HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Պատերազմի մասնակից.«Ինձ թվում էր՝ Քարին Տակում կեղծ նահանջ է, մտածում էի` հակառակորդի համար ծուղակ ենք պատրաստում»

Քարին Տակ գյուղի մարտերին պահեստազորայինի կազմում մասնակցել է նաև Տիգրան Շահբազյանը։ Նա Քարին Տակն իր համար բացահայտել էր դեպի Արցախ արշավներ կազմակերպելիս։ Քարին Տակից արշավ էին անում, Հունոտի կիրճով դուրս գալիս դեպի Շուշի։ 2010 և 2011 թվականներին՝ 2 տարի անընդմեջ, ձմռանը 3-4 օր արշավականներով մնացել են Քարին Տակում, Առուշանյանների տանն էին ապրում։ 5 Նոր տարի իրար հետևից արշավախմբով Շուշիում են անցկացրել։ 

Ասում է՝ գյուղը ներսից էլ գիտեին, մարդկանց, ընտանիքներին։ Հարազատ էր դարձել։Տիգրանը ռազմաճակատ է մեկնել հոկտեմբերի 17֊ին։ Սկզբում գնացել են Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղ, 2 օր մնացել այնտեղ, ստացել են գույք-հանդերձանք, հետո գնացել են Հադրութի շրջանի Մոխրենես, էնտեղից բարձրացել են Մոխրենես գյուղի հարակից սարը, 2 օր էլ այնտեղ մնացել։

Հետո Տիգրանենց ջոկատը Հադրութից նահանջել է, տարբեր տեղերից նահանջածներին հավաքում էին մի տեղ ու տանում Ասկերան: Նրանց ասել են, որ հատուկ գունդ են ձևավորում։ «Առաջին մի քանի օրը Հադրութից հետո մեզ ասում էին, որ գնում ենք տուն՝ արձակուրդ, որովհետև իբրև թե հոգեբանական աջակցություն է պետք էս ամենից հետո, մարդկանց մի մասին՝ 800 հոգուն, արդեն ուղարկել էին, նրանք պետք է հետ գային, որ մենք գնայինք տուն, զարմանալի էր, թե պատերազմի ժամանակ ինչու՞ ենք գնում տուն։ Իրենք ասեցին, որ 5 օրով կգնաք տուն, հետո կգնաք ուսումնական զորամաս կպատրաստվեք, կբաժանվեք դասակների, ջոկերի, իրար կճանաչեք, նոր արդեն կգաք գործողության ու բոլորս սպասում էինք, որ շուտով պետք է գնանք տուն, հետո վերադառնանք ուսումնական զորամաս, բայց 800 հոգուց, հրամանատարների ասելով, 150-ն էին հետ եկել, մնացածը մնացել էին Երևանում»,֊պատմում է նա։

Մոտ 200 մարդ կար այդ ժամանակ Ասկերանում, երբ եկել ու նրանց ասել են, որ մոռանան տուն գնալը, որովհետև տանում են մարտական գործողությունների, առաջարկել են մի քանի տեղ՝ Մարտակերտ, Մարտունի, Հադրութ: Տիգրանի ջոկատն ընտրել է Հադրութը, մտածել են, որ բոլոր տեղերում էլ վատ է, տարբերություն չկա, թե ուր կգնան։

Ցուցակագրման ժամանակ եկել է գնդապետ Բարխուդարյանը, առաջարկել գնալ վերապատրաստվել, բաժանվել ջոկերի։ Նրանք համաձայնել են։ «Ասեց՝ վերապատրաստվենք, ծառայություն տանենք, Լաչինի տարածքները մաքրենք, արդեն դիվերսիոն խմբեր էին մտել։ Մենք համաձայնեցինք, 9 հոգով գնացինք գյուղ Այգեստան, որտեղ ձևավորվում էր էսպես ասած հատուկ գունդը, 3 վաշտ էր, ամեն վաշտում՝ երևի 60 հոգի։ Բարխուդարյանին միայն առաջին օրը տեսանք։ 3-4 օր մնացինք Այգեստանում, սկսեցինք համալրվել, բաճկոններ, քնապարկեր բերեցին, բժշկական համարյա ոչինչ չունեինք, էդ անգամ գոնե զրահաբաճկոն ստացանք՝ ի տարբերություն Հադրութի, էնտեղ չունեինք»,֊պատմում է Տիգրանը։

Հոկտեմբերի 30-ին վաշտի հրամանատարն ասել է, որ հաջորդ օրը գնում են մարտական գործողության։ Ամսի 31-ի երեկոյան 3 վաշտով ճանապարհվել են դեպի Շուշիի շրջան։

Ստեփանակերտի կողմից Շուշի չհասած ԱԹՍ՝ էր պտտվում, նրանք կանգ են առել,  մտել անտառ։ Հետո, երբ ԱԹՍ-ին խփել են, նստել են բեռնատարն ու մտել Քարին Տակ։ Դիրքեր են զբաղեցրել գյուղի դիմացի լանջերին՝ դեպի Սղնախ, վերջին անգամ Տիգրանն այդ ժամանակ է տեսել գնդապետ Բարխուդարյանին։

Զորքը գյուղի անտառների տարբեր տեղերում դիրքավորվել ու մի քանի օր նույն տեղում է մնացել, Տիգրանի պատմելով՝ չէին կարող 10 մետրից ավելի տեղաշարժվել, որովհետև ասել էին, որ ադրբեջանցիներ կան, որենք հայերի համազգեստով են ու լավ են խոսում հայերեն: Ոչ ոք ոչ մեկին չէր վստահում։ Օրվա մեջ մի անգամ բեռնատարով սնունդ էին բերում, 2 հոգի գնում, բերում էին։ Մնացած ժամանակ ամեն մեկն իր տեղում էր մնում։ «Պիտի խրամատ փորեինք, բայց քանի որ անտառապատ լանջեր էին, չէր ստացվում, ամբողջն արմատ էր, փորձեցինք մեր ոտքի տեղն ուղիղացնել, ամեն մեկս մի ծառ վերցրինք ու ծառի տակ էինք քնում։ Օրվա մեջ մի քանի անգամ անդադար  սկսում էին ռմբակոծել, մանավանդ՝ նոյեմբերի 1-ին, այդ օրը շատ ահավոր էր:  Առավոտն եմ հիշում՝ լույսը բացվեց, տեսա Շուշին, ժայռերը Քարին Տակի, մի տեսակ խաղաղություն էր, մինչև սկսեցին ռմբակոծել ու էնքան ուժեղ էր, որ ժամերով մնում էինք ծառի տակ, իսկ մեր կողմից՝ ոչ մի բան։ Հետո ուժեղ ձայներ լսվեցին, մեր հրետանին պատասխան հարված տվեց, բեկորներն անընդհատ թռնում էին՝ ծառերի ճյուղերը ջարդելով, ծուխ էր դուրս գալիս, ոնց որ ֆիլմ լիներ։ Նոյեմբերի 1-ին մեր հրետանին խփեց իրենց, ու ես գիտեի, որ Քարին Տակը մեր վերջին կետն է, եթե անցան մտան Շուշի, ուրեմն վերջ՝ Ստեփանակերտն էլ հետը գրավված է։ Ինձ թվում էր՝ էդ ամբողջ տարածքը զորք է, չէի պատկերացնում, որ էդ հատվածում ընդամենը 150-200 հոգի են»,-պատմում է պատերազմի մասնակիցը։

Նոյեմբերի 2-ին, 3-ին ադրբեջանական հրետանին անդադար կրակում էր, հայկական կողմից պատասխան չէր լինում։ Անընդհատ գյուղի վրա էին կրակում։ 

Տիգրանի պատմելով՝ նոյեմբերի 4-ին, լույսը չբացված, մոտավորապես ժամը 3։30-ին շատ ուժեղ հրետակոծություն է սկսվել, ամեն կողմից ինքնաձիգի ձայն է լսվել, հետևում Սղնախն էր, ու նրանք սպասում էին, որ ադրբեջանական զորքը պիտի Սղնախից գար: Բայց տեսել են, որ Շուշի-Լիսագոր ճանապարհից 4։00-4։30-ին սկսել են հարձակվել Շուշիի վրա։ Լուսածիրներով էին կրակում: Տիգրանը կարծում է, որ էդպես էին անում, հավանաբար, որպեսզի իրար ցույց տան, թե որտեղ են կրակում։ 

Ադրբեջանցիներն արդեն հասել էին Շուշիի տակ։ Տիգրանենք տեսնում էին, որ ճանապարհից կրակում են դեպի Շուշի: Կարծել են, թե շրջափակման մեջ են, քանի որ երեք կողմից կրակում էին, մտածել են, թե ադրբեջանցիները գրավելով հասել են իրենց։ Դրանից մի օր առաջ էլ, նրա խոսքով, Բերձոր-Շուշի-Ստեփանակերտ ճանապարհն էր փակվել, մինչ այդ տեսնում էին, որ մեքենաներ են գնում-գալիս, բայց այդ օրը նկատել էին, որ անցուդարձը դադարել է։ Շուշիի վերևից էլ ադրբեջանցիների վրա էին կրակում, մարտեր էին ընթանում։ Բոլորն իրար կողք էին հավաքվել, քանի որ Արցախի ՄՈԲ-ից հրամանատար ունեին, որի մոտ կապի միջոց՝ ռացիա կար, բոլորը հավաքվել էին, որպեսզի հասկանան, թե ինչ ցուցումներ են ստանալու ու ինչ պիտի անեն։ Երբ հավաքվել են իրար մոտ, Մեծ Քիրս լեռան կողմից թշնամու հրթիռ է անցել իրենց գլխավերևով։ Մի քանի վայրկյան հայացքով հետևել են մութ երկնքում գնացող կարմիր լույսին, որը գնացել ու խփել է Շուշի-Քարին Տակ խաչմերուկում կանգնած մեր զրահատեխնիկային։ 

Նոյեմբերի  4-ի լուսաբացին կրակոցները շատ մոտ էին լսվում։ Հասկանում էին, որ բլրի հակառակ կողմում մարտեր են ընթանում, կրակում են իրար վրա, բայց չէին կարողանում բարձրանալ վերև, սպասում էին, որ երբ հասնեն իրենց, իրենք իրենց տեղից սկսեն կրակել: Ադրբեջանական հրետանին անընդհատ խփում էր բլրին ու չէր հաջողվում վերև բարձրանալ, տեսնել, թե ով ում վրա է կրակում։ « Ձայներ էին լսվում, «ալլահ ակբար» էին գոռում, հասկանում էինք, որ մոտենում են մեզ։ Հաշվարկում էի, որ եթե Սղնախից մի 2 ժամում եկել հասել են մեզ, ուրեմն մի 5-10 րոպե մնաց, արդեն մեզ են հասնում։ Ռացիայով երևի թե վաշտի հրամանատարն էր, հստակ չեմ հիշում, դասակի հրամանտարին կապ է տալիս ու ասում, որ բոլորս իջնենք դեպի գետ, նահանջ հրաման են տալիս, ինչպես հետո հասկացա, այդ օրը ամբողջ զորքը դուրս է եկել Քարին Տակից»,- ասում է Տիգրանը:

Բոլորն իջնում են Կարկառ գետի կողմը, նրանց գումարտակը տարբեր կողմերից հավաքվում է գետի մոտ, բարձրանում են Քարին Տակ, էնտեղ արդեն խրամատներ կային, խրամատներում դիրքավորվում են, ադրբեջանցիներն էլ գնում են այն վայրը, որտեղ Տիգրանենց գումարտակն էր հոկտեմբերի 31-ից։ 

«Խառը վիճակ էր, ոչ ոք չէր հասկանում՝ ինչ պիտի անի, մենք տների հետևներում սպասում էինք,  ով որ ռացիա ուներ, հավանաբար հրամանատար էր, հստակ չեմ հիշում, ինչ-որ մեկի հետ կապի մեջ էր, ասում էր՝ մարդ ուղարկեք էդ ճանապարհի վրա՝ Լիսագոր-Շուշի, թող էնտեղից մեզ ասեն՝ ադրբեջանցիներ կան, թե չէ, ասեցինք՝ մեզ մի բան ասեք, որ մենք կարողանանք գյուղից դուրս գալ, որովհետև մեզ օգնություն, ոնց հասկացա, չէր գալիս։ Էնքան մանրուքներ կան, ես հիմա հաստատ բան չեմ կարողանում ասել, բայց եթե վերլուծեն, կհասկանան։ Այսինքն՝ մենք չպիտի մնայինք Քարին Տակում։ Խնդիրն էսպես էր՝ մեզ օգնություն չէր գալու, խնդիր էր դրված, թե մենք ո՞նց պիտի դուրս գանք Քարին Տակից: Բայց մտածում էի՝ ինչի՞ պիտի մենք դուրս գանք Քարին Տակից, ինչու՞ են նահանջ հրաման տվել, պատերազմ է, ու դու եթե չես պատրաստվում էդ ամեն ինչը հանձնել, պիտի կռիվ անես։ Հադրութից սկսած՝ էդ հարցը կար իմ մեջ, ինչու՞, օգնություն չէր գալիս, իսկ զորքը պիտի հասկանար, թե ոնց է դուրս գալիս էդտեղից»,-պատմում է Տիգրանը։

Քարին Տակում մնացել են մինչև նոյեմբերի 4-ի ժամը 3-ը, ուզում էին հասկանալ՝ գյուղի ճանապարհն ազատ է, թե ոչ, էդպես էլ էդ հարցի պատասխանը չստացան։ Որոշեցին ինքնուրույն գնալ նայել, մտածում էին, որ եթե անգամ ադրբեջանցիներ էնտեղ լինեն, հաստատ 1000-ներով չեն լինի, կկարողանան կռվել, գյուղում մնալն էլ վտանգավոր էր, նորմալ զենք չունեին, անընդհատ հրետակոծության տակ էին։ 

Գյուղից դուրս են եկել ու տեսել, որ ճանապարհն ազատ է, հայկական զորքից էլ մարդիկ կային՝ մոտ 20 հոգի, առանց զրահաբաճկոնների, առանց սաղավարտների, տարբեր համազգեստներով, մոտ 40 տարեկանին մոտ տղամարդիկ էին։ «Իրենք մեզնից հետո պիտի պահեին էդ գիծը, որ ադրբեջանցիները չմտնեն, մտքումս էդ էր՝ ասում էի՝ 20 հոգի՞ է հիմա Շուշին պահելու, կամ մենք եթե էդտեղ էինք, ինչի՞ չմտանք Շուշի, Շուշին այդ ժամանակ դեռ մերն էր։ Ինչի՞ մենք, նահանջելու փոխարեն, չենք մտնում Շուշիում դիրքավորվենք։ Ժայռերի վերևում մարդ չկար, այսինքն՝ եթե ադրբեջանցիները լանջերով գալիս են, որ մտնեն Քարին Տակ, Շուշիի ժայռերից ամենահարմար տեղն է, որ կարող են իրենց վրա կրակել։ Բայց էնտեղ մարդ չկար, էնտեղից ոչ ոք չէր կրակում, Ժայռերը դատարկ էին։ Շուշիի խաչմերում մոտ 20 հոգի էին, էնպիսի տպավորություն էր, որ այդ ամենն արդեն հանձնված է, մնում է մենք էլ դուրս գանք ու վերջ։ Իմ մոտ էդպիսի զգացողություն էր, ոնց որ պատերազմն ավարտվել էր, ուղղակի վերջին կրակոցներն են»,- ասում է Տիգրանը։

Տիգրանը հստակ չի կարողնաում ասել՝ իրենց գումարտակից բացի այլ զորք եղել է գյուղում, թե՞ ոչ, որովհետև տեղաշարժվելու հնարավորություն, հրաման չեն ունեցել։ Ամեն մեկն իր դիրքում կանգնած է եղել, 10  մետր անգամ իրենց դիրքից չեն հեռացել։ Իրենց զորքի հրամանատարը  Բարխուդարյանն էր, նա էր ղեկավարում Քարին Տակի գործողությունը։

«Ասում են՝ ադրբեջանցիների գրոհը մի քանի հազարանոց զորքով էր, ու մենք մոտ 150-200 հոգով էինք, բնականաբար, ուժերն անհավասար են, բայց խնդիրն այն է, թե ինչու՞ էինք մենք 150 հոգով։ Որովհետև, երբ վերջում վարչապետ Նիկոլ Փաշինայնն ասում է՝ 20-30 000 զորք փրկվեց, չմնաց շրջափակման մեջ, զարմանում եմ, եթե մարտերն էդ պահին Շուշիում ու դրա մերձակայքում էին ընթանում, ինչու՞ էր զորքը կենտրոնացված, ասենք, Քարվաճառում։ Ինձ թվում էր՝ ամբողջ Հայաստանի զորքը 1000-ներով բոլորը կենտրոնացրել են Շուշի, Քարին Տակ հատվածի վրա։ Երևանում էլ ինչքա՞ն մարդ կար, որոնց ուղղակի չզորակոչեցին, այսինքն՝ մենք մարդու խնդիր չունեինք, էնպես չէր, որ Հայաստանում տղամարդկային ռեսուրսը սպառվել էր, մնացել էին 150-200 հոգին, ու մենք էլ չգիտեինք՝ ոնց կռվեինք, ու չէինք կարող կռվել այդ մի քանի հազարի դեմ»,-նշում է Տիգրանը։ 

Նա հասկանում էր, որ ամեն ինչ տանում էր դեպի պարտություն, հասկանում էր, որ պարտվում են, բայց ներքին համոզմունքը կար, թե ինչ-որ մի լավ բան կլինի։ Երբ նահանջի հրաման են ստացել, Տիգրանին թվացել է, թե դա ինչ-որ հատուկ գործողության նախաբան է։ Իրենց գյուղից դուրս են բերում, որ հակառակորդի համար ծուղակ պատրաստեն։ Հետո հասկացել է, որ ուղղակի նահաջում են։

 Քարին Տակի արխիվային լուսանկարները՝ Տիգրան Շահբազյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter