
Պատգամավորները ստորագրահավաք են կազմակերպել արտահերթ նիստ գումարելու համար
Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները ստորագրահավաք են իրականացնում արտահերթ նիստ հրավիրելու համար: Նախաձեռնության հեղինակը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն է: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ իրենք ևս միանում են ստորագրահավաքին:
Պատգամավորները արտահերթ նիստ են հրավիրում Սյունիքի դեպքերը քննարկելու համար: Արման Աբովյանը մեզ հետ զրույցում ասաց, որ պրոցեսն ընթացքի մեջ է` չմանրամասնելով, թե որքան ստորագրություն է հավաքվել:
Նիստ նախաձեռնելու համար հարկավոր է 33 պատգամավորի ստորագրություն, որից հետո նախաձեռնողները պետք է դիմեն ԱԺ նախագահին` հարցը խորհրդի օրակարգում ներառելու համար: ԱԺ խորհրդի հավանությունը ստանալուց հետո կարող է արտահերթ նիստ գումարվել, սակայն միանշանակ չէ, որ իշխող մեծամասնությունը քվորում կապահովի:
Տեղեկացնենք, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խորհրդարանում չէ, հեռախոսազանգերին էլ չի պատասխանում:
Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անվտանգության խորհրդի երեկվա նիստում հայտարարեց ՀԱՊԿ-ին դիմելու մասին` Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, կայունությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար:
Մեկնաբանել