
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ
ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ մայիսի 14-ին տեղի է ունեցել ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հեռախոսազրույցը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:
Զրուցակիցները շարունակել են քննարկումները մայիսի 12-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված դրության և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ:
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը տեղեկացրել է ՀԱՊԿ ԳՔ Ստանիսլավ Զասին առ այն, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի անունից նամակներ են ուղարկվել Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նախագահող Տաջիկստանի նախագահին և Խորհրդի անդամներին՝ Պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդատվությունների ընթացակարգը գործի դնելու խնդրանքով:
Մտքեր են փոխանակվել ընթացակարգով նախատեսված հետագա գործընթացների շուրջ:
Մեկնաբանել