հնարավոր դարձել նման գործողությունը, բայց պետք է արձանագրել, որ սա իր բնույթով, ըստ էության, դիվերսիոն անցում է: Պետք է նաև արձանագրել, որ ՀՀ զինված ուժերը վաղ առավոտից արձագանքել են տեղի ունեցող իրադարձություններին, իրականացվել են անհրաժեշտ մարտավարական տեղաշարժեր և այլ գործողություններ: Բայց հարկ է արձանագրել, որ ադրբեջանական զինված ուժերի գործողությունները չեն զուգորդվել հրաձգային կամ որևէ այլ զենքի կիրառմամբ և նրանք փորձում են հիմնավորել իրենց գործողություններն ինչ-որ քարտեզներով, որոնք մեր առաջին իսկ դիտարկմամբ մտացածին և կեղծ են, որովհետև մեր տրամադրության տակ է դեռևս Խորհրդային Միության ժամանակներում Սովետական Հայաստանի և Սովետական Ադրբեջանի միջև հաստատված, նաև Կենտրոնական իշխանության կողմից հաստատված քարտեզ, որտեղ հստակ երևում է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագիծն ինչպես է անցնում:

Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակն անընդունելի է, Հայաստանի Հանրապետությունը չի կարող ուղղակի համակերպվել ստեղծված իրավիճակի հետ, բայց նաև հաշվի առնելով իրադրությունը՝ մեր առաջնային ծրագիրը բանակցությունների միջոցով, նաև դիվանագիտական եղանակներով այս խնդիրը լուծելն է: Բայց սա տարբերակներից մեկն է:

Ես ուզում եմ մենք հստակ արձանագրենք, որ որևէ կերպ չենք կարող հանդուրժել ու համակերպվել ստեղծված իրավիճակի հետ և այսօր մենք Անվտանգության խորհրդի նիստում պետք է քննարկենք այս պահին առկա իրավիճակն ու մեր հետագա անելիքները, հնարավոր սցենարները և այդ սցենարների միջև առկա ներքին փոխկապակցվածությունները: Հարկ եմ համարում ընդգծել, որ ինչպես և կարելի էր, ցավոք սպասել, իրավիճակը նաև ներքաղաքական շահարկումների առիթ է դառնում և դարձել: Ես ուզում եմ կրկին անգամ կոչ անել, որ արտաքին անվտանգության հետ կապված իրավիճակները փորձ չարվի օգտագործել ներքաղաքական նպատակների համար, որովհետև սա ազգային անվտանգության հարց է և տվյալ իրավիճակում մեզ պետք է կենտրոնանալ խնդրի ու նրա լուծման վրա:

Կրկին ուզում եմ արձանագրել, որ կրակոցների, փոխհրաձգությունների, մարտական գործողությունների, վիրավորների, զոհերի մասին տեղեկությունները որևէ կապ չունեն իրականության հետ, մյուս կողմից, սակայն, պետք է արձանագրել, որ իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային: Եվ եթե այդպես չլիներ, մենք Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու առիթ չէինք ունենա: Բայց ամեն դեպքում այս իրավիճակում մեզ անհրաժեշտ է պահպանել սառնասրտություն, մյուս կողմից անհրաժեշտ է լինել հետևողական մեր պետական և ազգային շահերի պաշտպանության տեսանկյունից, և մենք նաև այսօր պետք է որոշումներ կայացնենք անելիքների ու հետագա գործիքակազմի վերաբերյալ»,-հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter