HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատավորը հետաձգեց նիստը`չսպասելով փաստաբաններին

Այսօր`ժամը 11.30-ին, Վանաձորի դատարանում`դատավոր Վարդուհի Հովնանյանի նախագահությամբ, նշանակված էր Լեռնապատի գյուղապետն ընդդեմ «Հետքի» թղթակցի գործով հերթական դատական նիստը: Հայցվորը Վանո Եղիազարյանր չէր ներկայացել դատարան`չներկայացնելով իր բացակայությունը հիմնավորող որևէ պատճառաբանություն:

Պատասխանող Ադրինե Թորոսյանը միջնորդեց դատարանին 15 րոպեով հետաձգել նիստը, որպեսզի իր ներկայացուցիչները`փաստաբաններ Լուսինե Հակոբյանն ու Տիգրան Եգորյանը, որոնք Երևանից էին գալիս Վանաձոր, կարողանան մասնակցել դատավարությանը: Նաև փոխանցեց, որ ուշանալու պատճառը ավտոմեքենայի անսարքությունն է, որի պատճառով նախատեսվածից մի փոքր շատ ժամանակ էին ծախսել ճանապարհին:

Դատավոր Հովնանյանը չընդունեց պատասխանողի միջնորդությունը`պատճառաբանելով, որ այլ դատական նիստեր ունի նշանակած և չի կարող 15 րոպեով հետաձգել գործի քննությունը: Դատավորը միաժամանակ հայտնեց, որ դատարան են ուղարկվել փաստաթղթեր`բացատրություն ի առարկումն Վանո Եղիազարյանի հայցադիմումի և վերջինիս կողմից` պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցման հայցերով պահանջած փոխհատուցումների ցուցակը (այն նյութերը, որոնք նախորդ նիստին դատավորը մերժել էր կցել գործին, և փաստաբանները փոստով էին ուղարկել դատարան):

Այսքանով նիստը ավարտված համարելով`դատավոր Հովնանյանը որոշում կայացրեց այն հետաձգելու և մեկ այլ օր վերանշանակելու մասին: Իր որոշումը պատճառաբանեց նրանով, որ հայցվորը և պատասխանողի ու երրորդ անձի` «Հետքի» ներկայացուցիչները բացակայում են նիստից, նաև նշեց, որ դատարան ուղարկված նյութերի մեջ չկա անդորրագիր, որ դրանք ուղարկվել են նաև հայցվորին: Մինչ դատավորը կհրապարակեր հետաձգված նիստի օրն ու ժամը, պատասխանողը կրկնեց իր միջնորդությունը և խնդրեց, որ գոնե այսօր վերանշանակվի`հաշվի առնելով, որ փաստաբանները այլ քաղաքից են եկել և մի քանի րոպեից տեղ կհասնեն: Դատավոր Հովնանյանը պնդեց իր որոշումը և դատական նիստը նշանակեց մայիսի 2-ին` ժամը 11.30-ին: Նիստը փակվելուց մի քանի րոպե հետո, երբ փաստաբանները դատարան հասան, նիստերի դահլիճը ազատ էր, և դատավորի վկայակոչած նիստը չէր սկսվել:

Պատասխանողի ներկայացուցիչներ Հակոբյանն ու Եգորյանը դատավոր Հովնանյանի վարմունքը գնահատում են որպես կողմնակալության հերթական ապացույց և անհանդուրժողական, արհամարհական վերաբերմունք փաստաբանի նկատմամբ: Ինչպես Տիգրան Եգորյանն է նկատում, դատավարական օրենսգրքով`կողմի`նիստին չներկայանալու դեպքում դատավորը պետք է հարցնի մյուս կողմին` հնարավոր է համարում դատավարությունը շարունակել կողմի բացակայությամբ: Տվյալ դեպքում դատավոր Հովնանյանը արձանագրել է, որ հայցվորն ու պատասխանողի ներկայացուցիչները չեն ներկայացել նիստին, սակայն հաշվի չի առել պատասխանողի կարծիքը` նիստը 15 րոպեով հետաձգելով`ապահովել փաստաբանների ներկայությունը:

«Ըստ էության, տեղի է ունենում ոչ թե դատավարություն, այլ երկու կողմերի հակամարտություն`առանց համապատասխան դատավարական կարգուկանոնի և ընթացակարգի,-ասում է փաստաբան Եգորյանը և գնահատում դատավարության ընթացքը.-Միանշանակ բացակայում է օբյեկտիվ, անաչառ, արդար դատարանի հանգամանքը»: Փաստաբանի խոսքով` սույն դատական վեճը թեև տեսականորեն «հաղթանակած է», սակայն, ելնելով իրականությունից, այդ հաղթանակը «խիստ աղոտ» է նշմարվում:

Պատասխանողի ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը նույնպես շեշտում է ողջ դատավարության ընթացքում դատավորի ակնհայտ կողմնակալությունը`դա թերևս պայմանավորելով նրանով, որ դատավորն ու հայցվորը գործընկերներ են, երկուսն էլ աշխատում են Վանաձորի մանկավարժական ինստիտուտում:

Ըստ փաստաբանների`դատավորի այս վերջին որոշումը ևս մեկ «լրջագույն հիմք է» նրան ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար: Նրանց խոսքով` այն արդեն այսօրվա նիստին էր պատրաստ, և դատավորի այս վերջին որոշումը պարզապես կավելացվի իրենց հիմնավորումներին:

Լուսինե Հակոբյանը հիշեցենում է, որ սա երկրորդ դեպքն է, երբ դատավոր Հովնանյանը չի հարգում պատասխանողի միջնորդությունը: Նախորդ նիստերից մեկին եղանակային վատ պայմանների պատճառով պատասխանողի ներկայացուցիչները դարձյալ չէին կարողացել մասնակցել նիստին: Պատասխանողի միջնորդությունը` նիստը չանցկացնել նրանց բացակայությամբ, դարձյալ չբավարարվեց դատավորի կողմից, իսկ դատաքննության փուլում դա մեկնաբանվեց ի վնաս պատասխանողի:

Դատավորը չընդունեց ներկայացված նյութերը, որով պատասխանող կողմը ցանկանում էր կատարել իր վրա դրված ապացուցման պարտականությունը`հիմնավորել հրապարակված հոդվածի նպատակը և նրանում տեղ գտած փաստերի իսկությունը: Դատավորը մերժեց դրանք կցել գործին`պատճառաբանելով, թե դրանք պետք է ներկայացվեին նախորդ նիստի ժամանակ, որին փաստաբանները հարգելի պատճառով չէին կարողացել ներկայանալ:

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանը, ով նույնպես այսօր Վանաձոր էր եկել` ներկա գտնվելու «Հետքի» լրագրողի դեմ դատավարությանը, միտումնավորություն է տեսնում դատավորի այսօրինակ որոշման հիմքում. «Տպավորություն ունեմ, որ հայցվոր կողմի շահերից ելնելով է հետաձգել`նախապես իմանալով, որ նա չի մասնակցելու: Նշանակում է, որ դատավորը մի կողմի հետ է փորձում աշխատել`անտեսելով պաշտպանական կողմին,-ասում է իրավապաշտպանը և ավելացնում,-հայաստանյան դատարաններում պաշտպանական կողմին անտեսելու միտումը շատ ակնհայտ է, իսկ մարզերում` առավել ակնհայտ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter