HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ պատգամավորները դատապարտում են Ադրբեջանի նախահարձակ գործողությունները Հայաստանի սահմանների նկատմամբ

Խորհրդարանի արտահերթ նիստում շարունակվում է սահմանային իրավիճակի քննարկումը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում հարց հնչեցրեց, թե ուր է պաշտպանության նախարարը, ապա հեգնեց` «թերևս Հյուսիսային պողոտայի սրճարաններից մեկում ճաշում է, ժամանակ չունի խորհրդարան գալ»: Պատգամավորը հիշեցրեց խորհրդարանի հատուկ նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինայնի խոսքերը, ըստ որի՝ սահմանն իդեալական կահավորված է:

«Որտե՞ղ էր մեր զինուժը, երբ 250 ադրբեջանցիներ 3,5 կմ հատում էին Հայաստանի պետական սահմանը, ընդ որում՝ հատել են ճեմելով, առանց մեկ կրակոցի, վերցրել են ռազմավարական նշանակություն ունեցող Սև լճի տարածքը, որի ջային ռեսուրսներից օգտվում է Գորիսը և էլի 9 բնակավայրեր: Սիսիանը և Գորիսը ուղիղ նշանակետերի տակ են, որտե՞ղ է եղել բանակը, երբ հովիվն է իրազեկել՝ Ադրբեջանի զինված ուժերը հատել են մեր սահմանը»,-ասաց Զոհրաբյանը:

Պատգամավորը նաև հարց հնչեցրեց, թե ինչու 250 ադրբեջանցիները չեն գերեվարվել որպես դիվերսանտներ:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն իր ելույթում ընդգծեց` ժամանակն է ի վերջո հասկանանք, թե ում հետ գործ ունենք  և խաղաղության պատրանքները մի կողմ դնենք: Ըստ նրա` այսուհետ որևէ մեկի մտքով չպետք է անցնի այնպիսի իրավիճակ, որ պետք է հարաբերվենք մեր հարևանների հետ: Սիմոնյանը նաև ընդգծեց` ուժի կիրառման սպառնալիքը ևս պատերազմի հայտարարություն է, պարտադիր չէ, որ այն ուղեկցվի ռազմական գործողություններով:

«Ուժ է գործադրվել Հայաստանի նկատմամբ, թեկուզև որևէ կրակոց չի եղել, սակայն զորքի տեղաշարժն արդեն իսկ ուժի գործադրման ակտ է: Մեր սահմանի ամեն մետրտ լիտրերով արյուն արժի, չպետք է հասնեինք այս իրավիճակին ու նոր մտածեինք աձագանքելու մասին»,-ասաց նա:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայլեյանը, արձագանքելով պատգամավորների ելույթներին, ընդգծեց, որ ո'չ ռուսամետ է, ոչ էլ՝ ամերիկամետ, հայամետ զինվոր է, որը ժամանակին զենք է վերցրել ու կռվել: Միքայելյանն ընդգծեց` երկրին ներքին կայունություն ու համախմբվածություն է հարկավոր, ոչ թե միմյանց հասցեին քննադատություններ ու մեղադրանքներ հնչեցնելը:

«Եկեք արհավիրքի դեմն առնենք, համախմբված լինենք, մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին, որը պարտավոր է օգնել, բայց դա չի նշանակում, որ ձեռքներս ծալած պետք է նստենք, որ մեզ ՀԱՊԿ-ն օգնի»,-ասաց նա:

Միքայելյանը հայտնեց, որ քաջատեղյակ է, թե ինչ է կատարվում սահմանում, ձյուն է եղել, դա է պատճառը, որ հնարավոր չի եղել կահավորել որոշ դիրքեր:

Միքայելյանի խոսքով` արդեն երկու օր է ԵԿՄ-ում համար մեկ հրաման է տվել ու դիմել ՊՆ-ին և զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, սակայն առայժմ թույլտվություն չունեն ՊՆ-ից սահման մեկնելու:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն էլ շնորհակալություն հայտնեց ընդդիմադիր խմբակցություններին նման քննարկում նախաձեռնելու համար, ապա նշեց` ըստ իրեն պատահական չէ, որ նման դեպքերը զարգացել են խորհրդարանի` իրավունք ուժով արձակումից երկու օր անց:

«Իմ դիտարկմամբ՝ Բաքվի նպատակներից մեկն է ստուգել մեր դիմադրողականությունը, Ալիևն օրեր առաջ խոսում էր, որ հայկական պետություն չկա, բանակ չկա, այդ շրջանակում դիմադրողականության չափն է ուզում ստուգել»,-ասաց նա: Հայրապետյանը, դիմելով գործընկերներին, նկատեց, որ գործնական օգնություն պետությանը կարող են ցույց տալ կայունությունը պահպանելով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter