HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պաղեստինի զինանոցը. ինչ հրթիռներ է կիրառում մասամբ ճանաչված պետությունը Իսրայելի դեմ

Վերջին մի քանի օրերի ընթացքում իսրայելա-պաղեստինյան հակամարտության նոր սրումն ունի մահացու, կործանիչ ազդեցություն մերձավորարևելյան այդ երկու երկրների համար։ Այդուհանդերձ, ազդեցության համամասնությունը հավասար չէ։ Իսրայելի բանակն անհամեմատելի ուժեղ է, իսկ նրա հարվածներից մեծապես տուժում է Գազայի հատվածի խաղաղ բնակչությունը։

BBC-ի միջազգային քաղաքականության փորձագետ Ջոնաթան Մարկուսն ուսումնասիրել է մասամբ ճանաչված այդ պետության կողմից կիրառվող հրթիռները, որոնք հարվածներ են հասցնում Իսրայելի քաղաքներին։ «Հետք»-ը թարգմանաբար ներկայացնում է հոդվածը։

Իսրայելի ռազմաօդային ուժերը, նրա հարվածային դրոնները և տվյալների հավաքման համակարգերը հնարավորություն են տալիս Իսրայելին առանց խոչընդոտների Գազայում ընտրել և վերացնել անհրաժեշտ թիրախները։ Իսրայելցի զինվորականները վստահեցնում են, որ հարվածում են միայն օրինական թիրախներին, սակայն Գազայի հատվածում բնակչության խիտ բնակեցվածությունը և այն հանգամանքը, որ ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադ»-ի օբյեկտները տեղակայված են քաղաքացիական կառույցների մոտ և հաճախ հենց դրանց մեջ, քաղաքացիական բնակչության շրջանում հնարավորություն չեն տալիս խուսափել զոհերից։ 

Միևնույն ժամանակ, ՀԱՄԱՍ-ն ու «Իսլամական ջիհադ»-ը ունեն բավականաչափ զինանոց, որոնցով կարող են հարվածներ հասցնել Իսրայելին։ Նրանք կիրառում են պայքարի մի քանի տարբերակներ։ 

Իսրայելի զինված ուժերը խոցել էին անօդաչու թռչող սարք (հավանաբար մարտական), որն արձակվել էր Գազայի տարածքից։ ՑԱԽԱԼ-ի (Իսրայելի պաշտպանության բանակ) մամուլի քարտողարն էլ հայտարարել էր, որ ՀԱՄԱՍ արմատական խմբավորումը Իսրայելի տարածք է փորձում ներթափանցել գաղտնի թունելների միջոցով, սակայն, իսրայելցիները հավանաբար իմացել են այդ, մասին, և ինչպես նշել է մամուլի քարտուղարը, «վերացրել են դրանք»։

Պաղեստինցիների գլխավոր զենքը հրթիռներն են. տարբեր տիպի «երկիր-երկիր» հրթիռները։ Դրանց մի մասը, այլ սպառազինությունների հետ միասին, ինչպես օրինակ ռուսական արտադրության «Կոռնետ» հակատանկային համալիրը, ենթադրաբար, թունելներով բերել են Եգիպտոսի տարածքից։ 

Այդուհանդերձ, ՀԱՄԱՍ-ն ու «Իսլամական ջիհադ»-ը իրենց հրթիռներն հիմնական մասն իրենք են արտադրում։ Գազայի հատվածում նրանք ստեղծել են արտադրական համալիր, որն արագ զարգանում է և բավականաչափ բարձր տեխնոլոգիական է։ Իսրայելցի և արտասահմանյան փորձագետները կարծում են, որ այդ համալիրի ստեղծման գործում պաղեստինցիներին օգնել է Իրանը։ Ներկայումս, հրթիռների արտադրության և պահպանման վայրերը դարձել են Իսրայելի բանակի առաջնային թիրախները։ 

Թե ինչքան հրթիռ ունեն պաղեստինցիները, անհայտ է և հնարավոր չէ այն գնահատել։ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղարը նշում է, որ, իրենց տվյալներով, ՀԱՄԱՍ-ը նույն ինտենսիվությամբ Իսրայելի վրա կարող է կրակել «բավականին երկար ժամանակ»։ 

Պաղեստինցիներն իրենց տրամադրության տակ ունեն հրթիռների տարբեր տեսակներ։ ՀԱՄԱՍ-ի հրթիռները հիմնական մասը ներառում են 10 կիլոմետր հեռահարությամբ «Քասամ» հրթիռները, 16 կիլոմետր հեռահարությամբ «Քուդս» հրթիռները, մինչև 55 կիլոմետր հեռահարությամբ համազարկային կրակի «ԲՄ-21 Գրադ» ռեակտիվ համակարգը, ինչպես նաև մինչև 55 կիլոմետր հեռահարությամբ «Սեջիլ-55» հրթիռները։

Բացի այդ, ՀԱՄԱՍ-ը ունի նաև հեռահար հրթիռներ. M-75 (մինչև 75 կիլոմետր), «Ֆաջր» (մինչև 100 կիլոմետր), R-160 (մինչև 120 կիլոմետր) և M-302 (մինչև 200 կիլոմետր)։ Այսինքն, ՀԱՄԱՍ-ը կարող է հարվածներ հասցնել և՛ Երուսաղեմին, և՛ Թել Ավիվին, ինչպես նաև Իսրայելի խիտ բնակեցված միջերկրածովյան ափագծին։

Հակամարտության սրման երրորդ օրը Իսրայելի զինված ուժերը հայտարարել էին, որ Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի քան 1000 հրթիռներից մոտ 200-ն ընկել են Գազայի տարածքում։ Հավանաբար սա խոսում է անորակ հրթիռների արտադրության մասին։ ՑԱԽԱԼ-ը պնդում է, որ արձակված հրթիռների 90 %-ը հնարավոր է եղել ոչնչացնել «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգի միջոցով, ինչը նշանակում է, որ այն ամբողջությամբ չի փակում Իսրայելի երկինքը։ 

Սեփական անվտանգության հարցը լուծելու համար Իսրայելը կարող է սկսել ցամաքային ռազմագործողություն։ Այս առումով Գազայի հատվածը խոցելի է, քանի որ տարածքը փոքր է և որպես այդպիսին «թիկունք» հասկացություն գրեթե գոյություն չունի։ Սակայն, ինչպես ցույց տվեց 2014 թվականին Գազայի հատված նախորդ մեծ ներխուժումը, դրա գինը բավականին մեծ է։ Այն ժամանակ զոհվել էր 2251 պաղեստինցի, այդ թվում 1462 խաղաղ բնակիչ, իսկ իսրայելական կողմից՝ 67 զինծառայող և 6 քաղաքացիական անձ։

Կրկնվող կրակոցների, պատասխան հարվածների և ներխուժումների ամբողջ ցիկլը ոչ մի տեղ չի տանում։ Լավագույն դեպքում հաստատվում է ժամանակավոր հրադադար։ Իսրայելա-պաղեստինյան հավերժական վեճը լուծելու համար անհրաժեշտ է կողմերի կամքն ու արտաքին խաղացողների հետևողական ջանքերը։ Բայց պաղեստինցիները, ինչպես միշտ, պառակտված են, Իսրայելի ներկայիս ղեկավարության համար այդ թեման ընդհանրապես առաջնային չէր։ Ընդհանուր առմամբ, կայուն խաղաղության հասնելու նախադրյալներ հիմա պարզապես չկան։

Իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում վերջին իրադարձությունների վերաբերյալ թարմացվող լրահոսին կարող եք ծանոթանալ այստեղ։

Լուսանկարը՝ Abed Rahim Khatib/Flash90

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter