
Փաշինյան. «Ադրբեջանի նպատակը ռազմական բախում հրահրելն է Հայաստանի տարածքում»
Խորհրդարանի արտահերթ նիստում շարունակվում է քննարկվել սահմանային իրավիճակը: Խորհրդարան է եկել նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, վերջինս,իր ելույթում անդրադառնալով 250 ադրբեջանցիների` Հայաստանի պետական սահմանը հատելուն, ասաց, որ մեր զինված ուժերը մարտավարական կանխարգելիչ գործողություններ են իրականացրել` առանց հրազենի կիրառման և կանգնեցրել նրանց տարբեր խորությունների վրա: Փաշինյանը հիշեցրեց, որ Սև լճի տեղանքում ադրբեջանցիներին հաջողվել է մինչև 3,5 կմ խորությամբ առաջանալ: Ըստ նրա` առաջին գործողությունը, որն իրականացրել է կառավարությունը, եղել է իրադրության գնահատումը:
«Մեր գնահատականը եղել է միանշանակ, որ Ադրբեջանի նպատակը ռազմական բախում հրահրելն է Հայաստանի տարածքում, և սա լոկալ ակցիա չէ, և սա հիմնավորող մի քանի փաստարկներ կան»,-ասաց Փաշինյանը:
Վերջինս հիշեցրեց, որ սադրանքների մեկնարկի օրը Ադրբեջանի նախագահը հայտարարել է 15 հազար զինծառայողների` լայնածավալ զորավարժություններին մասնակցելու մասին, ինչը չէր կարող զուգադիպություն լիներ: Վարչապետի պաշտոնակատարը նաև հիշեցրեց, որ դեռևս ապրիլի վերջին Իլհամ Ալիևը Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող ելույթ էր ունեցել` ասելով, որ ուժի գործադրմամբ միջանցք կբացի Ադրբեջանի և Նախիջևանի միջև:
Մյուս հիմնավորումն այն էր, որ Սև լիճը Հայաստանի հարավային ամենանեղ հատվածում է գտնվում:
«Վերլուծելով իրավիճակը՝ որոշում ենք կայացրել գործի դնել անվտանգային համակարգի ռազմաքաղաքական մեխանիզմները: Եթե խնդիրը լիներ մի տեղանքի վերաբերյալ, պաշտպանության նախարարը, շտաբի պետը վստահեցրել են, որ ռազմական որևէ խնդիր չկա, մեր զինված ուժերն ի վիճակի են տեղային առումով հարցը լուծել: Բայց քանի որ վերլուծությունները ցույց են տվել, որ գործ ունենք մեծ հավանականությամբ ծավալուն ռազմական բախում հրահրելու հետ, որոշում է կայացվել ոչ թե լոկալ գործողությունների դիմել, այլ գործադրել ռազմաքաղաքական անվտանգության մեխանիզմը»,-ասաց նա:
Փաշինյանի խոսքով` կառավարության համար ամենակարևոր խնդիրը եղել է իրավիճակի հստակ արձանագրումը և ապացուցելիությունը հիմավորելը, սա է պատճառը, որ գործի է դրվել ՀԱՊԿ կանոնադրության երկրորդ հոդվածը: Փաշինյանը հիշեցրեց, որ ՀԱՊԿ-ում նախագահում է Տաջիկստանի նախագահը, և դա է պատճառը, որ գրավոր վերջինիս է դիմել, ապա հավելեց, որ, ըստ ընթացակարգի, մի քանի օր անց համատեղ կոնսուլտացիաների մեխանիզմ գործի կդրվի:
Փաշինյանը նաև հիշեցրեց, որ դեռ երեկվանից բանակցություններ են ընթանում, որ ադրբեջանցիները հեռանան Հայաստանի սահմանից, որոշ հատվածներից նրանք հեռացել են, որոշներից` ոչ: Ըստ Փաշինյանի` այդ բանակցություններում Հայաստանի դիրքորոշումը հստակ է և միանշանակ, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է լքեն Հայաստանի տարածքը, և այդ դիրքորոշումն արձանագրված է որպես բանակցային բովանդակություն: Այսօր բանակցություններն ընդհատվել են, դրանք կվերսկսվեն վաղը 15:00-ին:
«Ուզում եմ արձանագրել կարևոր նրբություն, կարևոր է միջազգային գործընկերների, նաև ՀԱՊԿ-ի համար պարզաբանումը, թե տվյալ կոորդինատներով տարածքը որ երկրին է պատկանում: Այսօր բանակցություններին են միացել նաև ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչներն իրենց աշխատանքային քարտեզներով, և կարևոր արձանագրում է տեղի ունեցել. մեր և ռուսական 102-րդ ռազմաբազայում առկա քարտեզները աներկբա են դարձնում սահմանային գծերի վերաբերյալ մեր պնդումները»,-ասաց նա:
Փաշինյանը պնդեց`ռազմաբազայի քարտեզների համաձայն ևս` այդ տարածքները Հայաստանի Հանրապետությանը պատկանող տարածքներ են, հետևաբար այն ՀԱՊԿ, ինչպես նաև՝ հայ-ռուսական միացյալ զորախմբի տարածքում:
Փաշինյանի խոսքով, քանի որ ադրբեջանցիները, չնայած ձեռք բերված պայմանավորվածությունների, ոչ բոլոր տարածքներից են հեռացել, ուստի դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` նաև ռազմական օգնություն ցուցաբերելու խնդրանքով:
Փաշինյանը կարևորեց նաև Ֆրասիայի նախագահի հետ իր հեռախոսազրույցը՝ հիշեցնելով, որ Էմանուիլ Մակրոնը հայտնել է իր դիրքորոշումը, որ հարցը ներառվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում և կարգավորվի ՄԱԿ-ի մանդատով: Փաշինյանի խոսքով` Մակրոնը պատրաստակամություն է հայտնել, ըստ անհրաժեշտության, նաև ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին:
Մեկնաբանել