
Թագուհի Թովմասյան. «Ընտրությունների մասին այս փուլում խոսելը, կներեք, համարում եմ անբարոյականություն»
Ինչպես Սյունիքում, այնպես էլ Գեղարքունիքում ադրբեջանցիները եկել են առաջ, առանց որևէ կրակոցի հատել են մեր պետական սահմանը: Թշնամին ոտնձգություն է իրականացնում սուվերեն երկրի սահմանի նկատմամբ, ու մենք որևէ գործողություն չենք իրականացնում:
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Ես երկու շաբաթ առաջ վարչապետից հետաքրքրվեցի Հայաստանի սահմանների կահավորման մասին և ասացի, որ չի արվում որևէ աշխատանք, մենք չունենք խրամատներ, կահավորված առաջնագիծ, սակայն փոխարենը ստացա ագրեսիվ պատասխան ու ֆեյքային հարձակում, թե ադրբեջանական ուժերին ինչ-որ տեղեկություն եմ ուզում փոխանցել իմ հարցով»,- ասաց Թովմասյանը` հավելելով, որ փոխանակ հետևություներ արվեին իր մտահոգությունից, ծաղրանքի միջոցով փորձ է արվել անլրջացնել այն:
Պատգամավորը հարց է հնչեցնում, թե ինչպես է ստացվել, որ անզեն թշնամին մտել է Հայաստանի տարածք, և մենք չենք կարողացել կանխել: Թովմասյանը հիշեցրեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքերը, թե պետությունը չէր կարող ամբողջ առաջնագիծը կահավորել, աստիճանաբար էր կահավորում: Ըստ Թովմասյանի` ադրբեջանցիները կարողացել են Հայաստանի պետական սահման ներխուժել այն սահմաններով, որոնք կահավորված չեն եղել:
«Բա իմ հարցն էլ դրա մասին էր, բա կես տարի ժամանակ ենք ունեցել, ինչու եք հիմա խոսում չկահավորման մասին, դա մեր առաջնային խնդիրն էր: Մեր առաջնային խնդիրը ոչ թե ընտրական ցուցակներն են և ընտրություները, այլ սահմանային իրավիճակը: Ում համար եք քարոզաշավ անում, եթե վաղը երկիր չենք ունենալու»,- ասաց նա:
Ըստ անկախ պատգամավորի` թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը զբաղված են իրենց քաղաքական ապագան կառուցելով, բայց թե որ երկրում, Թովմասյանի համար անհասկանալի է:
Նրա համոզմամբ` այժմ սահմանային անվտանգությունը վտանգված է, ոտնձգություն է իրականացվում երկրի սահմանների նկատմամբ, հետևաբար անհասկանալի է ռազմական դրություն չհայտարարելը: Թովմասյանին հետաքրքրում է այն հարցը, թե սրանից ավելի ինչ պետք է լիներ, որ ռազմական դրություն հայտարարվեր:
Դիտարկմանը, որ ռազմական դրությունը հայտարարելու դեպքում արտահերթ ընտրությունները կչեղարկվեն, Թագուհի Թովմասյանն արձագանքեց.
«Ընտրությունների մասին այս փուլում խոսելը, կներեք, համարում եմ անբարոյականություն: Մենք երկիր ենք կորցնում, ժողովուրդ, ադրբեջանցիները մտնում են մեր տուն, ընդ որում՝ անզեն, և որևէ մեկը չի դիմադրում: Մենք երկիր ենք կորցնում, իրենք գնում, ցուցակ են կազմում»,- ասաց նա:
Թագուհի Թովմասյանը նաև համոզմունք հայտնեց, որ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը պետք է պատասխանատվության ենթարկվի այս միջադեպերի համար:
Մեկնաբանել