
Առողջապահության նախարարությունը տուլարեմիա պատվաստանյութը կգնի ռուսական ընկերությունից
2021 թվականին Առողջապահության նախարարությունը տուլարեմիա (վարակիչ հիվանդություն) պատվաստանյութի գնումները կկատարի ««Միկրոգեն» գիտաարտադրական միավորում» բաժնետիրական ընկերությունից` 1 դեղաչափը 109.15 ՌԴ ռուբլուն համարժեք դրամով: Որոշումն ընդունվել է Կառավարության մայիսի 13-ի նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով:
Ըստ նախագծի՝ Հայաստանում պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված է իրականացնել պատվաստումներ տուլարեմիայի դեմ զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց շրջանում, ինչպես նաև՝ համաճարակաբանական ցուցումով: Պատվաստանյութն արտադրվում է բազմադեղաչափ՝ 30, 35, 40, 45 և 50 դեղաչափ սրվակներով, որի արդյունքում պատվաստանյութի կորուստը լինում է բավականին բարձր՝ տարեկան միջին կորուստը կազմելով 50-60 տոկոս, քանի որ սրվակը բացելուց հետո պատվաստանյութը թույլատրվում է օգտագործել միայն երկու ժամվա ընթացքում: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց պատվաստումները կկազմակերպվեն միաժամանակյա՝ անտեղի կորստից խուսափելու նպատակով:
Որոշման հիմնավորմամբ՝ վերջին 3 տարիներին տուլարեմիայի դեմ պատվաստանյութի ձեռքբերման գործընթացում եղել են դժվարություններ, քանի որ պատվաստանյութի արտադրությունն ունի որոշ առանձնահատկություններ: Մասնավորապես, շուկայում հայտնի է միայն մեկ արտադրող՝ Ռուսաստանի Դաշնության «Միկրոգեն» գիտաարտադրական միավորումը, որը ժամանակ առ ժամանակ ապահովում է միայն մեր երկրի կարիքների համար նպատակաուղղված արտադրություն:
Ըստ ««Միկրոգեն» գիտաարտադրական միավորում» ԲԸ-ի գնային առաջարկի՝ տուլարեմիա պատվաստանյութի 1 դոզայի գինը կազմում է 109.15 ռուբլի, իսկ բոլոր ծախսերը և հարկերը ներառյալ` 875.11 դրամ: Հաշվի առնելով բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործման առաջնահերթությունը՝ Առողջապահության նախարարությունը նպատակահարմար է գտնում 2021թ. ևս իրականացնել տուլարեմիա պատվաստանյութի մեկ անձից գնում` ՌԴ ««Միկրոգեն» գիտաարտադրական միավորում» ԲԸ-ից:
Մեկնաբանել