
5 դպրոցի կառուցման նպատակով Կառավարությունը 500 մլն դրամ կհատկացնի
2021 թվականի պետական բյուջեով նախատեսված Կառավարության պահուստային ֆոնդից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կհատկացվի 500 մլն դրամ:
Նախատեսվում է գումարը հատկացնել Քաղաքաշինության կոմիտեին՝ փոքրաքանակ երեխաներով համալրված 5 դպրոցի մոդուլային շենքերի կառուցման աշխատանքները սկսելու համար:
Փոքրաքանակ երեխաներով համալրված 5 հանրակրթական դպրոցի մոդուլային շենքերի կառուցման նպատակով դպրոցներից յուրաքանչյուրին կհատկացվի 100 մլն դրամ:
Դպրոցները կկառուցվեն Գեղարքունիքի («Ջիլի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ), Շիրակի («Արեգնադեմի միջնակարգ դպրոց», «Կապսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ներ), Վայոց Ձորի («Չիվայի միջնակարգ դպրոց» և «Գոմքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ներ) մարզերում:
Ցանկում ներառված դպրոցներն ընտրվել են հետևյալ սկզբունքների հիման վրա․
- տվյալ դպրոցը հանդիսանում է բնակավայրի միակ կրթական օբյեկտը,
- տվյալ դպրոցն ունի մինչև 100 աշակերտ,
- տվյալ դպրոցն ունի սեյսմակայունության խնդիր, և շենքի հիմնանորոգումը կամ վերականգնումը տնտեսապես արդյունավետ չէ,
- դպրոցի տեղակայման վայրում կա մոդուլային շենքի տեղակայման համար համապատասխանող հողատարածք։
ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ կրթական հաստատությունների շենքային պայմանների բարելավման գործընթացը շարունակական է։ Արդեն մեկնարկել են և ընթանում են 15 դպրոցի մոդուլային շենքերի կառուցման աշխատանքները։
Հիշեցնենք, որ նախորդ նիստում Կառավարությունը ևս 15 մոդուլային դպրոցների կառուցման համար հատկացրել էր 2 մլրդ 942 մլն դրամ:
Մեկնաբանել