HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է սահմանային իրավիճակը

Խորհրդարանի արտահերթ նիստում քննարկվում է «Սահմանամերձ գոտիներում, մասնավորապես՝ Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց ձորում ստեղծված ճգնաժամային իրավիճակի, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների, սահմանների պաշտպանության և անվտանգության ապահովմանն ուղղված հարցերի վերաբերյալ» որոշման նախագիծը: Այն հեղինակել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաքին միացել էր նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

Նախագիծը ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան» քարտուղար Արման Աբովյանը, ում խոսքով այս հարցի քննարկման հիմնական նպատակը ոչ միայն ստեղծված իրավիճակին արձագանքելն է, այլև փորձել հասկանալ, թե ինչ է կատարվում սահմանին: Աբովյանը հայտնեց, որ հրավերներ են ուղարկել համապաստասխան գերատեսչություներին, որ մասնակցեն նիստին, սակայն առայժմ ներկա է միայն ԱԳՆ ներկայացուցիչը:

Աբովյանը,  ընթերցելով հայտարարության տեքստը, ադրբեջանական զինուժի գործողություններն անընդունելի որակեց` ընդգծելով, որ այն ակնհայտ ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ, և Հայաստանի Հանրապետությունը չի հանդուրժի ստեղծված իրավիճակը:

«Հաշվի առնելով Ադրբեջանի վարած հակահայկական ռազմատենչ քաղաքականությունը, Ադրբեջանի ղեկավարության կողմից վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ բացահայտ սպառնալիքներ, այդ թվում՝ ուժի կիրառման սպառնալիքներ պարունակող հայտարարությունները և պետական քաղաքականության մակարդակ բարձրացված հայատյատությունը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը խստագույնս դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները և փաստում, որ Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ քաղաքականությունը խախտում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածում ամրագրված սկզբունքները, ինչը Հայաստանի Հանրապետությանն իրավունք է տալիս հակադարձել Ադրբեջանի ագրեսիային միջազգային իրավունքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն»,- հայտարարության տեքստից ընթերցեց Արման Աբովյանը:

Պատգամավորն ընդգծեց` ձեռնարկվելու են բոլոր համարժեք միջոցներն Ադրբեջանի ռազմական ագրեսիան կասեցնելու, և Հայաստանի պետական սահմանն ու ժողովրդին պաշտպանելու նպատակով: Աբովյանը նաև կոչ արեց միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ ուղղված սադրիչ գործողությունները, ուժի գործադրման սպառնալիքներն ու փաստացի գործադրումը:

Աբովյանը համոզմունք հայտնեց, որ դահլիճում ներկա գտնվողների 90%-ը չգիտի այն հարցերի պատասխանը, որը հանրությանը հետաքրքրում է:

Անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց, թե ինչ հիմնավորումներով են Կառավարության հրավիրյալները բացակայում նիստից, Աբովյանն արձագանքեց, որ հիմնավորումներից տեղեկություն չունի, ապա հավելեց, որ հրավիրել են ՊՆ-ից, ԱԱԾ-ից ներկայացուցիչների, նաև մտադիր են եղել ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներ հրավիրել, սակայն պարզել են, որ վերջիններս Երևանում չեն:

Տեղեկացնենք, որ նիստը վարում է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, քանի որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն, իր գլխավորած պատվիրակությամբ, պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter