HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելը հայտարարել է հրադադարի միակողմանի հաստատման մասին (թարմացվող)

23:55 (մայիսի 20)

Իսրայելի անվտանգության կաբինետը հավանություն է տվել Գազայի հատվածում, պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման դեմ, հրադադարի միակողմանի հաստատմանը։ Այդ մասին գրում է ТАСС-ը՝ հղում անելով Իսրայելի 7-րդ ալիքին։

Վերջինիս տվյալներով՝ որոշումն ընդունվել է ձայների մեծամասնությամբ։ Ինչպես հայտնում է Al Arabiya հեռուստաընկերությունը՝ նախնական տվյալներով հրադադարը ուժի մեջ կմտնի մայիսի 21-ին, ժամը 02:00-ին։ 

Այդուհանդերձ, արաբական լրատվամիջոցները հայտնում են, որ այս ժամերին կողմերն ինտենսիվորեն հրթիռակոծում են հակամարտության մյուս կողմերի քաղաքները։ 

Reuters-ի տվյալներով էլ՝ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը ևս հաստատել է մայիսի 21-ին, ժամը 02:00-ից Իսրայելի հետ «փոխադարձ և միաժամանակ» հրադադարի հաստատումը։

21:13 (մայիսի 20)

Իսրայելի անվտանգության կաբինետը հինգշաբթի երեկոյան կքննարկի Գազայի հատվածում կրակի միակողմանի դադարեցման հարցը։ Այդ մասին հայտնում է իսրայելական Kan պետական ռադիոկայանը՝ հղում անելով իր աղբյուրին։ 

Վերջինիս տվյալներով՝ կրակի միակողմանի դադարեցումը պետք է ուժի մեջ մտնի ուրբաթ օրվանից։

19:22 (մայիսի 20)

Իսրայելի իշխանությունները եգիպտացի միջնորդին տեղեկացրել են Գազայի հատվածում ռազմագործողության դադարեցման մտադրության մասին։ Այդ մասին հայտնում է Al Jazeera-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։

Վերջինիս տվյալներով՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարությունը «եգիպտական միջնորդին պաշտոնապես տեղեկացրել է ռազմական գործողության դադարեցման մտադրության մասին»։

Զուգահեռաբար, իսրայելական Ynet պորտալը ևս հայտնում է, որ ռազմական գործողությունները կարող են դադարեցվել արդեն ուրբաթ օրը՝ մայիսի 21-ին։

18:41 (մայիսի 20)

Առաջընթաց է գրանցվել հրադադարի վերաբերյալ իսրայելա-պաղեստինյան բանակցություններում, սակայն հրադադարի հաստատման ժամկետներ դեռևս չեն նշվում։ Այդ մասին TACC գործակալությանը հայտնել են Կահիրեի դիվանագիտական աղբյուրները։ Եգիպտոսը ավանդաբար հանդես է գալիս Պաղեստինի և Իսրայելի միջնորդի դերում։

«Առաջընթաց է գրանցվել Իսրայելի կառավարության և պաղեստինյան խմբավորումների միջև հրադադարի հաստատման հարցում, սակայն ժամկետների վերաբերյալ վեճերը շարունակվում են»,- նշել է աղբյուրը։

17:32 (մայիսի 20)

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հինգշաբթի օրը, ժամը 19:00-ին նշանակել է անվտանգության հարցերով կաբինետի նիստ։ Այդ մասին հայտնում է իսրայելական 13-րդ հեռուստաընկերությունը։

Վերջինիս տվյալներով՝ խորհրդակցության ընթացքում կքննարկվի Գազայի հատվածում ռազմագործողության շարունակման նպատակահարմարությունը և հրադադարի հաստատման հնարավորությունը։

11:53 (մայիսի 20)

«Իզզեդին ալ Քասամ» բրիգադը, որը համարվում է Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ արմատական շարժման մարտական թևը, հայտարարել է, որ հակատանկային հրթիռով հարված է հասցրել Իսրայելի բանակի զինծառայողներ տեղափոխող ավտոբուսին։ Այդ մասին հայտնում է Al-Aqsa հեռուստաընկերությունը։ 

Հաղորդագրության համաձայն՝ հարձակումն իրականացվել է Գազայի հատվածի հյուսիսային հատվածից։ Նշվում է, որ որոշ ժամանակ անց այդ շրջանը ենթարկվել է ականանետային արկակոծման։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ արկակոծման արդյունքում իսրայելցի մեկ զինծառայող ստացել է թեթև աստիճանի մարմնական վնասվածքներ։

23:09 (մայիսի 19)

Գազայի հատվածում, Իսրայելի զինված ուժերի գործողությունների արդյունքում, զոհերի թիվը հասել է առնվազն 227-ի, ներառյալ 64 անչափահաս։ Այդ մասին հայտարարել է Գազայի հատվածի Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ Եվս 1620 մարդ վիրավորվել է։ 

«227 մարդ զոհվել է, որոնց թվում 64-ը անչափահաս են, 38-ը կին և 17-ը տարեց, ևս 1620 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,- գերատեսչության հայտարարությունը մեջբերել է Al-Quds-ը։ 

21:21 (մայիսի 19)

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ժամանակ վերջինս հայտնել է, որ չորեքշաբթի օրը իրավիճակի էական դեէսկալցիա է ակնկալում Իսրայելի և Պաղեստինի միջև։ Այդ մասին նշվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ 

«ԱՄՆ նախագահը վարչապետին հայտարարել է, որ այսօր ակնկալում է էական դեէսկալացիա հրադադարի հաստատման ճանապարհին»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։ «Կողմերը մանրամասն քննարկել են Գազայի հատվածում առկա իրավիճակը, ՀԱՄԱՍ-ի և ահաբեկչական մյուս կազմակերպությունների պոտենցիալի կրճատման ուղղությամբ Իսրայելի առաջընթացը, ինչպես նաև ԱՄՆ և տարածաշրջանի մյուս երկրների շարունակվող դիվանագիտական ջանքերը»,- հայտարարել է Սպիտակ տունը։

19:44 (մայիսի 19)

Հորդանան գետի արևմտյան ափին, Հևրոն քաղաքի մոտ, զինված պաղեստինուհին կրակ է բացել իսրայելի զինծառայողների ուղղությամբ։ Այդ մասին հայտնում է The Times of Israel-ը։

Վերջինիս տվյալներով՝ պատահարը տեղի է ունեցել Հևրոնի մոտ գտնվող Կիրյաթ Արբա հրեաբնակ բնակավայրում։ Հարձակվողը սպանվել է։ Իսրայելական կողմից տուժածներ չկան։

18:14 (մայիսի 19)

Մայիսի 19-ին Լիբանանի տարածքից չորս հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ հրթիռներից մեկը որսացել է «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգի կողմից։ Մյուսները, հավանաբար, ընկել են բաց տարածությունում։

Բացի այդ, Իսրայելն իր հերթին հարվածներ է հասցրել Լիբանանի տարածքում գտնվող մի շարք թիրախների։

17:32 (մայիսի 19)

Մարոկկոյի կողմից Պաղեստինի բնակչությանն ուղղված հրատապ հումանիտար օգնությունը մայիսի 19-ին հասել է Գազայի հատված՝ Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքի հսկիչ անցագրային կետի տարածքով։ Այդ մասին հայտնում է Maghreb Arabe Press-ը։ 

Հումանիտար օգնությունը Եգիպտոսում Մարոկկոյի դեսպան Ահմեդ Տազիի միջոցով փոխանցվել է Պաղեստինի Առողջապահության նախարարության ներկայացուցչին։ 

Պաղեստինի իշխանություններն իրենց շնորհակալությունն են հայտնել Մարոկկոյին։

16:14 (մայիսի 19)

Իսրայելը փորձեր է ձեռնարկում վերջ դնել Գազայի հատվածում մարտական գործողություններին։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ 

«Իսրայելը փորձում է հասնել ՀԱՄԱՍ-ի զսպմանը և այդպիսով վերջ դնել մարտական գործողություններին»,- վարչապետի խոսքերը մեջբերել է Times of Israel-ը։ Զուգահեռաբար Նեթանյահուն հայտարարել է, որ իր երկիրը չի բացառում իրավիճակի զարգացման մյուս տարբերակները։

14:12 (մայիսի 19)

Ֆրանսիան, Եգիպտոսը և Հորդանանը իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերին կոչ են անում անմիջապես հրադադար հաստատել։ Այդ մասին նշվում է եռակողմ հայտարարության մեջ, որը տարածել է Ելիսեյան պալատը։

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Հորդանանի թագավոր Աբդալա II-ը և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին կողմերին կոչ են արել անմիջապես պայմանավորվել հրադադարի շուրջ»,- նշվում է փաստաթղթի մեջ, որը հրապարակվել է բանակցությունների արդյունքում։ 

22:56 (մայիսի 18)

Պաղեստինի Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերջին սրման ժամանակ Գազայի հատվածում զոհվել է առնվազն 213 մարդ, ներառյալ 61 երեխա։ Ավելի քան 1500 պաղեստինցիներ վիրավորվել են։ 

Իսրայելական կողմից զոհվել է 12 մարդ, ներառյալ երկու երեկա, մինչդեռ վիրավորների թիվը հասել է 300-ի։

22:14 (մայիսի 18)

Գազայի հատվածից Պաղեստինի արմատականները տեղի ժամանակով առավոտյան 07:00-ից 19:00-ն Իսրայելի քաղաքների ուղղությամբ արձակել են 270 հրթիռ, ևս 45-ը պայթել են պաղեստինյան այդ տարածքում։ Այդ մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ 

«19:00-ի դրությամբ՝ առավոտյան 07:00-ից Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ գրանցվել է 270 հրթիռի արձակում։ 45 հրթիռ ընկել է Գազայի հատվածում։ «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգը կարողացել է որսալ հրթիռների շուրջ 90 %-ը»,-նշվում է հայտարարության մեջ։

20:43 (մայիսի 18)

Գազայի հատվածում պաղեստինյան արմատականների դեմ Իսրայելի գործողությունները կշարունակվեն այնքան, որքան անհրաժեշտ է։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ Բեեր Շևա քաղաքի մոտ գտնվող Իսրայելի ռազմաօդային ուժերի բազա այցի ժամանակ։

«Մեր թշնամիները տեսնում են, թե ինչ գին են ստիպված վճարել մեր դեմ ծավալված ագրեսիայի դիմաց։ Ես վստահ եմ, հիմա նրանք ենթադրություններ կանեն։ <...> Գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է Իսրայելի քաղաքացիների հանգստությունը վերականգնելու համար»,- վարչապետի խոսքերը մեջբերել է The Times of Israel-ը։ 

Նեթանյահուի խոսքերով՝ ՀԱՄԱՍ խմբավորմանը Իսրայելի զինված ուժերը հասցրել են անսպասելի հարված, որը նրանց հետ է գցել մի քանի տարի։

19:22 (մայիսի 18)

Միացյալ Նահանգները կարծում է, որ այն հարցը, թե արդյոք անհրաժեշտ է իրականացնել հետաքննություն՝ իսրայելցիների և պաղեստինցիների կողմից հակամարտության ներկայիս սրման ժամանակ ռազմական հնարավոր հանցագործությունների վերաբերյալ, պետք է որոշի միջազգային հանրությունը։ Այդ մասին լրագրողների համար կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին։

«Այդ որոշումը պետք է ընդունի միջազգային հանրությունը։ Ես կասեի, որ Միացյալ Նահանգների նպատակը հիմա այդ ընթացիկ հակամարտությանը վերջ դնելն է։ Դրա վրա ենք մենք հիմա ուշադրությունը կենտրոնացնում»,- նշել է Փսաքին։ 

18:33 (մայիսի 18)

Գազայի հատվածում Իսրայելի գործողություններն ընդդեմ արմատականների կշարունակվեն ևս մի քանի օր։ Այդ մասին հայտարարել է Բենյամին Նեթանյահուն՝ երկրի հարավում տեղական խորհուրդների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

«Գործողությունը կշարունակվի առնվազն դեռ մի քանի օր։ Դրանից հետո ցանկացած կրակոց կստանա վճռական պատասխան»,- Նեթանյահուի խոսքերը մեջբերել է The Times of Israel-ը։

17:49 (մայիսի 18)

Հազարավոր մարդիկ երեքշաբթի օրը՝ մայիսի 18-ին, ՖԱԹՀ և ՀԱՄԱՍ շարժումների կոչով, դուրս են եկել համընդհանուր գործադուլի, որը տեղի է ունենում պաղեստինյան բոլոր տարածքներում։ Ընթացքում դրանք վեր են ածվել Իսրայելի ոստիկանության հետ բախումների։ 

Պաղեստինյան Al-Mamlaka հեռուստաընկերության տվյալներով՝ տասնյակ մարդիկ տուժել են արցունքաբեր գազից և ռետինե փամփուշտներից։ Պաղեստինի առողջապահության նախարարությունը Հորդանան գետի արևմտյան ափին հայտնել է 11 վիրավորների մասին, որոնք տուժել են Իսրայելի ոստիկանության կողմից կիրառված հրազենի արդյունքում։

16:19 (մայիսի 18)

 «Իզզեդին ալ Քասամ» բրիգադը, որը համարվում է Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ արմատական շարժման մարտական թևը, հայտարարել է իսրայելական երկու՝ Օրիմ և Ռեիմ բազաներին հարվածելու մասին։ Այդ մասին հայտնել է պաղեստինյան Saut Al-Aqsa ռադիոկայանը։ 

«Մենք գրադով հարվածել ենք Օրիմ և Ռեիմ ռազմաբազաներին<...> ի պատասխան չդադարող ագրեսիայի»,- ՀԱՄԱՍ-ի մարտական թևի խոսքերը մեջբերել է ռադիոկայանը։ Բացի այդ բրիգադը հայտարարել է նաև իսրայելական Կիրյաթ Մալախի քաղաքի հրթիռակոծման մասին։

15:19 (մայիսի 18)

Իսրայելի հարվածների արդյունքում Գազայի հատվածին հասցված վնասը հասել է 244 միլիոն ԱՄՆ դոլարի։ Այդ մասին հայտարարել է Գազայի հատվածի կառավարությունը։ «Գազայի հատվածում վնասի ընդհանուր չափը, որը հասցվել է մայիսի 10-ից ի վեր, հասել է 244 միլիոն դոլարի»,- կառավարության ներկայացուցչի խոսքերը մեջբերել է պաղեստինյան Donia Al-Watan ռադիոկայանը։

Ավելի վաղ, Գազայի հատվածի հանրային աշխատանքների և բնակարանաշինության նախարարությունը հայտնել էր, որ Իսրայելի կողմից հրթիռակոծության և հրետակոծության արդյունքում Գազայի հատվածում ավելի քան 800 կառույց ամբողջությամբ ոչնչացվել են, իսկ մոտ 10 000-ը՝ մասամբ։

13:55 (մայիսի 18)

Պաղեստինի Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերջին սրման ժամանակ Գազայի հատվածում զոհվել է առնվազն 212 մարդ, ներառյալ 61 երեխա։ Ավելի քան 1500 պաղեստինցիներ վիրավորվել են։ 

Իսրայելական կողմից զոհվել է 10 մարդ, ներառյալ երկու երեկա, մինչդեռ վիրավորների թիվը հասել է 300-ի։

13:10 (մայիսի 18)

Եգիպտոսի հետախուզության պատվիրակությունը մայիսի 18-ին կարող է ժամանել Իսրայել։ Այդ մասին հայտնում է Al Arabiya հեռուստաընկերությունը։ 

Մեկնաբանելով այս հաղորդագրությունը՝ Իսրայելի Kan պետական ռադիոկայնը նշել է, որ Իսրյաելի կողմից դեռևս չի հաստատվել լուրը։

11:47 (մայիսի 18)

Մայիսի 18-ի առավոտյան օդային տագնապի ազդանշանները հնչել են Իսրայելի հարավում՝ բնակիչներին զգուշացնելով Գազայի հատվածից նոր հրթիռակոծման մասին։ Այդ մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը։ 

«Օդային տագնապի ազդանշանները հնչել են Գազայի հատվածից հարակից շրջաններում»,- նշվում է հայտարարության մեջ։ 

Նրանք նաև նշել են, որ տագնապի ազդանշանները միացել են նաև Նահալ-Օզ կիբուցում, որը գտնվում է անկլավի մոտ։

10:19 (մայիսի 18)

Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ ժամը 19:00-07:00-ն արձակվել է մոտ հրթիռ։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի ռազմաօդային ուժերը։ 

Մոտ 20 հրթիռ ընկել է հենց Գազայի հատվածում։ Իսրայելի ՀՕՊ համակարգերը կարողացել են խոցել դրանց մեծ մասը։ Տվյալներ չկան հնարավոր տուժածների վերաբերյալ

09:13 (մայիսի 18)

Իսրայելի զինված ուժերը գիշերը Գազայի հատվածում հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ շարժման հինգ հրամանատարների տների ուղղությամբ։ Այդ մասին հայտնում է ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը։

«Գազայի հատվածում հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ շարժման հինգ հրամանատարների տների ուղղությամբ։ Դրանք օգտագործվում էին ահաբեկչական նպատակներով, որոշները եղել են նաև հրամանատարական կետեր»,- նշվում է հայտարարության մեջ։ Բացի այդ, Իսրայելի զինուժը խոցել է հրթիռների մի քանի կայանքներ, ինչպես նաև հակատանկային հրթիռների օպերատորների խմբի։ 

21:55 (մայիսի 17)

Իսրայելի վարապետ Բենյամին Նեթանյահուն Թել Ավիվում գտնվող Իսրայելի պաշտպանության նախարարության շենքում խորհրդակցություն է անցկացրել անվտանգության մարմինների ղեկավար կազմի հետ։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետի աշխատակազմը։ 

«Վարչապետ Բենյամին Նեթանյահուն «Կիրիե»-ում (խմբ. Իսրայելի պաշտպանության նախարարության շենքը) խորհրակցություն է անցկացնում պաշտպանության նախարարի, Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետի, ազգային անվտանգության խորհրդի ղեկավարների, ՇԱԲԱԿ-ի, Մոսադի ղեկավար կազմի հետ»,-նշվում է տարածված հաղորդագրության մեջ։

20:15 (մայիսի 17)

Իսրայելի կործանիչները հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության օպերատիվ գլխավոր շտաբի ուղղությամբ, որը գտնվում է Գազայի հատվածի հյուսիսային մասում։ Այդ մասին հայտնում է ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը։ 

«Կործանիչները Գազայի հատվածի հյուսիսում, Էր Ռիմալ շրջանում հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ուժերի օպերատիվ գլխավոր շտաբին։ Օպերատիվ շտաբը եղել է ՀԱՄԱՍ ահաբեկչական ենթակառուցվածքի կենտրոնական մասը և որպես բազա ծառայել ռազմական հետախուզության աշխատակիցների համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Իսրայելի զինվորականները հայտարարել են, որ մինչև հարվածներ հասցնելը ժամանակին տեղեկացրել են կառույցի բնակիչներին և տվել բավարար ժամանակ այն լքելու համար։ 

19:37 (մայիսի 17)

Իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերջին սրացման վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստը կկայանա մայիսի 20-ին։ Այդ մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահ Վոլքան Բոզքըրը։ 

19:10 (մայիսի 17)

Օդային տագնապի ազդանշանները դարձյալ սկսել են գործել Իսրայելի հարավում գտնվող Աշդոդ, Աշքելոն և Բեեր Շևա քաղաքներում՝ բնակիչներին զգուշացնելով Գազայի հատվածից նոր հրթիռակոծման մասին։ ՀՕՊ ազդանշանները հնչում են պաղեստինյան անկլավին հարակից շրջաններում։ Այդ մասին հայտնում է ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը։ 

18:26 (մայիսի 17)

ՀԱՄԱՍ շարժումը Հորդանան գետի արևմտյան ափի բնակիչներին կոչ է արել դուրս գալ համազգային գործադուլի և ակտիվ բախումների մեջ մտնել Իսրայելի ուժայինների հետ։ Այդ մասին հայտնում է Al-Aqsa հեռուստաընկերությունը։

«ՀԱՄԱՍ-ը Արևմտյան ափի բոլոր քաղաքների մեր պաղեստինյան ժողովրդին կոչ է անում միանալ համընդհանուր գործադուլին և ակտիվ բախումների մեջ մտնել օկուպացիոն ուժերի հետ՝ դիմադրության բոլոր կետերում»,- նշել է հեռուստաընկերությունը։

17:54 (մայիսի 17)

Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորումը հաստատել է իր հրամանատարներից մեկի՝ Հուսամ Աբու Հարբիդի մահը, որը խոցվել է Իսրայելի զինված ուժերի հարվածի արդյունքում։ Այդ մասին խմբավորումը հայտնել է Al Jazeera հեռուստաընկերությանը։

«Մենք սգում ենք Գազայի հյուսիսում «Սարայ Ալ Քուդս»-ի հրամանատար Հուսամ Աբու Հարբիդի մահը։ Մենք վստահեցնում ենք, որ կշարունակենք պայքարը, որը կավարտվի միայն այն բանից հետո, երբ օկուպանտները կլքեն մեր երկրի յուրաքանչյուր թիվ»,- նշվում է հայտարարության մեջ։

17:12 (մայիսի 17)

«Իզզեդին ալ Քասամ» բրիգադը, որը համարվում է Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ արմատական շարժման մարտական թևը, հայտարարել է իսրայելական «Օրիմ» ռազմաբազային հարվածներ հասցնելու մասին։ Այդ մասին հայտնում է Saut Al-Aqsa ռադիոկայանը։ 

«Մենք հարվածել ենք «Օրիմ» բազային, ինչպես նաև վերսկսել հրթիռակոծել Նետիվոտը»,- ՀԱՄԱՍ-ի մարտական թևի հայտարարությունը մեջբերել է ռադիոկայանը։ Բացի այդ, բրիգադը տեղեկացրել է Կիրյաթ Մալախիի ուղությամբ հարվածներ հասցնելու մասին։ 

16:41 (մայիսի 17)

Իսրայելի պաշտպանության բանակը երկուշաբթի օրը՝ մայիսի 17-ին, Գազայի հատվածի հրթիռակոծման ժամանակ, կիրառել է ֆոսֆորային միջոցներ։ Այդ մասին Al Jazeera հեռուստաընկերության եթերում հայտարարել է Գազայի հատվածի հյուսիսային մասի քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Հասան ալ-Ջամասին։

«Առավոտվանից օկուպացիոն զորքերը արձակել են 8 ֆոսֆորային արկեր»,- նշել է նա։ 

Վերջինիս պնդմամբ՝ Իսրայելի բանակը առավոտյան ժամերին Գազայի հատվածի հյուսիսում՝ Ջաբալիա ճամբարից արևելք հարվածներ է հասցրել պորոլոնի արտադրությամբ զբաղվող ֆաբրիկաներից մեկին՝ կիրառելով ֆոսֆորային միջոցներ։ «Ռմբակոծման արդյունքում, ձեռնարկության նկուղներում, առաջացել է մի քանի խոշոր հրդեհ, քանի որ այնտեղ եղել են հրավտանգ նյութեր»,- նշել է ալ Ջամասին։ 

Իսրայելի պաշտպանության բանակը չի մեկնաբանել այս նորությունը։ 

16:17 (մայիսի 17)

ԱՄՆ-ն վարում է կուլիսային ակտիվ աշխատանք, որպեսզի կարգավորի իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը։ Այդ մասին երկուշաբթի օրը՝ մայիսի 17-ին Կոպենհագենում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկեն՝ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի հետ կայացած հանդիպումից հետո։

«Մենք ակտիվորեն աշխատում ենք կուլիսներում, որպեսզի փորձենք լուծել այդ հակամարտությունը»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը՝ ընդգծելով, որ Իսրայելն ունի պաշտպանության իրավունք, սակայն նա պետք է անի հնարավոր ամեն ինչ, որպեսզի խուսափի քաղաքացիական բնակչության շրջանում զոհերից։

16:01 (մայիսի 17)

Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետը խորհրդակցություն է անցկացրել, որտեղ գնահատվել է առկա իրավիճակը՝ Գազայի հատվածից հրթիռակոծությունից հետո։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը։ Ըստ նրա՝ ԳՇ պետը զինվորականներին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Գազայի տարածքում արմատականների ռազմական թիրախներին։

«Որոշվել է հարվածներ հասցնել Գազայի հատվածի ահաբեկչական օբյեկտներին»,- ընդգծել է Կոնրիկուսը։ 

15:41 (մայիսի 17)

Իսրայելի ռազմածովային ուժերի նավը և ԶՈւ անօդաչու թռչող սարքավորումը խոցել են ՀԱՄԱՍ-ի արմատականների խմբին, որոնք փորձում էին սուզանավ իջեցնել Միջերկրական ծով։ Այդ մասին հայտարարել է ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը։

«Մի քանի կասկածյալներ նկատվել են ջրային սարքավորման մոտ, որը, ենթադրաբար, եղել է ՀԱՄԱՍ-ի ռազմածովային սպառազինության միավոր։ Նավը տարել են ափ և փորձել իջեցնել ծով՝ Իսրայելի ջրերում ահաբեկչություն իրականացնելու համար։ Ռազմանավը և բանակային անօդաչուն հարվածներ են հասցրել ափի մոտ գտնվող գրոհայինների և սուզանավի ուղղությամբ՝ առկա սպառնալիքը վերացնելու համար»,- նշվում է հայտարարության մեջ։

15:01 (մայիսի 17)

Իսրայելի ռազմածովային ուժերի ռազմանավը հրթիռակոծվել է ՀԱՄԱՍ արմատական շարժման մարտական թևը հանդիսացող «Իզզեդին ալ Քասամ» բրիգադի ներկայացուցիչների կողմից։ Այդ մասին հայտնում է Donia Al-Watan լրատվական կայքը։ 

Վերջինս, հղում անելով ՀԱՄԱՍ-ի հայտարարությանը, նշում է, որ ռազմանավը հրթիռակոծվել է Գազայի հատվածի ափերի մոտ։ Դեպքի հետ կապված այլ մանրամասներ չեն նշվում։

11:37 (մայիսի 17)

«Իսլամական ջիհադ» խմբավորման մարտական թև հանդիսացող «Սարայա ալ Քուդս» («Երուսաղեմի վաշտեր») բրիգադի հրամանատար Հուսամ Աբու Հարբիդը սպանվել է Իսրայելի զինված ուժերի ավիահարվածների արդյունքում։ Այդ մասին հայտնում է The Times of Israel-ը։

Վերջինիս տվյալներով՝ հարվածը հասցվել է նրա տանը, որը գտնվում է անկլավի հյուսիսում։ Նշվում է, որ Աբու Հարբիդը «Գազայի հյուսիսում ղեկավարել է խմբավորման ահաբեկչական գործողությունները»։

21:05 (մայիսի 16)

Իսրայելը շարունակում է ամբողջ ուժով Գազայի հատվածում պայքարել արմատականների դեմ, որոնք հրթիռակոծում են Իսրայելի քաղաքները։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Վերջինիս խոսքերով Իսրայելի բանակը խոցել է ավելի քան 1500 ռազմական օբյեկտ։ 

«Իսրայելի քաղաքացիներ, մեր արշավն ընդդեմ ահաբեկչական կազմակերպությունների շարունակվում է ողջ ուժով։ Մենք կստիպենք ՀԱՄԱՍժին շատ թանկ վճարել իր զզվելի ագրեսիայի համար։ Վերջին օրերին Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում խոցել է ավելի քան 1500 թիրախ»,- հայտարարել է Նեթանյահուն։

Վերջինիս պնդմամբ՝ Իսրայելը հարվածներ է հասցրել թունելների և ստորգետնյա կառույցների ցանցին, ոչնչացրել հրթիռների պահեստներ, անօդաչուներ և ՀԱՄԱՍ-ի ծովային միջոցներ։ 

Ըստ նրա՝ Իսրայելը նպատակն այն է, որ հասնի Իսրայելի արաբների և հրեաների միջև հարաբերությունների կարգավորմանը և հանգստությանը։

20:44 (մայիսի 16)

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հերքել է այն լուրերը, որոնց համաձայն ՀԱՄԱՍ շարժման դեմ գործողություններով Նեթանյահուն փորձում է պահել իշխանությունը։ 

CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀԱՄԱՍ-ի դեմ մարտական գործողությունների իրականացումը կապված է իշխանության պահպանման հետ, Իսրայելի վարչապետը դա աբսուրդ է որակել։ 

«Ցանկացածը, որն ինձ ճանաչում է, գիտի, որ ես երբեք անվտանգության, մեր զինվորների կյանքը, մեր քաղաքացիների կյանքը քաղաքական հետաքրքրություններից կախվածության մեջ չեմ գցի։ Դա ուղղակի աբսուրդ է։ Ես անում եմ այն, ինչ ցանկացած ոք պետք է անի, որպեսզի պաշտպանի Իսրայելի քաղաքացիների կյանքը և վերականգնի խաղաղությունը»,- նշել է Նեթանյահուն։

20:12 (մայիսի 16)

Իսրայելի կործանիչները Գազայի հատվածի հարավային մասում հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության գրասենյակին և արմատականների թունելին, որտեղ գտնվել են ռազմական նշանակության սարքավորումներ։ Այդ մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ 

«Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության գրասենյակին, որը կիրառվում էր ահաբեկչական նպատակներով։ Իսրայելական կործանիչները Գազայի հատվածի հարավային մասում՝ Խան Յունիս շրջանում հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի թունելներից մեկին»,- նշվում է հաղորդագրության մեջ։ ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը նաև հավելել է, որ թունելում գտնվել են ռազմական սարքավորումներ։ Վերջինս կառուցված է եղել մանկապարտեզի, մզկիթի և հիվանդանոցի մոտ։

19:49 (մայիսի 16)

«Իզզեդին ալ Քասամ» բրիգադը, որը համարվում է Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ արմատական շարժման մարտական թևը, հայտարարել է, որ Իսրայելի հարավում հարվածներ է հասցրել ռազմական նշանակության օբյեկտի, որի արդյունքում, զինվորականների շրջանում կան կորուստներ։ Այդ մասին հայտնում է պաղեստինյան Saut Al Aqsa ռադիոկայանը։

«Այսօր երեկոյան մի քանի ականանետերով Նախալ Օզեում մենք հարվածներ ենք հասցրել ռազմական նշանակության օբյեկտի և հաստատում ենք թշնամու մոտ վիրավորների առկայությունը»,- ՀԱՄԱՍ-ի մարտական թևի հայտարարությունը մեջբերել է ռադիոկայանը։

19:40 (մայիսի 16)

Իսրայելի զինված ուժերը շարունակում են հարվածներ հասցնել Գազայի հարվածի արմատականներին, որոնք հրթիռակոծում են հրեական պետությանը, սակայն «դա կտևի որոշակի ժամանակ»։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն իր հեռուստաուղերձում, որը ցուցադրվել է Իսրայելի հեռուստաընկերություններով։

Նեթանյահուն սկսել է ելույթ ունենալ պաշտպանության բանակի շենքում օպերատիվ խորհրդակցությունից հետո, որին, ինչպես ավելի վաղ նշել է վարչապետի աշխատակազմը, մասնակցել են պաշտպանության նախարար Բենի Գանցը, գլխավոր շտաբի պետ Ավիվ Կոհավին, ազգային անվտանգության խորհրդի նախագահները, ՇԱԲԱԿ-ի և Մոսադի ղեկավար կազմը։

Նեթանյահուն նշել է, որ «Գազայի հատվածի որևէ ահաբեկիչ չունի իմունիտետ իսրայելական հարվածների դեմ»։ Նա ընդգծել է, որ Իսրայելին փորձում են ճնշել Գազայի հատվածում իր գործողությունների համար, սակայն հրեական պետությունը «ստանում է լուրջ աջակցություն՝ առաջին հերթին Միացյալ Նահանգներից»։ «Մենք ունենք միջազգային աջակցություն և մենք օգտվում ենք դրանից»,- հավելել է Իսրայելի վարչապետը։ 

16:47 (մայիսի 16)

Իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերջին սրման ընթացքում զոհվել է ավելի քան 200 պաղեստինցի, ևս մոտ 5600 վիրավորվել են։ Այդ մասին տվյալներ է հրապարակել պաղեստինյան WAFA գործակալությունը՝ հղում անելով Պաղեստինի Առողջապահության նախարարությանը։ 

Վերջինս նշում է, որ այդ թվի մեւ ներառված են ինչպես Գազայի հատվածի, այնպես էլ Հորդանան գետի արևմտյան ափի զոհերը։ Ընդհանուր առմամբ, բռնության զոհ է դարձել 202 մարդ, վիրավորվել՝ 5588-ը։ 

«Գազայի հատվածում զոհվել է 181 պաղեստինցի, ներառյալ 52 երեխա և 31 կին, տուժել 1225 մարդ, իսկ արդեն Արևմտյան ափին զոհերի թիվը հասել է 21-ի, ևս 4363 մարդ վիրավորվել է»,- նշվում է հայտարարության մեջ։

15:19 (մայիսի 16)

Գազայի հատվածում առնվազն 10 հազար մարդ հարկադրաբար լքել է իր տունը Իսրայելի հետ վերջին բախումներից հետո։ Այդ մասին հայտարարել է Պաղեստինի արտաքին գործերի նախարար Ռիյադ ալ Մալիկին՝ ելույթ ունենալով Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ նիստին։ 

«Բարբարոսական թռիչքները բերել են նրան, որ ավելի քան 10 000 մարդ Գազայում ստիպված է եղել լքել իր տունը։ Հարյուրավոր շենքեր ավերվել են Գազայի հատվածի տարբեր մասերում»,- նախարարի խոսքերը մեջբերել է WAFA գործակալությունը։

23:36 (մայիսի 15)

«Իզզեդին ալ Քասամ» բրիգադը, որը համարվում է Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ արմատական շարժման մարտական թևը, հայտարարել է, որ երկու ժամով դադարեցնում է Թել Ավիվի հրթիռակոծումը (տեղի ժամանակով 22:00-00:00, Երևանի ժամանակով 23:00-01:00)։ Այդ մասին հայտնում է պաղեստինյան Donya Al Watan ռադիոկայանը։ 

Վերջինիս տվյալներով՝ համապատասխան հրամանն արձակվել է խմբավորման գլխավոր շտաբի պետի կողմից։

23:14 (մայիսի 15)

Իսրայելի կործանիչը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ խմբավորման հատուկ գործողությունների շտաբի պետի տան վրա։ Այդ մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ 

«Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչը հարվածներ է հասցրելՀԱՄԱՍ խմբավորման հատուկ գործողությունների շտաբի պետ Ռաիդ Սաադի տան վրա»,- նշվում է հայտարարության մեջ։

23:02 (մայիսի 15)

Գազայում հատվածում տեղի ունեցող իրադարձությունների մեջ Իրանի և Թուրքիայի դերն ու ազդեցությունն զգալի է, բայց տարբեր։ Այդ մասին առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը։ 

«Իրանի դերը կարևոր է։ Նրանք ուղղակիորեն չեն կազմակերպում արմատականներին, նրանք ուղղակիորեն չեն վերահսկում ՀԱՄԱՍ-ը։ Սակայն Իրանը ՀԱՄԱՍ-օ սպառազինության, զենքերի և դրամական միջոցների մատակարարն է»,- նշել է ՑԱԽԱԼ-ի պաշտոնական ներկայացուցիչը։

Կոնրիկուսի խոսքերով՝ Թուրքիայի դերը բարդ է։ «Թուրքիան ազդեցություն ունի այս տարածաշրջանի վրա։ Մենք տեսնում ենք ՀԱՄԱՍ-ի ակտիվությունը Թուրքիայի տարածքում։ Դա մեզ անհանգստացնում է, քանի որ այդ ակտիվության շնորհիվ շարժումը գումարներ է ստանում»,- նշել է նա։ Այդուհանդերձ, Կոնրիկուսի խոսքերով, Անկարան կարող է դրական դեր ունենալ իրավիճակի կարգավորման հարցում, քանի որ ազդեցություն ունի ՀԱՄԱՍ-ի վրա և կարող է շարժմանը համոզել դադարեցնել բռնությունը։ 

Իսրայելի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լիոր Հայաթը, որը նույնպես մասնակցում էր ճեպազրույցին, չի մանրամասնել Իրանի և Թուրքիայի դերը։ 

22:35 (մայիսի 15)

Մայիսի 10-ից սկսած Գազայի հատվածի արմատականները Իսրայելի ուղղությամբ արձակել են ավելի քան 2800 հրթիռ, որից 400-ն ընկել է Գազայի հատվածի տարածքում։ Այդ մասին առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը։

«Մայիսի 10-ից ի վեր Իսրայելի ուղղությամբ արձակվել է ավելի քան 2800 հրթիռ, որոնցից 400-ն ընկել է Գազայի տարածքում՝ այնտեղ պատճառելով վնասներ, այդ թվում մարդկային զոհեր ու վիրավորներ»,- նշել է նա։

Կոնրիկուսը նշել է, որ Գազայի տարածքում ավելի քան 20 մարդ զոհվել է արմատականների արձակած հրթիռների անկման արդյունքում։ «Ես ուզում եմ ձեր ուշադրությունը կենտրոնացնել այս տվյալի վրա, որը դուք չեք կարող գտնել Պաղեստինի տրամադրած տվյալներում»,- նշել է նա։

22:11 (մայիսի 15)

Իսրայելի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Հիդայ Զիլբերմանը հայտարարել է, որ Գազայի արմատականների հետ հրադադարը դեռ շատ հեռու է։

«Մենք շատ հուժկու ենք պատասխանել» կրակոցներին։ Մեզ տպավորում է այն, թե ինչի է հասել մեր բանակը։ Բայց մենք ճանապարհի կեսին ենք։ Առջևում մեզ ծանր գիշեր է սպասվում»,- Ynet պորտալին տված հարցազրույցում նշել է գեներալը։

Նա նշել է, որ առաջին օրվանից բանակը հարվածներ է հասցրել Գազայի արմատականների բարձրաստիճան ներկայացուցիչներին։ Զիլբերմանը հավելել է, որ հրադադարը դեռ շատ հեռու է։

21:48. (մայիսի 15)

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերջին զարգացումները։ Այդ մասին հայտարարել է Պաղեստինի ազգային ազատագրման շարժման կենտրոնական կոմիտեի անդամ Հուսեյն էշ-Շեյխը։

«Նախագահ Մահմուդ Աբասը հեռախոսազանգ է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ։ Քննարկվել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու իրադարձությունները»,- նշել էՀուսեյն էշ-Շեյխը։ Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։ 

Ավելի վաղ, Բայդենը հեռախոսազրույց էր ունեցել նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։

21:21 (մայիսի 15)

Իսրայելի ռազմաօդային ուժերը ավերել են ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղելավարի տեղակալ Հալիլ ալ Հայայի տունը։ Այդ մասին հայտնում է պաղեստինյան Maan գործակալությունը։

Վերջինիս տվյալներով՝ Իսրայելի ռազմական ավիացիան մի քանի հրթիռ է արձակել Գազա քաղաքի Աթ Թուֆահ շրջանում գտնվող բնակելի տան ուղղությամբ։ Գործողությանը մասնակցել են հետախուզական և մարտական ինքնաթիռներ։ Բացի այդ, ինչպես հայտնում է Maan գործակալությունը, Գազայի հատվածի հյուսիսային և արևմտյան մասերում ավերվել է ևս երկու տուն։

21:08 (մայիսի 15)

Ամերիկացի հանրապետական սենատոր Թեդ Քրուզը հայտարարել է, որ առաջիկայում մտադիր է այցելել Իսրայել, որպեսզի գնահատի այդ երկրի կարիքները՝ ազգային անվտանգության ապահովման ոլորտում։

«Առաջիկա օրերին ես կմեկնեմ Իսրայել, որպեսզի գնահատեմ, թե ինչ է նրանց անհրաժեշտ ազգային անվտանգության համար, որը սերտ փոխկապակցված է Ամերիկայի ազգային անվտանգության հետ»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է հանրապետական սենատորը։

20:59 (մայիսի 15)

Արտասահմանյան բոլոր ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Իսրայել իրականացվող թռիչքները, ինչը պայմանավորված է Իսրայելում և Պաղեստինում ընթացող ռազմական գործողություններով։ Այդ մասին հայտնում է Իսրայելի պետական Kan ռադիոկայանը։

Վերջինիս տվյալներով՝ վերջիններից մեկը թռիչքները դադարեցրել են Արաբական Միացյալ Էմիրությունների ավիաընկերությունները։

20:52 (մայիսի 15)

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ժամանակ, վերջինիս հայտնել է այն քայլերի մասին, որոնք հրեական պետությունը ձեռնարկել և պատրաստվում է ձեռնարկել Գազայի հատվածի հետ սահմանին անվտանգության ոլորտում առկա ճգնաժամը վերացնելու համար։ 

«Վարչապետը նախագահին տեղեկացրել է իրադարձությունների զարգացման և Իսրայելի կողմից ձեռնարկված գործողությունների, ինչպես նաև Իսրայելի կողմից ձեռնարկվելիք քայլերի մասին»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ,

20:41 (մայիսի 15)

Քաթարական Al Jazeera հեռուստաընկերությունը խստորեն դատապարտում է Գազայի հատվածում, Իսրայելի զինված ուժերի կողմից, իր գրասենյակների ռմբակոծումն ու ոչնչացումը և այն բնորոշում որպես բացահայտ գործողություն, որը նպատակամիտված Է խոչընդոտել լրագրողներին կատարել իրենց սրբազան պարտքը՝ աշխարհին իրազեկելու և տեղերում իրադարձությունները լուսաբանելու համար:

Հեռուստաընկերությունը խոստացել է բոլոր հնարավոր ձևերով պատասխանատվության ենթարկել Իսրայելի կառավարությանն իր գործողությունների համար։

20:32 (մայիսի 15)

Ամերիկյան Associated Press գործակալությունը ցնցված և վախեցած է շաբաթ օրը Գազայի հատվածում Իսրայելի զինված ուժերի կողմից բարձրահարկ շենքի ավերմամբ, որտեղ տեղակայված էր նաև AP-ի գրասենյակը։ 

«Մենք ցնցված և վախեցած ենք նրանից, որ Իսրայելի զինված ուժերը որպես թիրախ է վերցրե և ոչնչացրել այն շենքը, որտեղ տեղակայված էր AP-ի բյուրոն և Գազայի հատվածում միջազգային մյուս լրատվամիջոցների գրասենյակները<...>Մենք փորձում ենք տեղեկատվություն ստանալ Իսրայելի կառավարությունից և կապ ենք հաստատել ԱՄՆ պետքարտուղարության հետ»,- հայտարարել է ամերիկյան լրատվական գործակալության գործադիր տնօրեն Գերի Փրյուիթը։

Associated Press գործակալության տնօրենը նաև նշել է, որ շենքին հարվածելուց առաջ, որի մասին ավելի վաղ տեղեկացրել էին Իսրայելի զինված ուժերի ներկայացուցիչները, այնտեղ գտնվել է գործակալության մոտ 10 աշխատող։ «Մենք նախազգուշացվել էինք, որ շենքին հարված է հասցվելու<...>Բարեբախտաբար մենք կարողացանք տարհանել լրագրողներին»,- նշել է Պրյուիտը՝ հավելելով, որ «աշխարհը կիմանա, թե ինչ է կատարվում Գազայի հատվածում այն բանի համար, ինչ եղավ այսօր»։

20:19 (մայիսի 15)

«Իզզեդին ալ Քասամ» բրիգադը, որը համարվում է Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ արմատական շարժման մարտական թևը, հայտարարել է Իսրայելի մի շարք քաղաքների, մասնավորապես Թել Ավիվի, Հադերայի, Աշքելոնի և Սդերոտի ուղղությամբ տասնյակ հրթիռներ արձակելու մասին։ Այդ մասին հայտնել է պաղեստինյան Donia Al-Watan ռադիոկայանը։

Վերջինիս տվյալներով՝ տասնյակ հրթիռների արձակումը դարձել է Իսրայելի կողմից «Ալ Ջալիա» բազմահարկ շենքի ավերման պատասխանը, որտեղ տեղակայված էին Al Jazeera-ի, Al Arabiya-ի խմբագրությունները և Associated Press գործակալության գրասենյակը։

19:51 (մայիսի 15)

Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ ներկայումս որևէ բանակցություն չի ընթանում։ Այդ մասին հայտնում է իսրայելական պետական Kan ռադիոկայանը՝ հղում անելով հրեական պետության բարձրաստիճան աղբյուրին։

«Հիմա մենք չենք խոսում հրադադարի մասին»,- նշել է ռադիոկայանի աղբյուրը։

19:35 (մայիսի 15)

ԱՄՆ իշխանությունները «ուղիղ հայտնել են իսրայելական կողմին», որ լրագրողների անվտանգության ապահովումը առաջնային պարտականություն է։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին։

19:07 (մայիսի 15)

Գազայի հատվածից պաղեստինցի արմատականները հերթական հրթիռակոծման են ենթարկել Իսրայելի քաղաքները։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ օդային տագնապի ազդանշանները հնչել են Աշդոդում, Աշքելոնում, Նետիվոտում, Սդերոտում և Կիրյաթ Գաթում։

18:54 (մայիսի 15)

Թուրքիայի նախաձեռնությամբ մայիսի 16-ին կկայանա Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ նիստը, որը կանցկացվի ԱԳՆ ղեկավարների մակարդակով։ Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը։

«Պաղեստինյան տարածքներում Իսրայելի հարձակումների լույսի ներքո, Թուրքիայի նախաձեռնությամբ և Պաղեստինի իշխանությունների ու Սաուդյան Արաբիայի հետ խորհրդակցությունների արդյունքում, որը հանդիսանում է ԻՀԿ գագաթնաժողովի նախագահը, 2021 թվականի մայիսի 16-ին նշանակվել է Իսլամական համագործակցության կազմակերպության Գործադիր կոմիտեի առցանց արտակարգ նիստ արտաքին գործերի նախարարների մակարդակով: Հանդիպման ընթացքում, որին կմասնակցի Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն, կքննարկվեն այն հնարավոր քայլերը, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել ԻՀԿ շրջանակներում և միջազգային հարթակներում Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքներում վերջերս իրականացված հարձակումների վերաբերյալ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

18:20 (մայիսի 15)

Իսրայելի զինված ուժերը հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ խմբավորման արմատականների ուղղությամբ, որոնք փորձում էին անօդաչու թռչող սարքավորում արձակել Իսրայելի ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության բանակը Գազա քաղաքում կանխարգելել է ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների փորձը, որոնք փորձում էին Իսրայելի ուղղությամբ անօդաչու թռչող սարք արձակել։ Հարձակման արդյունքում անօդաչուն ընկել է արձակած խմբի վրա, որի արդյունքում զոհվել է երկու ահաբեկիչ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

16:39 (մայիսի 15)

Իսրայելի կողմից արձակված հրթիռները Գազա քաղաքում հարվածել են տասնմեկհարկանի բարձրահարկ շինությանը, որտեղ տեղակայված էին միջազգային մի շարք լրատվամիջոցների խմբագրությունները, բնակարաններ և առևտրային ընկերություններ։ Այդ մասին հայտնում է Al Jazeera հեռուստաընկերությունը։

Ինչպես փոխանցում է Al Arabiya հեռուստաընկերությունը, «Ալ Ջալիա» բարձրահարկում, որը դարձել է Գազայում թվով չորրորդ փլուզված բարձրահարկը, տեղակայված են եղել Al Jazeera, Al Arabiya հեռուստաընկերությունների պաղեստինյան ծառայությունները, ինչպես նաև Associates Press գործակալությունը։ 

16:32 (մայիսի 15)

«Իզզեդին ալ Քասամ» բրիգադը, որը համարվում է Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ արմատական շարժման մարտական թևը, հայտարարել է այն մասին, որ պատրաստ է առաջիկա վեց ամիսների ընթացքում հարվածներ հասցնել Իսրայելի խոշորագույն Թել Ավիվ քաղաքին։ Այդ մասին հայտնում է պաղեստինյան Donia Al-Watan ռադիոկայանը։

«Մենք պատրաստ ենք վեց ամսվա ընթացքում հարվածներ հասցնել Թել Ավիվին»,- շարժման ներկայացուցիչ Աբու Օբեյդայի խոսքերը մեջբերել է ռադիոկայանը։

16:24 (մայիսի 15)

Պաղեստինը գնահատում է Թուրքիայի աջակցությունը, սակայն չի ցանկանում իսրայելա-պաղեստինյան հակամարտության ներկայիս սրումը համեմատել Արցախի հետ։ Այդ մասին TACC գործակալությանը հայտնել է Ռուսաստանում Պաղեստինի դիմալ Աբդել Հաֆիզ Նոֆալը։

«Մենք չենք ցանկանա իրավիճակը համեմատել նրա հետ, ինչ կատարվել է Լեռնային Ղարաբաղում։ Մենք հիանալի հարաբերություններ ունենք Հայաստանի և Ադրբեջանի հետ, ինչպես նաև լավ հարաբերություններ Թուրքիայի հետ։ Մենք շնորհակալ ենք և բարձր ենք գնահատում Պաղեստինի հարցում Թուրքիայի դիրքորոշումը»,- նշել է նա։

Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իր աջակցությունը հայտնելով Պաղեստինին, հայտարարել էր, որ ամբողջությամբ պատրաստ են տրամադրել այդ երկրին այն ողջ օգնությունը, ինչ Լեռնային Ղարաբաղի պարագայում տրամադրել են Ադրբեջանին։

16:01 (մայիսի 15)

Իսրայելը շաբաթը օրը նախազգուշացրել է Գազայում ևս մեկ բարձրահարկի հարվածներ հասցնելու որոշման մասին։ Այդ մասին հայտնում է Al Arabiya հեռուստաընկերությունը։ Սկսվել է «Ալ-Ջալիա» բարձրահարկից տարհանման աշխատանքները, որտեղ տեղակայված են միջազգային մի շարք լրատվամիջոցների խմբագրությունները։

Իսրայելը մեկ ժամ ժամանակ է տվել բոլոր բնակիչներին լքելու բարձրահարկը։

15:29 (մայիսի 15)

Գազայի հատվածից արձակված հրթիռակոծության արդյունքում մեկ մարդ է զոհվել Թել Ավիվի արվարձաններից մեկում։ Այդ մասին հայտնում է Իսրայելի պետական Kan ռադիոկայանը։ Վերջինիս տվյալներով՝ սպանվածը 51 տարեկան էր։ Նա դարձել է հրեական կողմի թվով 10-րդ զոհը։ 

Kan-ի տվյալներով՝ հրթիռակոծման արդյունքում վիրավորվել է մի քանի անձ։ Տեղում այրվել են մի քանի քանի ավտոմեքենաներ։ 

Շաբաթ օրը Թել Ավիվում միացվել էին օդային տագնապի ազդանշանները։ Քաղաքի երկնքում լսվել են բազմաթիվ պայթյուններ։ ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ներկայումս օդային տագնապի ազդանշանները հնչում են նաև Իսրայելի կենտրոնական հատվածի խոշոր քաղաքներում։

15:11 (մայիսի 15)

Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, ի աջակցություն Պաղեստինի ժողովրդի, մի քանի հազար մարդ դուրս է եկել բողոքի ցույցի։ Այդ մասին հայտնում է 9News լրատվական պորտալը։ Վերջինիս տվյալներով՝ ցուցարարներն անցել են Սիդնեյի կենտրոնական փողոցներով և բողոքի ակցիա արել քաղաքապետարանի դիմաց։ Նրանք պարզել են Պաղեստինի դրոշները, կոչ արել դադարեցնել ռազմական գործողությունները։

Հաղորդվում է, որ բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է 20-ամյա մի տղամարդ, որը բարձրացել էր քաղաքապետարանի շենքի տանիք՝ Պաղեստինի դրոշը պարզելու համար։

Ի աջակցություն Պաղեստինի՝ բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև Մելբուռնում։

14:42 (մայիսի 15)

Իսրայելի կենտրոնական շրջանները դարձյալ հրթիռակոծվել են Գազայի հատվածից։ Թել Ավիվում և նրա արբանյակ քաղաքներում միացել է օդային տագնապի ազդանշանը։

«Օդային տագնապի ազդանշանները հնչում են Թել Ավիվում»,- հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ TACC-ի թղթակիցը Թել Ավիվից հայտնել է, որ լսվում են բազմաթիվ արկերի պայթյունների ձայներ։

14:21 (մայիսի 15)

«Իզզեդին ալ Քասամ» բրիգադը, որը համարվում է Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ արմատական շարժման մարտական թևը, հայտարարել է, որ Իսրայելի Քիսուֆիմ հրեական բնակավայրի մոտ հարվածներ է հասցրել ՑԱԽԱԼ-ի զինծառայողների խմբին։ Այդ մասին հայտնում է պաղեստինյան Saut Al-Aqsa ռադիոկայանը։

Վերջինիս տվյալներով՝ հարվածը հասցվել է «Շիհաբ» անօդաչուի վրա ամրացված պայթուցիկների և ականանետային արկերի միջոցով։ 

13:33 (մայիսի 15)

Պաղեստինյան Shebab գործակալությունը հրապարակել է Գազայի հատվածում Իսրայելի հրթիռակոծության կադրերն ու դրանց հետևանքները։

Թարգմանությունը՝ Գազայի հատվածի հրթիռակոծման շարունակական կադրերը, որը թիրախավորում է տներն ու ենթակառուցվածքները։

13:27 (մայիսի 15)

Իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրման վեց օրերի ընթացքում Գազայի հատվածից Իսրայելի քաղաքների ուղղությամբ արձակվել է առնվազն 2 300 հրթիռ, որոնցից մոտ 1000-ը խոցվել են «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգի միջոցով։ Այդ մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

 ««Պատերի պահապաններ» ռազմագործողության մեկնարկից ի վեր Գազայի տարածքից Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 2 300 հրթիռ, որոնցից 380-ը ընկել և պայթել են հենց Գազայի հատվածում։ «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգը խոցել է մոտ 1000 հրթիռ»,- նշվում է Իսրայելի պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության մեջ։

13:17 (մայիսի 15) 

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը շաբաթ օրը՝ մայիսի 15-ին չեղարկել է իր այցը Վիեննա՝ Ավստրիայի կառավարական շենքերի վրա Իսրայելի դրոշների պատճառով։ Այդ մասին հայտարարել է Ավստրիայի Արտաքին գործերի նախարարությունը։ 

Ինչպես նշել է Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը, Զարիֆը մայիսի 15-ին նախատեսում էր այցելել Վիեննա՝ Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Ալեքսանդր Շալենբերգի հետ բանակցությունների համար, սակայն այցը չեղարկվել է։ «Մենք ցավում ենք և ընդունում ենք ի գիտություն»,- հայտարարել է Ավստրիայի ԱԳՆ-ն։ 

Մայիսի 14-ին, ի աջակցություն Թել Ավիվի, Ավստրիայի կառավարության և արտաքին գործերի նախարարության շենքերի վրա ծածանվել են Իսրայելի դրոշները։ 

13:11 (մայիսի 15)

Գազայի հատվածում, Իսրայելի ռազմական գործողությունների արդյունքում, զոհվել է առնվազն 139 մարդ, ներառյալ 39 անչափահաս։ Ավելի քան 1000 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այդ մասին հայտարարել է Պաղեստինի Առողջապահության նախարարությունը։

«Իսրայելի ագրեսիայի արդյունքում 139 մարդ զոհվել է, որոնց թվում են 39 անչափահաս և 22 կին։ Ավելի քան 1000 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,- պաղեստինյան գերատեսչության խոսքերը մեջբերել է Saut Al-Aqsa ռադիոկայանը։

12:54 (մայիսի 15)

Մայիսի 15-ի գիշերը Իսրայելի զինված ուժերը Գազայի հատվածում խոցել են արմատականների տասնյակ ռազմական օբյեկտներ, որը եղել է հրեական քաղաքների հրթիռակոծմանն ի պատասխան։ Այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

«Գիշերն Իսրայելի բանակը Գազայի հատվածում խոցել է ահաբեկիչների տասնյակ թիրախներ։ Կործանիչներն ու անօդաչու սարքավորումները հարվածներ են հասցրել մեծ քանակությամբ արձակման հարթակների և ստորգետնյա հրթիռային կայանքների, այդ թվում նաև համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, որից «Պատերի պահապաններ» ռազմագործողության առաջին օրերից հրթիռներ են արձակվել Երուսաղեմի ուղղությամբ»,- նշվում է հայտարարության մեջ։

11:02 (մայիսի 15)

Գազայի հատվածի ուղղությամբ Իսրայելի հարվածների արդյունքում մայիսի 15-ի գիշերը զոհվել է առնվազն 8 մարդ։ Այդ մասին հայտնում է պաղեստինյան Amad պորտալը։

Վերջինիս տվյալներով՝ պատահարը տեղի է ունեցել Գազայից արևմուտք՝ փախստականների Էշ-Շաթը ճամբարում։ Նշվում է, որ զոհերի մեծ մասը նույն ընտանիքի անդամներ են։

Ինչպես փոխանցում է Al-Aqsa ռադիոկայանը, զոհերից վեցը երեխաներ են։ Մոտ 20 տուժածներ տեղափոխվել են Գազայի կենտրոնական հիվանդանոց։ Դեպքի վայրում եղել են փրկարարներ և տասնյակ խաղաղ բնակիչներ, որոնք փորձում են փլատակների տակից գտնել ողջ մնացածների։

09:17 (մայիսի 15)

Արտասահմանում ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղաքական առաջնորդ Հալեդ Մաշալը հայտարարել է, որ խմբավորումը պատրաստ է Գազայի հատվածում հրադադարի ռեժիմ հաստատմանը։ Այդ մասին հայտնում է Times of Israel-ը։

Վերջինիս տվյալներով՝ Իսրայելը դեռևս չի պատասխանել ՀԱՄԱՍ-ի առաջարկին։

00:28 (մայիսի 15)

Սիրիայի տարածքից երեք հրթիռ է արձակվել Իսրայելի վրա։ Այդ մասին նշվում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության թվիթերյան գրառման մեջ։ Նշվում է, որ հրթիռներից մեկն ընկել է Սիրիայի տարածքում։

Sky News Arabia հեռուստաընկերության տվյալներով՝ բոլոր երեք հրթիռներն ընկել են բաց տարածությունում։ 

23:34 (մայիսի 14)

Հորդանանի արևմտյան ափին և Գազայի հատվածում, Իսրայելի ռազմական գործողությունների արդյունքում, մայիսի 14-ին, ընդհանուր առմամբ, զոհվել է 26 պաղեստինցի, ավելի քան 600-ն ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այդ մասին հայտնում է Donia Al Watan պորտալը՝ հղում անելով Պաղեստինի Առողջապահության նախարարությանը։ 

Պարբերականի տվյալներով՝ միայն Գազայի հատվածում հրետակոծության և հրթիռակոծության զոհ է դարձել 16 մարդ։ Գազան, ինչպես ցամաքից, այնպես էլ օդից, շարունակում է պարբերական արկակոծման ենթարկվել։ Ի պատասխան, Գազայի հատվածից հրթիռներ են արձակվում Իսրայելի տարածքի վրա։ 

23:02 (մայիսի 14)

Իսրայելի ռազմաօդային ուժերը Գազայի հատվածի արևմուտքում հարվածներ են հասցրել անկլավի ՆԳՆ շենքին։ Այդ մասին հայտնում է թուրքական Ihlas գործակալությունը։ Այլ տվյալներ դեռևս հայտնի չեն։

Զուգահեռաբար, ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ Գազայի հյուսիում խոցել է արմատականների հակատանկային ստորաբաժանում։ 

22:11 (մայիսի 14)

Մայիսի 14-ին Գազայի հատվածի Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 140 հրթիռ։ Այդ մասին հայտնում է The Times of Israel-ը՝ հղում անելով երկրի պաշտպանական գերատեսչությանը։ Պարբերականը գրում է, որ այդ հրթիռներից մոտ 30-ը ընկել են Գազայի տարածքում, իսկ տասնյակ հրթիռներ չեզոքացվել «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգի միջոցով։

ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ վերջին ժամերին մի քանի հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի հրթիռային կետերի վրա։ Արդյունքում, խոցվել է արմատականների հակատանկային հրթիռային համակարգերից մեկը։ 

21:44 (մայիսի 14)

ՄԱԿ-ը հայտարարել է, որ մոտ 10 000 պաղեստինցիներ, Իսրայելի գործողությունների արդյունքում, Գազայում ստիպված լքել են իրենց տները։ Այդ մասին հայտնում է Ալ Ջազիրան։ 

21:39 (մայիսի 14)

Պաղեստինի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Միդհաթ Աբասը Ալ Ջազիրա հեռուստաընկերությանը հայտարարել է, որ Գազայի հատվածում քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքների ուղղությամբ հարձակումների շարունակման պարագայում, «առողջապահական համակարգը հաստատապես կփլուզվի»։

«Մենք շուրջ 15 տարի ապրում ենք պաշարման մեջ, իսկ կորոնավիրուսի հետ արդեն 1,5 տարի։ Այսօր այս ագրեսիայի հինգերորդ օրն է, որն ուղղված է շատ խիտ բնակեցված բնակչության դեմ»,- նշել է Աբասը։

Վերջինիս պնդմամբ, եթե առաջիկա օրերին հարվածները շարունակվեն նույն ինտենսիվությամբ, ապա առողջապահական համակարգն ամբողջությամբ կփլուզվի։ Գազայի հատվածում առկա է 2200 մահճակալ։ «Եթե օրական մենք ունենանք մի քանի հարյուր վիրավոր, բնականաբար մեկ շաբաթվա ընթացքում այն ամբողջությամբ զբաղված կլինի և չենք իմանա, թե ինչ անենք մյուսների հետ»,-ընդգծել է Աբասը։

Աբասը նաև պնդել է, որ Իսրայելի զինված ուժերը թիրախավորել են նաև հիվանդանոցները։

21:30 (մայիսի 14)

Իսրայելի կործանիչները Գազայի հատվածի հյուսիսային մասում հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ խմբավորման զենքի արտադրամասերից մեկի ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը։ 

«Իսրայելի կործանիչները Գազայի հատվածի հյուսիսային մասում հարվածներ են հասցրելզենքի արտադրամասերից մեկի ուղղությամբ, որը պատկանել է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությանը»,- նշվում է ՑԱԽԱԼ-ի հայտարարության մեջ։

21:22 (մայիսի 14)

Գազայի հատվածում, Իսրայելի ավիացիայի հասցրած հարվածների արդյունքում, ամբողջությամբ ավերվել է Արդյունաբերական բանկի շենքը։ Այդ մասին հայտնել է պաղեստինյան Saut Al-Aqsa ռադիոկայանը։

Վերջինիս տվյալներով՝ շենքի ուղղությամբ արձակվել է մի քանի հրթիռ։ Պաղեստինի լրատվամիջոցների կողմից տարածվող կադրերում երևում է, որ փլուզման տեղում առաջացել է խոշոր հրդեհ։

21:17 (մայիսի 14)

Պաղեստինի պետության նախագահ Մահմուդ Աբասը ԱՄՆ վարչակազմին կոչ է արել անմիջապես միջամտել Մերձավոր Արևելքում առկա իրավիճակին և կանգնեցնել Իսրայելի ագրեսիան։ Այդ մասին նշվում է Պաղեստինի նախագահի վարչակազմի տարածած հաղորդագրության մեջ, որը տարածել է պաղեստինյան WAFA գործակալությունը։ 

«Նախագահը Իսրայելի կառավարության վրա է դրել այս վտանգավոր սրման և Պաղեստինի ժողովրդի արյան ողջ պատասխանատվությունը։ Նա ԱՄՆ վարչակազմին կոչ է արել անմիջապես և առանց հապաղման միջամտել, որպեսզի կանգնեցնի Իսրայելի ագրեսիան, քանի դեռ իրավիճակը դուրս չի եկել վերահսկողությունից»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։

21:09 (մայիսի 14)

Հորդանան գետի արևմտյան ափին մայիսի 14-ին պաղեստինցիների և Իսրայելի իրավապահ մարմինների միջև տեղի ունեցած բախումների արդյունքում զոհվել է առնվազն 10 մարդ, ավելի քան 500-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այդ մասին հայտնում է պաղեստինյան Saut Al-Quds թերթը։

«Եվս մեկ մարդ զոհվել է Նաբլուս քաղաքի մոտ գտնվող Սալեմ գյուղի շրջանում։ Այդպիսով, զոհերի ընդհանուր թիվը հասել է 10-ի»,- Պաղեստինի Կարմիր մահիկի ներկայացուցչի խոսքերը մեջբերում է Al-Quds-ը։ 

Ինչպես նշում է պաղեստինյան WAFA գործակալությունը, ամենաթեժ բախումները ներկայումս շարունակվում են Բեթղեհեմ քաղաքի մոտ, Երիհոնում, Էլ Հալիլում, Ջենինում, Սալֆիթում, Թուլքարմում, Ռամալլայում, ինչպես նաև Նաբլուս պրովինցիայի մի քանի գյուղերում։ Իսրայելի սահմանապահ ոստիկանության աշխատակիցները, ցուցարարներին ցրելու համար, կիրառում են արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ և ռետինե փամփուշտներ։

Բացի այդ, բախումներ են լինում նաև Արևելյան Երուսաղեմի Շեյխ Ջարահ և Բեյթ Հանինա շրջաններում, որտեղ Իսրայելի ոստիկանությունը փակել է թաղամաս տանող ճանապարհները։

20:15 (մայիսի 14)

Չեխիայի արտաքին գործերի նախարարությունը, ի աջակցություն Իսրայելի, հրեական պետության դրոշը պարզել են Պրահայի Գրադչանի շրջանում գտնվող ԱԳՆ շենքի վրա։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլգանեկը։

«Իսրայելն այս օրերին դիմակայում է իսլամիստների կողմից աննախադեպ բարբարոսական հարձակման։ Իմ աջակցությունն ու համերաշխությունն եմ հայտնում Իսրայելին, որը լրիվ իրավունք ունի պաշտպանվելու և պաշտպանելու իր քաղաքացիներին։ Ընդգծում են, որ երկրի բարձրագույն ղեկավարությունը, ներառյալ հանրապետության նախագահը, հստակ իրենց աջակցությունն են հայտնել Իսրայելին։ Ես, նախագահականի և կառավարության օրինակով, որոշել եմ Չեխիայի ԱԳՆ շենքի վրա պարզել Իսրայելի դրոշը՝ որպես աջակցություն և համերաշխություն Մերձավոր Արևելքում մեր կարևոր դաշնակցին»,- հայտարարել է Չեխիայի ԱԳՆ ղեկավարը։

20:03 (մայիսի 14)

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ մտահոգված է Իսրայելում և Գազայում բռնության սրմամբ։ Այդ մասին նա գրառում է արել թվիթերյան իր միկրոբլոգում։

«Ես քննադատում եմ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի անխնա հարձակումները։ Երկու կողմերը քաղաքացիական բնակչությունը պետք է պաշտպանվի։ Բռնությանը հիմա պետք է վերջ դրվի»,- գրել է ֆոն դեր Լեյենը։

19:37 (մայիսի 14)

Ի աջակցություն Իսրայելի՝ հրեական պետության դրոշը պարզվել են Սլովենիայի կառավարական շենքերի վրա։ Այդ մասին նշվում է Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշիի թվիթերյան գրառման մեջ։ 

«Ի համերաշխություն Իսրայելի՝ նրա դրոշը ծածանվել է Սլովենիայի կառավարական շենքերի վրա։ Մենք դատապարտում ենք ահաբեկչական հարձակումները և աջակցում Իսրայելին»,- հայտարարել է Յանշին։

Իսրայելի դրոշը պարզվել է նախագահական պալատի շենքի վրա, որտեղ պարբերաբար կայանում են նաև կառավարության նիստերը, ինչպես նաև կառավարական շենքի վրա։

19:25 (մայիսի 14)

Նիդերլանդների իշխանությունները մտահոգված են իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում իրավիճակի սրմամբ, բայց միևնույն ժամանակ հարգում են Իսրայելի իրավունքը՝ սպառնալիքներին ի պատասխան նախաձեռնելու համաչափ պաշտպանական գործողություններ։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել Նիդերլանդների վարչապետի պաշտոնակատար Մարկ Ռյուգեն։

«Խիստ մտահոգված եմ Իսրայելում և Գազայի հատվածում բռնության շարունակմամբ։ ՀԱՄԱՍ-ը հրթիռակոծում է քաղաքացիական բնակչությանը, ինչը անընդունելի է։ Նիդերլանդները հարգում է միջազգային իրավունքի շրջանակներում համաչափ ինքնապաշտպանության Իսրայելի իրավունքը»,- գրել է հոլանդացի քաղաքական գործիչը։

Զուգահեռաբար Ռյուգեն հանդես է եկել շուտափույթ հրադադարի օգտին և կողմերին կոչ արել երկխոսության։ «Անհրաժեշտ է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի խուսափել քաղաքացիական բնակչության շրջանում զոհերից»,- նշել է Նիդերլանդների վարչապետի պաշտոնակատարը։

19:12 (մայիսի 14)

Իսրայելը շարունակում է գործել արմատականներին ինքնապաշտպանվելու համար, որոնք, թաքնվելով քաղաքացիական բնակչության թիկունքում, հրթիռակոծում են մեր քաղաքները։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ պաշտպանության նախարարությունում կայացած խորհրդակցությունից հետո։

«Ես ասել է, որ ծանր հարված ենք հասցնելու ՀԱՄԱՍ-ին և ահաբեկչական մյուս կազմակերպություններին։ Իսրայելը գործում է ահաբեկիչներից ինքնապաշտպանության շրջանակներում, որոնք հարձակվում են քաղաքացիական բնակչության վրա՝ թաքնվելով քաղաքացիական բնակչության թիկունքում։ Դա նրանց չի օգնի, և մենք կշարունակենք գործել»,- հայտարարել է Նեթանյահուն։

Իսրայելւ վարչապետը հավելել է, որ իշխանությունները կանեն ամեն ինչ, որպեսզի վերականգնվի քաղաքների ու բնակչության անվտանգությունը։

18:56 (մայիսի 14)

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտահոգված է Գազայի հատվածում խաղաղ բնակչության ճակատագրով և հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության վերականգնման օգտին։ Այդ մասին կայացած հեռախոսազրույցի ժամանակ Մակրոնը հայտնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին։

«Ես հանրապետության նախագահը բանակցություններ է վարել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ՝ Մերձավոր արեւելքում բռնության սրման դադարեցման ջանքերի շրջանակներում։ Նախագահ Մակրոնը ընդգծել է խաղաղության վերադառնալու հրատապ անհրաժեշտությունը։ Նա նաև իր մտահոգությունն է հայտնել Գազայի քաղաքացիական բնակչության համար»,- նշվում է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ։ 

Միևնույն ժամանակ Մակրոնը իր ցավակցություններն է հայտնել Իսրայելի վարչապետին՝ ՀԱՄԱՍ խմբավորման հրթիռակոծության արդյունքում զոհված իսրայելցիների համար։ Նա դատապարտել է պաղեստինյան արմատական շարժման գործողությունները և Ֆրանսիայի աջակցությունը հայտնել Իսրայելի ինքնապաշտպանության միջազգային իրավունքին։

18:49 (մայիսի 14)

Գազայի հատվածից Բեեր Շևա քաղաքի հրթիռակոծման արդյունքում տուժել է 1 իսրայելցի։ Այդ մասին հայտնում է The Times of Israel-ը՝ հղում անելով Իսրայելի Առողջապահության նախարարությանը։

Պարբերականի տվյալներով՝ հրթիռներից մեկն ընկել է ավտոմայրուղու շրջանում։ Ոստիկանները շրջապատել են պատահարի տեղը։ 

Ավելի վաղ «Իզզեդին ալ Քասամ» բրիգադը, որը համարվում է Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ արմատական շարժման մարտական թևը, հայտարարել էր, որ հրթիռներ է արձակել Բեեր Շևայի ուղղությամբ, որոնք դարձել էին ՀԱՄԱՍ-ի պատասխանը Իսրայելին՝ իր մարտիկների ոչնչացման համար։

18:41 (մայիսի 14)

Պաղեստինի Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածում, Իսրայելի գործողությունների արդյունքում, զոհերի թիվը հասել է առնվազն 122-ի, ներառյալ 31 երեխա։ Ավելի քան 900 մարդ ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ։ 

Պաղեստինյան հարյուրավոր ընտանիքներ ապաստան են գտնել Գազայի հյուսիսում գտնվող դպրոցներում, որոնք գտնվում են ՄԱԿ-ի հոգացության ներքո։ 

Ալ Ջազիրան էլ գրում է, որ Հորդանան գետի արևմտյան ափին՝ Իսրայելի իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների ժամանակ զոհերի թիվը հասել է 6-ի։ 

18:12 (մայիսի 14)

Իսրայելի հարավում գտնվող Աշքելոն, Աշդոդ և Բեեր Շևա քաղաքներում, ինչպես նաև Գազայի հատվածին հարակից շրջաններում դարձյալ միացել են օդային տագնապի ազդանշանները։ Այդ մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:

«ՀՕՊ ազդանշանները միացել են Բեեր Շևայում։ Տագնապի ազդանշանները շարունակում են հնչել Աշքելոնում և Աշդոդում, ինչպես նաև այն շրջաններում, որոնք սահմանակից են Գազայի հատվածին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

17:46 (մայիսի 14)

Հորդանան գետի արևմտյան ափին մայիսի 14-ին պաղեստինցիների և Իսրայելի իրավապահ մարմինների միջև տեղի ունեցած բախումների արդյունքում զոհվել է առնվազն 5 մարդ, ավելի քան 150-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այդ մասին հայտնում է պաղեստինյան Al-Quds թերթը։

«Այսօր առավոտյան օկուպանտների ոստիկանության արձակած կրակոցներից զոհվել է հինգ մարդ<...> Արևմտյան ափի տարբեր շրջաններում, գյուղերում և ճամբարներում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել ավելի քան 150 մարդ»,- Պաղեստինի Կարմիր մահիկի ներկայացուցչի խոսքերը մեջբերում է Al-Quds-ը։ 

Ինչպես նշում է պաղեստինյան WAFA գործակալությունը, ամենաթեժ բախումները ներկայումս շարունակվում են Բեթղեհեմ քաղաքի մոտ, Երիհոնում, Էլ Հալիլում, Ջենինում, Սալֆիթում, Թուլքարմում, Ռամալլայում, ինչպես նաև Նաբլուս պրովինցիայի մի քանի գյուղերում։ Իսրայելի սահմանապահ ոստիկանության աշխատակիցները, ցուցարարներին ցրելու համար, կիրառում են լուսաձայնային նռնակներ և ռետինե փամփուշտներ։

Բացի այդ, բախումներ են լինում նաև Արևելյան Երուսաղեմի Շեյխ Ջարահ շրջանում, որտեղ Իսրայելի ոստիկանությունը փակել է թաղամաս տանող ճանապարհները։

17:12 (մայիսի 14)

«Իզզեդին ալ Քասամ» բրիգադը, որը համարվում է Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ արմատական շարժման մարտական թևը, հայտարարել է Իսրայելի Բեեր Շևա քաղաքի ուղղությամբ հրթիռի արձակման մասին։ Այդ մասին հայտնում է Saut Al Aqsa ռադիոկայանը։

Վերջինիս տվյալներով՝ Գազայի հատվածից հրթիռներն արձակվել են տեղի ժամանակով 16:00-ին (Երևանի ժամանակով` 17:00-ին) և ուղղվել են Իսրայելի բանակի օբյեկտների ուղղությամբ։

17:04 (մայիսի 14)

Իսրայելի բանակի զինծառայողները նախազգուշական մի քանի կրակոց են արձակել պաղեստինցիների խմբի ուղղությամբ, որոնք ուրբաթ օրը Հարավային Լիբանանից փորձում էին անցնել Իսրայելի տարածք։ Այդ մասին հայտնում է Ալ Ջազիրա հեռուստաընկերությունը։ Պաղեստինցիները սահմանի ուղղությամբ շարժվում էին Տյուրոսի մոտ տեղակայված փախստականների ճամբարից։ 

Հեռուստաընկերության տվյալներով՝ սահմանախախտները վերադարձել են Լիբանանի տարածք, իսկ սահմանին վերականգնվել է հանգստությունը։

16:48 (մայիսի 14)

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան աջակցում է պաղեստինցիներին այն նույն տրամադրվածությամբ, ինչ ավելի վաղ աջակցում էր Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի հարցում։ 

«Մենք վշտացած ու վրդովված ենք Իսրայել ահաբեկչական պետության դաժանությամբ։ Թուրքիայի դիրքորոշումն այս հարցում սկզբունքային է։ Ինչ տրամադրվածությամբ մենք երեկ աջակցում էինք Ադրբեջանի պայքարին՝ Լեռնային Ղարաբաղի և նրա գրավյալ տարածքների ազատագրման հարցում, այսօր մենք նույն տրամադրվածությամբ ենք գործում Երուսաղեմում հետապնդումների դեմ»,- ուրբաթօրյա աղոթքից հետո հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը նաև նշել է, որ հեռախոսազրույցներ է ունեցել 19 երկրների առաջնորդների հետ, որի ընթացքում քննարկվել է «Երուսաղեմում և Պաղեստինի մյուս քաղաքներում իրադարձությունների զարգացումը»։

16:02 (մայիսի 14)

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է միջամտի իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը, որպեսզի կանխարգելվեն Գազայի հատվածի ուղղությամբ հետագա հարվածները։ Այդ մասին հայտարարել է Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգեսը։

15:37 (մայիսի 14)

Ոստիկանության մտահոգություններին հակառակ, այսօր Երուսաղեմի Տաճարի լեռան վրա, ուրբաթօրյա աղոթքի ժամանակ, իրավիճակը հանգիստ է։ Այդ մասին Երուսաղեմից հայտնել է TACC-ի թղթակիցը։ Վերջինիս կարծիքով՝ տպավորություն է, թե Իսրայելի և Պաղեստինի տարածքները չեն հրթիռակոծվում։ 

Մուսուլմաններին, առանց տարիքային սահմանափակումների, թույլատրում են մտնել Ալ Աքսա մզկիթ։ Հին քաղաքի Դամասկոսի դարպասների մոտ, որտեղով անցնում են հավատացյալները, և մզկիթի ներսում իրավիճակը հանդարտ է։ 

Քաղաքում ոստիկանների թիվը նույնն է, չկա խիստ ուժեղացված հսկողություն։

15:14 (մայիսի 14)

Save the Children կազմակերպությունը հայտարարել է, որ Գազայի հատվածում, Իսրայելի ավիահարվածների արդյունքում, վնասվել է առնվազն 31 դպրոց և 1 բժշկական հաստատություն։ 31 դպրոցներում, ընդհանուր առմամբ, սովորում էր ավելի քան 24 000 երեխա։

Գազայի հատվածից արձակված հրթիռակոծության արդյունքում էլ Իսրայելում վնասվել է 1 դպրոց, որտեղ, ավելի վաղ, դադարեցվել էր ուսումնական գործընթացը։ 

«Մենք շարունակում ենք իմ կրտսեր աղջկան և որդուն ասել, որ հրետանային ռմբակոծությունը տոնակատարություն է, հրավառություն, ուրախություն։ Մենք դիմում ենք տարբեր միջոցների, որպեսզի շեղենք նրանց ուշադրությունն այդ սարսափելի մթնոլորտից, բայց ամեն ինչ ապարդյուն է»,- Ալ Ջազիրային պատմել է Save the Children կազմակերպության Գազայի տարածքային համակարգող Իբրահիմ Աբու Սոբեհը։

14:56 (մայիսի 14)

Իսրայելի հարավում իրավիճակը համեմատաբար հանդարտ է։ Այդ մասին հայտնել է Ալ Ջազիրայի թղթակից Հարի Ֆոուքեթը, որը լուսաբանումն իրականացնում է Իսրայելի և Գազայի հատվածի սահմանագծից։

«Իրավիճակը հիմա այստեղ ավելի հանգիստ է, քան նախորդ օրերի և այս գիշեր տեղի ունեցած ինտենսիվ փոխհրաձգության հետ համեմատած»,- նշել է Ֆոուքեթթը։

Հիշեցնենք, որ երեկ գիշերը լուրեր էին տարածվել, որ Իսրայելը ցամաքային գրոհ է սկսել Գազայի հատվածի ուղղությամբ, սակայն առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը հերքել էր այն՝ նշելով, որ շփոթմունքն առաջացել է ՑԱԽԱԼ-ի տարածած շփոթեցուցիչ հաղորդագրությունից հետո։

14:46 (մայիսի 14)

Մերձավորարևելյան քառյակը (Ռուսաստան, ԱՄՆ, ՄԱԿ, Եվրամիություն) ուրբաթ օրը՝ մայիսի 14-ին կքննարկի Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումը։ Այդ մասին Բեռլինում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Քրիստոֆեր Բուրգերը։ 

«Բոլոր նրանք, որոնք դրականորեն կարող են ազդել իրավիճակի վրա, պետք է իրենց ներդրումն ունենան»,- նշել է Բուրգերը՝ անդրադառնալով Իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման ռուսական նախաձեռնությանը։ «Այսօր կկայանա մերձավորարևելյան քառյակի հանդիպումը։ Ռուսաստանը դրա անդամ է»,- նշել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը։

14:38 (մայիսի 14)

Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը հարձարկվել է սիրիա-լիբանանյան սահմանին գտնվող մեքենայի վրա։ Ինչպես հայտնում է Al-Hadath հեռուստաընկերությունը, մեքենայում, ենթադրաբար, կարող էին գտնվել շիական Հեզբոլահի մարտիկները։ 

Հեռուստաընկերության տվյալներով՝ հրթիռն արձակվել է մեքենայի ուղղությամբ, որը գտնվել է Հերմել քաղաքից արևելք։ Զոհվածների և վիրավորների մասին տվյալներ դեռևս չկան։

Իր հերթին Naharnet պորտալը փոխանցում է, որ հարձակման է ենթարկվել զինամթերք տեղափոխող ավտոշարասյունը, որը շարժվում էր դեպի Սիրիա, որտեղ շիա զինյալները կռվում են կառավարական ուժերի կազմում։

Հեզբոլահն ու Լիբանանի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել այս պատահարը։

13:01 (մայիսի 14)

«Իզզեդին ալ Քասամ» բրիգադը, որը համարվում է Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ արմատական շարժման մարտական թևը, հայտարարել է իսրայելական քիմգործարանին հարվածներ հասցնելու մասին։ Այդ մասին հայտնում է Ալ Ջազիրա հեռուստաընկերությունը։

Վերջինիս տվյալներով՝ քիմիական գործարանը գտնվել է Նիր-Օզ բնակավայրի մոտ։ Հարվածը հասցվել է անօդաչու թռչող սարքի օգնությամբ։

Իսրայելի պաշտպանության բանակն էլ հայտարարել է, որ «որոշ ժամանակ առաջ «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգը որսացել է անօդաչու թռչող սարքավորում, որը Գազայի հատվածից անցել էր Իսրայելի տարածք»։

10:35 (մայիսի 14)

Իսրայելի ռազմաօդային ուժերը, ցամաքային ստորաբաժանումների աջակցությամբ, չմտնելով Գազայի հատվածի տարածք, մայիսի 14-ի գիշերը իրականացրել հակամարտության սրումից ի վեր ամենախոշոր գործողությունը։ Այդ մասին կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը։

«Գիշերը 160 ինքնաթիռներ, 40 րոպեի ընթացքում, միաժամանակ հարձակվել են 150 թիրախների վրա։ Սա ամենախոշոր գործողությունն էր հակամարտության մեկնարկից ի վեր, որին մասնակցել են նաև ցամաքային ստորաբաժանումները՝ նշանառելով միևնույն թիրախներին։ Անցած գիշերվա ընթացքում իսրայելցի որևէ զինվորական չի մտել Գազայի հատված։ Հարձակման թիրախը եղել է թունելների ցանցը, որոնք արմատականներն օգտագործում են փոխադրման և թաքստոցի համար»,- նշել է Կոնրիկուսը։

Բանակի ներկայացուցիչն ընդգծել է, որ մի շարք լրատվամիջոցներ ուրբաթ երեկոյան հայտնել էին, որ Գազայի հատվածի ուղղությամբ Իսրայելը ցամաքային հարձակում է սկսել, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Այդուհանդերձ, զինվորականը մեղքը վերցրել է իր վրա՝ նշելով, որ ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը, անգլերեն հաղորդագրության մեջ, վրիպում է արել։ 

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իսրայելը պատրաստվում է ցամաքային գործողություն սկսել Գազայի ուղղությամբ, Կոնրիկուսը նշել է, որ բանակն ունի պլաններ, կան նախապատրաստության հրամաններ, սակայն մտադրությունների մասին չի կարող հայտնել լրագրողներին։

10:02 (մայիսի 14)

Գազայի հատվածում, Իսրայելի գործողությունների արդյունքում, զոհված պաղեստինցիների թիվը հասել է առնվազն 119-ի, մոտ 600 մարդ էլ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այդ մասին հայտնում է Ալ Ջազիրան՝ հղում անելով Պաղեստինի Առողջապահության նախարարությանը։ 

Քաթարական հեռուստաընկերության տվյալներով՝ զոհերի 27-ը անչափահասայներ են, իսկ 11-ը՝ կանայք։

02:13 (մայիսի 14)

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կիրակի օրը՝ մայիսի 16-ին,կանցկացնի բաց հանդիպում, որտեղ կքննարկվի իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում առկա իրավիճակը։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։ 

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կիրակի օրը կհանդիպի քննարկելու Իսրայելում և Գազայի հատվածում առկա իրավիճակը»,- թվիթերյան միկրոբլոգում գրել է նա։ Հանդիպումը կկայանա տեղի ժամանակով 10:00-ին (Երևանի ժամանակով՝ 18:00-ին)։ Հանդիպման ընթացքում ելույթ կունենա ՄԱԿ-ի հատուկ համակարգող Թոր Վենեսլանդը։ 

Ի սկզբանե Չինաստանը, Թունիսը և Նորվեգիան առաջարկել էին հանդիպումը անցկացնել մայիսի 14-ին, սակայն այդ տարբերակին դեմ է եղել ԱՄՆ-ն՝ առաջարկելով այն կազմակերպել մայիսի 18-ին։ Արդյունքում, ընտրվել է կոմպրոմիսային տարբերակ։ 

01:46 (մայիսի 14)

Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) օդային և ցամաքային ստորաբաժանումները հարձակվում են Գազայի հատվածի վրա։ Այդ մասին հայտնում է ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը։

«ՑԱԽԱԼ-ի օդային և ցամաքային զորքերը ներկայումս հարձակվում են Գազայի հատվածի վրա»,- նշվում է Իսրայելի զինված ուժերի տարածած հաղորդագրության մեջ։

Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ, փոխգնդապետ Ջոնաթան Կոնրիկուսը հայտարարել է, որ իսրայելցի զինվորականները մտել են Գազայի տարածք։

Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչն ու ինքնաթիռը Գազայի հատվածում հարվածներ են հասցրել մի քանի զինապահեստների, որոնք պատկանել են ՀԱՄԱՍ խմբավորմանը։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ռազմագործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելում չի վերականգնվել խաղաղությունն ու անվտանգությունը։

23:47 (մայիսի 13)

«Իզզեդին ալ Քասամ» բրիգադը, որը համարվում է Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ արմատական շարժման մարտական թևը, հայտարարել է, որ տասը հրթիռ է արձակել Իսրայելի Աշքելոն քաղաքի ուղղությամբ։ Այդ մասին հայտնել է Donia Al Watan ռադիոկայանը։

Վերջինիս տվյալներով՝ Q20 տիպի հրթիռներն արձակվել են տեղի ժամանակով 21:00-ին (Երևանի ժամանակով 22:00-ին)՝ Իսրայելի բանակի ռազմական օբյեկտների ուղղությամբ։ 

23:29 (մայիսի 13)

Օդային տագնապի ազդանշանները դարձյալ սկսել են հնչել Իսրայելի Աշքելոն և Աշդոդ քաղաքներում, որոնք բնակիչներին զգուշացնում են Գազայի հատվածից նոր հրթիռակոծության վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

«ՀՕՊ ազդանշանները հնչում են Աշքելոնում և Աշդոդում»,- նշվում է հայտարարության մեջ։

23:19 (մայիսի 13)

Պաղեստինի Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածում, Իսրայելի ռազմական գործողությունների արդյունքում, զոհերի թիվը հասել է առնվազն 103-ի, մոտ 600 մարդ էլ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ 

Al Arabiya հեռուստաընկերությունն էլ հայտնում է, որ զոհերի թվում առնվազն 27-ը անչափահասներ են։

22:53 (մայիսի 13)

Լիբանանի տարածքից երեք հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Այդ մասին հայտնում է Ալ Ջազիրան։ Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ հրթիռներն ընկել են Միջերկրական ծովը՝ որևէ վնաս չպատճառելով շինություններին ու բնակչությանը։

Լիբանանի լրատվամիջոցները հայտնում են, որ իրավապահ մարմինները ձերբակալել են այն անձին, որն արձակել է հրթիռները՝ Լիբանանի հարավում գտնվող Տյուրոս քաղաքից։

22:22 (մայիսի 13)

Մայիսի 13-ի ընթացքում Գազայի հատվածից Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակվել է մոտ 160 հրթիռ։ Այդ մասին հայտնում է The Times of Israel-ը՝ հղում անելով Իսրայելի զինված ուժերին։ Պարբերականի տվյալներով՝ տեղի ժամանակով առավոտյան 07:00-ից Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 160 հրթիռ և ականանետի արկ, որոնցից 40-ը չեն կարողացել հատել սահմանը և ընկել Գազայի հատվածի տարածքում։ Նշվում է, որ տասնյակ արկեր հնարավոր է եղել որսալ «Երկաթե գմբեթի» միջոցով։

Ընդհանուր առմամբ, Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռների թիվը հասել է մոտ 1750-ի։

22:09 (մայիսի 13)

Գազայի հատվածում Իսրայելի հարվածների արդյունքում վիրավորվել են թուրքական Anadolu պետական լրատվական գործակալության ֆոտոթղթակից Մուսթաֆա Հասունը և օպերատոր Մուհամեդ էլ Ալյուլը։ Այդ մասին հայտնում է Anadolu գործակալությունը։ 

Տեղի ունեցածի մանրամասների և լրագրողների վիճակի մասին տվյալներ դեռևս չեն հաղորդվել։

21:31 (մայիսի 13)

Վաշինգտոնը արգելափակել է Իսրայելի և Պաղեստինի հարցով մայիսի 14-ին նախանշված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց նիստը և առաջարկում է այն անցկացնել մայիսի 18-ին։ Այդ մասին նշվում է Անվտանգության խորհրդի նախագահին ԱՄՆ հատուկ ներկայացուցչության ուղարկած նամակի մեջ, որը կրկնօրինակը հայտնվել է TACC-ի թղթակցի մոտ։

«ԱՄՆ-ն չի կարող աջակցել ուրբաթ օրը՝ մայիսի 14-ին տեսակապի միջոցով բաց նիստի անցկացմանը՝ հաշվի առնելով դիվանագիտական ակտիվ շանքերի շարունակումը, այդ թվում նաև ամենաբարձր մակարդակով։ Մենք կարծում ենք, որ վաղը նախատեսվող բաց հանդիպումը չի նպաստի դեէսկալացիայի նվազմանը»,- նշվում է փաստաթղթում։ 

21:06 (մայիսի 13)

Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարությունը ընդունել է որոշում, որով կերկարաձգվի արտակարգ դրության ռեժիմը երկրի մի շարք շրջաններում, որոնք գտնվում են Գազայի հատվածից հրթիռակոծման վտանգի տակ։ Այդ մասին հայտնել է The Times of Israel-ը։

Վերջինիս տվյալներով՝ որոշումն ընդունվել է ընթացիկ իրավիճակի գնահատման արդյունքում։

Նշվում է, որ արտակարգ դրության ռեժիմին համապատասխան, Իսրայելի հարավային և կենտրոնական շրջաններում, ինչպես նաև Թել Ավիվում, արգելվում է փակ տարածքներում և փողոցում հավաքվել համապատասխանաբար 100 և 10 հոգանոց խմբերից ավելին։ Դադարեցվել է ուսումնական հաստատությունների աշխատանքը։ Թույլատրվել է աշխատանքի գնալ միայն այն անձանց, որոնց աշխատավայրի մոտ կան ռումբապաստարաններ։ 

20:53 (մայիսի 13)

Մայիսի 10-ից սկսած Իսրայելի կողմից Գազայի հատվածի հրթիռակոծման և հրետանակոծման արդյունքում ամբողջությամբ ավերվել է ավելի քան 500 կառույց։ Այդ մասին հայտնել է Պաղեստինի Հանրային աշխատանքների և բնակարանաշինության նախարարությունը։

«Իսրայելի ագրեսիայի արդյունքում բնակարանային ֆոնդի ավելի քան 500 միավոր ամբողջությամբ փլուզվել է, իսկ մոտ 2500 միավոր՝ մասնակի փլուզվել»,- նախարարության հայտարարությունը մեջբերել է Donia Al Watan ռադիոկայանը։

20:37 (մայիսի 13)

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի հրամանով Իսրայելի պաշտպանության բանակ է զորակոչվել 9 000 պահեստազորային։ Այդ մասին հայտնել է Իսրայելի 7-րդ հեռուստաալիքը։

Ավելի վաղ, ՑԱԽԱԼ-ի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Հիդայ Զիլբերմանը հայտարարել էր, որ «բանակը ցանկացած պահին պատրաստ է ցամաքային գործողությունների մեկնարկին»։

The Jerusalem Post-ի տվյալներով՝ ցամաքային ռազմագործողության պլանը մայիսի 13-ին պետք է ուղարկվի Իսրայելի Գլխավոր շտաբի պետ Ավիվ Կոհավիի հաստատմանը։ 

20:19 (մայիսի 13)

Իսրայելա-պաղեստինյան հակամարտության ֆոնին՝ ամերիկյան իշխանությունները մոտ 120 զինծառայողների և քաղաքացիական անձանց է դուրս բերել Իսրայել։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է CNN-ի լրագրող Բարբարա Սթարը՝ հղում անելով ԱՄՆ Պաշտպանության նախարարության իր աղբյուրին։ 

20:01 (մայիսի 13)

«Իզզեդին ալ Քասամ» բրիգադը, որը համարվում է Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ արմատական շարժման մարտական թևը, հայտարարել է Իսրայելի հարավային քաղաքների ուղղությամբ նոր հրթիռներ արձակելու մասին։ Այդ մասին հայտնում է Dunia Al Watan ռադիոկայանը։

Վերջինիս տվյալներով՝ մի քանի հրթիռ արձակվել է տեղի ժամանակով 18:00-ին (Երևանի ժամանակով 19:00-ին), այդ թվում նաև Նետիվոտ և Բեեր Շևա քաղաքների ուղղությամբ։ Ռադիոկայանի տվյալներով՝ հարվածների նոր շարքը դարձել է ՀԱՄԱՍ-ի պատասխանը՝ Իսրայելի կողմից իր անդամների սպանության համար։

19:46 (մայիսի 13)

Գազայի հատվածում, Իսրայելի գործողությունների արդյունքում, զոհված պաղեստինցիների թիվը հասել է 87-ի, ներառյալ 18 երեխա և 8 կին։ Այդ մասին հայտարարել է Պաղեստինի Առողջապահության նախարարությունը։ 

Վերջինիս տվյալներով՝ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել առնվազն 503 մարդ։

19:21 (մայիսի 13)

Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել չորս տեղանքների, որոնք պատկանել են ՀԱՄԱՍ-ի մարտական թևի՝ «Իզզեդին ալ Քասամ» բրիգադի հրամանատարներին կամ կիրառվել են նրանց կողմից։ Այդ մասին հայտարարել է ՑԱԽԱԼ-ի մամլո ծառայությունը։ 

Հարվածները հասցվել են Գազայի հատվածի հյուսիսում։ Բնակարաններից մեկը պատկանել է այդ խմբավորման հրամանատարի օգնականին։ Եվս երեք բնակարանները պատկանել են բրիգադի առանձին մարտական վաշտերի հրամանատարներին։

Տարածված հաղորդագրության համաձայն` բոլոր այդ տեղանքները օգտագործվել են արմատականների հրամանատարների կողմից՝ Իսրայելի դեմ ապագա գործողությունները կազմակերպելու համար։ 

19:04 (մայիսի 13)

Պաղեստինցի ակտիվիստ Ռիյա Ալ-Սանահը, որը բնակվում է Իսրայելի Հայֆա քաղաքում, Ալ Ջազիրային պատմել է, որ Իսրայելի անվտանգության ուժերը հարձակվում են պաղեստինյան համայնքի ներկայացուցիչների վրա։ 

«Պաղեստինյան համայնքներում վախի մթնոլորտ է տիրում։ Մենք ոչ միայն տեսնում ենք կազմակերպված բռնություն Իսրայել պետության, ոստիկանության կամ զինուժի կողմից, այլևս տեսնում ենք, թե ինչպես են սիոնիստների կազմակերպված և զինված խմբերը շրջում փողոցում, փնտրում պաղեստինցիներին և հարձակվում նրանց վրա»,- նշել է Ալ-Սանահը։

«Երեկ Հայֆայում ամբոխը, որը փողոցներում պաղեստինցիներին էր փնտրում հարձակվելու համար, անմիջականորեն պաշտպանվում էր ոստիկանության կողմից։ Ոստիկաններն անձամբ էին ներխուժում մարդկանց տներ և հարձակվելով բռնություն կիրառում»,- հավելել է պաղեստինցի ակտիվիստը։

18:06 (մայիսի 13)

«Իզզեդին ալ Քասամ» բրիգադը, որը համարվում է Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ արմատական շարժման մարտական թևը, հայտարարել է, որ, անօդաչուների օգնությամբ, հարվածներ է հասցրել Միջերկրական ծովում գտնվող Իսրայելի գազային պլատֆորմին։ Այդ մասին հայտնում է Al Mayadeen հեռուստաընկերությունը։

Համաձայն հայտարարության, տեղական արտադրության, այսպես կոչված, «Շիհաբ» կամիկաձե դրոնները, որոնք թռչում են ցածր բարձրությամբ, առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառվում են «Երուսաղեմի սուր» ռազմագործողության ժամանակ։ 

«Ինքնաշեն մի քանի մահապարտ դրոններ չորեքշաբթի օրվանից թիրախում պահել էին գազային պլատֆորմը, որը Գազայի հատվածի մերձափնյա շրջանների ոչ շատ հեռու է գտնվում։ Ի պատասխան Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների, այսօր ցերեկը մի քանի հարված է իրականացվել պլատֆորմի ուղղությամբ»,- նշվում է հայտարարության մեջ։

17:54 (մայիսի 13)

British Airways-ը, Virgin Atlantic-ը, Lufthansa-ն, LOT-ը, Aeroflot-ը և Iberia-ն չեղարկել են դեպի Թել Ավիվ առաջիկա թռիչքները՝ միանալով ամերիկյան ավիաընկերություններին, որոնք ավելի վաղ ևս չեղարկել էին իրենց թռիչքները Իսրայելի խոշորագույն քաղաք։ 

«Մեր գործընկերների և հաճախորդների ապահովությունն ու անվտանգությունը մշտապես մեր գլխավոր առաջնահերթությունն է, և մենք շարունակում ենք ուշադիր հետևել իրավիճակի զարգացմանը»,- հայտարարել է British Airways-ը՝ Բեն Գուրիոն օդանավակայան թռիչքի չեղարկումից հետո։ 

17:48 (մայիսի 13)

Իսրայելի ռազմաօդային ուժերը հայտարարել են դրոնի ոչնչացման մասին, որը Գազայի հատվածից անցել էր հրեական պետության սահմանը։ Այդ մասին նշվում է ռազմական գերատեսչության թվիթերյան միկրոբլոգում։ 

 

16:11 (մայիսի 13)

«Իզզեդին ալ Քասամ» բրիգադը, որը համարվում է Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ արմատական շարժման մարտական թևը, հայտարարել է Ռամոն օդանավակայանի ուղղությամբ «Այաշ» տեսակի հրթիռի արձակման մասին։ Այդ մասին գրում է Donia Al Watan-ը։

Բացի այդ, ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Աբու Օբեյդայի խոսքերով, Թել Ավիվի և Բեեր Շևայի ուղղությամբ մայիսի 13-ի կեսօրին արձակվել է ավելի քան 100 հրթիռ։ ՀԱՄԱՍ-ը միջազգային բոլոր ավիաընկերություններին կոչ է արել հրաժարվել այդ տարածաշրջանով թռիչքների իրականացումից։ 

Օբեյդան ընդգծել է, որ նոր հարվածները դարձել են ՀԱՄԱՍ-ի պատասխանը Իսրայելի կողմից Գազայի հատվածում քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացմանը։

16:04 (մայիսի 13)

Պաղեստինի Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածում, Իսրայելի ռազմական գործողությունների արդյունքում, զոհերի թիվը հասել է առնվազն 83-ի, ներառյալ 17 երեխա։ Ավելի քան 480 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ 

Իսրայելում էլ զոհվել է 7 մարդ, որոնցից մեկը Հնդկաստանի քաղաքացի է։ Մայիսի 13-ի դրությամբ շուրջ 1600 հրթիռ է Գազայի արձակվել Իսրայելի ուղղությամբ։ 

15:45 (մայիսի 13)

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի որդին՝ Յաիր Նեթանյահուն թուրքերին մեղադրել է Հայոց ցեղասպանության իրագործման մեջ։ Այդ մասին կրտսեր Նեթանյահուն գրառում է արել թվիթերյան իր միկրոբլոգում։ 

«Արագ պատմության դաս ինձ հետևող թուրքական բոտերին: ԴուքԱնատոլիայում բնիկ չեք, եկել եք Կենտրոնական Ասիայից և ցեղասպանություն եք իրականացրել տեղի հույն քրիստոնյա բնակչության դեմ: Ստամբուլն իրականում Կոստանդնուպոլիսն է և դուք անօրինական կերպով բռնազավթել եք այն: Դուք նաև ցեղասպանություն եք գործել հայերի նկատմամբ: Հիմա դուք բռնազավթում եք Հյուսիսային Կիպրոսը, Սիրիայի հյուսիսը և Քուրդիստանը: Ձեր երկիրը ղեկավարում է մի բռնապետ, որն ուզում է կրկին բռնազավթել և ճնշել արաբական աշխարհը՝ Օսմանյան կայսրության օրինակով», - գրել է Յաիր Նեթանյահուն:

15:15 (մայիսի 13)

Օդային տագնապի ազդանշանները միացել են Իսրայելի չորս խոշոր քաղաքներում՝ Թել Ավիվում, Աշդոդում, Աշկելոնում և Բեեր Շևայում։ Այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամլո ծառայությունը։

Թել Ավիվի երկնքում լսվել են մի քանի պայթյուններ։ Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 հրթիռ։ Այդ մասին լրագրողների համար կայացած ճեպազրույցում հայտարարել է ՑԱԽԱԼ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը։ Ի պատասխան, Գազայի հատվածում Իսրայելը խոցել է ավելի քան 600 ռազմական թիրախ, ինչպես նաև ոչնչացրել ՀԱՄԱՍ խմբավորման և «Իսլամական ջիհադ»-ի շուրջ 3 տասնյակ անդամների, ներառյալ բարձրաստիճան մի քանի անդամներ։

12:43 (մայիսի 13)

Իսրայելի խոշորագույն Բեն Գուրիոն միջազգային օդանավակայանի վարչակազմը սկսել է Թել Ավիվ ժամանող ինքնաթիռներն ուղարկել երկրի հարավ՝ Ռամոն միջազգային օդանավակայան։ Այդ մասին հայտնում է The Jerusalem Post-ը։ Նման որոշումը պայմանավորված է Իսրայելի խոշորագույն քաղաքի շարունակական հրթիռակոծման հետ։

Նաև նշվում է, որ ամերիկյան մի շարք խոշոր ավիաընկերություններ, ինչպես օրինակ United Airlines-ը, Delta Airlines-ը և American Airlines-ը չեղարկել են Միացյալ Նահանգներից թռիչքները դեպի Թել Ավիվ։

11:19 (մայիսի 13)

Իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրումից ի վեր Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 հրթիռ, իսկ փոխարենը Իսրայելի զինված ուժերը խոցել են շուրջ 600 ռազմական թիրախ։ Այդ մասին կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը։

«Մի քանի օրվա ընթացքում Իսրայելի տարբեր քաղաքների ուղղությամբ Գազայի հատվածից արձակվել է ավելի քան 1600 հրթիռ, որին ի պատասխան Իսրայելի զինված ուժերը խոցել են շուրջ 600 ռազմական թիրախ»,- նշել է Կոնրիկուսը։ Նա հավելել է, որ հակամարտության սրումից ի վեր Իսրայելում զոհվել է քաղաքացիական 6 անձ և 1 զինծառայող։ Կոնրիկուսի խոսքերով՝ զինվորականները ոչնչացրել են ՀԱՄԱՍ խմբավորման և «Իսլամական ջիհադ»-ի երեք տասնյակ ներկայացուցիչների, այդ թվում բարձրաստիճան անձանց։

10:04 (մայիսի 13)

Իսրայելի ավիացիան հարվածներ է հասցրել Պաղեստինի ֆինանսերի նախարարությանը և Իսլամական ազգային բանկի գրասենյակին։ Այդ մասին հայտնել է Donia Al Watan պարբերականը։

Ֆինանսների նախարարության շենքը, որը գտնվում է Գազայի հատվածում, հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքերի կողմից, որոնք դրա ուղղությամբ արձակել են երկու հրթիռ։

00:34 (մայիսի 13)

Միացյալ Նահանգները հույս ունի, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտափույթ կհանգուցալուծվի։ Այդ մասին լրագրողներին Սպիտակ տանը հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցից հետո։

«Ես վերջերս զրույց ունեցա Բիբի Նեթանյահուի հետ, մենք շուտով հանդես կգանք հայտարարությամբ։ Իմ սպասումներն ու հույսերը կայանում են նրանում, որ բռնության կրճատումը շուտ կլինի, այլ ոչ ուշ։ Իմ հույսը կայանում է նրանում, որ մենք առաջիկայում կտեսնենք այդ ամենի ավարտը»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։ 

Ընդորում, նա կարծիք է հայտնել, որ Իսրայելը ստիպված է լինում ուժ կիրառել, քանի որ պաղեստինյան տարածքներից «հազարավոր հրթիռների կիրառմամբ» հարձակվում են հրեական պետության վրա։ «Իսրայելը ինքնապաշտպանության իրավունք ունի»,- հայտարարել է Բայդենը։

ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ ազգային անվտանգության և պաշտպանական հարցերի համար պատասխանատու ամերիկյան պաշտոնյաները «մշտական կապի մեջ են Մերձավոր Արևելքի գործընկերների հետ, ներառյալ Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և այլն»։

00:17 (մայիսի 13)

Իսրայելի անվտանգության կաբինետը իր հավանությունն է տվել Գազայի հատվածում, ընդդեմ պաղեստինցի արմատականների, ռազմական գործողությունների ընդլայնմանը։ Այդ մասին հայտնել է «Գալեյ ՑԱԽԱԼ» ռադիոկայանը։

Իսրայելի 12-րդ հեռուստաալիքի տվյալներով՝ բանակը հաջորդ փուլով նախատեսում է Գազայում հարվածներ հասցնել ՀԱՄԱՍ-ին պատկանող շենքերին, այդ թվում նաև գանձապետարանին։

23:54 (մայիսի 12)

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։ 

«Ես հեռախոսազրույց եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ և շնորհակալություն հայտնել նրան այն բանի համար, որ ամերիկյան կողմն իր աջակցությունն է հայտնել Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին»,- նշվում է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Իսրայելի վարչապետի թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում։

23:36 (մայիսի 12)

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում եվրոպական երկրների ներկայացուցիչներն Իսրայելին կոչ են արել զսպվածություն ցուցաբերել՝ Գազայի հատվածում իրականացվող գործողությունները ժամանակ՝ միևնույն ժամանակ դատապարտելով Իսրայելի տարածքի հրթիռակոծումը Գազայի հատվածից։ Այդ մասին նշվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդրում Էստոնիայի, Ֆրանսիայի, Իռլանդիայի և Նորվեգիայի մշտական ներկայացուցիչների միացյալ հայտարարության մեջ։

«Մենք դատապարտում ենք Գազայի հատվածից Իսրայելի քաղաքացիական բնակչության հրթիռակոծումը։ Դրանք բացարձակապես անընդունելի են և պետք է անմիջապես դադարեցվեն։ Գազայի հատվածի ուղղությամբ Իսրայելի հարվածներից հետո, քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը մեծ է, ներառյալ երեխաներ։ Չնայած մենք ճանաչում ենք ինքնապաշտպանության Իսրայելի իրավունքը, մենք կոչ ենք անում Իսրայելի անվտանգության ուժերին առավելագույն զսպվածություն ցուցաբերել, որպեսզի պաշտպանվի խաղաղ բնակչությանը՝ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին համապատասխան»,- նշվում է հայտարարության մեջ։

Հայտարարությունը տարածվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո։ Ենթադրվում էր, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն կընդունի միացյալ հայտարարություն, սակայն դա չի հաջողվել։ Ավելի վաղ պարզ էր դարձել, որ պատճառը ԱՄՆ դիրքորոշումն է։

23:14 (մայիսի 12)

Ամերիկյան American Airlines, United Airlines և Delta Airlines ավիաընկերությունները չեղարկել են Միացյալ Նահանգներից Թել Ավիվ չվերթները, որոնք նախատեսված էին մայիսի 12-ին և 13-ին։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ավիափոխադրողների ներկայացուցիչներին։ 

Նրանց խոսքերով՝ ավիաընկերությունները ուշադրությամբ հետևում են տարածաշրջանում իրավիճակի զարգացմանը։

23:01 (մայիսի 12)

Իսրայելի Լոդ քաղաքում մայիսի 12-ի երեկոյան հրեաները հարձակվել են Ալ Նուր մզկիթի վրա։ Այդ մասին հայտնում է Ալ Ջազիրան։

Իսրայելի կառավարության որոշմամբ Լոդում հայտարարվել է պարետային ժամ։ Քաղաքի փողոցները, մզկիթի վրա հարձակումից և պարետային ժամի հայտարարումից հետո, դատարկվել են, ավտոմոբիլային շարժը դադարեցվել է։ 

Իսրայելի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Միխայել Զինգերմանը հայտարարել է, որ պարետային ժամի ընթացքում մարդկանց արգելված է հայտնվել հանրային վայրերում, չի կարելի դուրս գալ բնակարանից կամ այն վայրերից, որտեղ մարդիկ գտնվել են պարետային ժամի մեկնարկի պահին։ Արգելվել է դեպի այդ քաղաք մուտքն ու ելքը, բացառությամբ բժշկական և սոցիալական դեպքերի, որոնք նախապես պետք է համաձայնեցվեն ոստիկանության հետ։ 

22:39 (մայիսի 12)

Գազայի հատվածում, Իսրայելի հարվածների արդյունքում, զոհվել է առնվազն 65 մարդ, ներառյալ 16 անչափահաս։ Եվս 365 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այդ մասին հայտնում է Պաղեստինի Առողջապահության նախարարությունը։

«65 մարդ զոհվել է, որոնց թվում կա 16 անչափահաս և 5 կին, ևս 65 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,- առողջապահական գերատեսչության հայտարարությունը մեջբերել է TACC գործակալությունը։

22:21 (մայիսի 12)

Համացանցում կադրեր են տարածվում այն մասին, որ Յաֆֆա քաղաքում երիտասարդ հրեաները թիրախավորել են պաղեստինցիներին պատկանող մասնավոր սեփականությունը։ Տարածվող տեսանյութերից պարզ է դառնում, որ նրանք հարձակվում են խանութների, պաղեստինցիներին պատկանող ավտոմեքենաների վրա։

22:11 (մայիսի 12)

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ Իսրայելի կործանիչները Գազա քաղաքում հարվածներ են հասցրել 14-հարկանի շինությանը, որտեղ տեղակայված են եղել նաև ՀԱՄԱՍ արմատական շարժման կառույցները։

«Հենց նոր ՑԱԽԱԼ-ի կործանիչները Գազայի հարավում հարվածներ են հասցրել 14-հարկանի շենքին։ Այնտեղ տեղակայված էին ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության մարմիններն ու ենթակառուցվածքների օբյեկտները, որոնք կիրառվում էին ռազմատակտիկական տեղեկատվության փոխանցման համար»,- նշվում է հաղորդագրության մեջ, որը տեղադրվել է ռազմական գերատեսչության թվիթերյան միկրոբլոգում։

22:03 (մայիսի 12)

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, մայիսի 12-ին կայացած արտահերթ հանդիպումից հետո, չի կարողացել համաձայնեցնել Իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրման վերաբերյալ միացյալ հայտարարությունը։ Այդ մասին ռուսական TACC գործակալությանը հայտնել են ՄԱԿ-ի ԱԽ աղբյուրները։ Միացյալ հայտարարությունը հնարավոր չի եղել համաձայնեցնել Միացյալ Նահանգների դիրքորոշման պատճառով։

«Ինչպես նախորդ երկուշաբթի կայացած խորհրդակցություններից հետո, չի հաջողվել հայտարարություն անել։ Դրան խանգարում է ԱՄՆ դիրքորոշումը»,- նշել է գործակալության զրուցակիցը։

Ինչպես ռուսական գործակալությանը հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալը, հանդիպման ընթացքում «ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրները իրենց խիստ մտահոգությունն են հայտնել, կոչ արել խուսափել բռնությունից»։ 

Իր հերթին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ կազմակերպության քարտուղարությունը «կցանկանար տեսնել Անվտանգության խորհրդի ուժեղ և միացյալ ուղերձ»։ «Ուժի կիրառման ցանկացած դեպք պետք է վերլուծվի և հետաքննվի։ Քաղաքացիական անձինք չպետք է դառնան հրթիռային հարձակումների թիրախ»,- հավելել է նա։

21:49 (մայիսի 12)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կոչ է արել հասնել Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության դեէսկալացիային, ինչը կնպաստի խաղաղ բնակչության անվտանգության ապահովմանը։

«Հիմա մենք պետք է հասնենք հակամարտության դեէսկալացիային այն բանի համար, որ պաշտպանենք խաղաղ բնակչության անվտանգությունը, որոնք մահանում են այդ բացարձակ անընդունելի հանգամանքներում»,- Մոսկվայում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։ 

Գուտերիշը նշել է, որ ՄԱԿ-ն ամբողջությամբ պատրաստ է մերձավորարևելյան քառյակի և խաղաղ գործընթացի աշխատանքների մեկնարկին։ 

21:31 (մայիսի 12)

Գազայի հատվածից Իսրայելի Սդերոտ քաղաքի արկակոծման արդյունքում վեց իսրայելցիներ, ներառյալ վեցամյա մի երեխա, վիրավորվել են։ Այդ մասին գրում է TACC-ը՝ հղում անելով The Times of Israel պարբերականին։ Պարբերականի տվյալներով՝ հրթիռակոծվել է բնակելի տներից մեկը։ Երեխան գտնվում է ծանր վիճակում։ 

Արկակոծման է ենթարկվել նաև Աշկելոն քաղաքը, որտեղ արկերից մեկն ընկել է բնակելի շինության վրա։ Զոհերի և վիրավորների մասին տվյալներ չկան։

21:25 (մայիսի 12)

Հազարավոր հորդանանցիներ երկրի մայրաքաղաք Ամմանում բողոքի ցույցի են դուրս եկել՝ ի աջակցություն Գազայի և Երուսաղեմի։

21:17 (մայիսի 12)

Սիրիա կատարած այցի ժամանակ Դամասկոսում Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը հանդիպել է Պաղեստինի զինված խմբավորումների ներկայացուցիչների, ներառյալ Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի գեներալներից մեկի հետ։ 

Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի գլխավոր քարտուղարի օգնական Թալալ Նաջին հայտարարել է, որ հանդիպումն աշխարհին ցույց է տալիս Իրանի համերաշխությունը Պաղեստինի բնակչությանը։

21:03 (մայիսի 12)

ԱՄՆ պետքարտուղարի Իսրայելի և Պաղեստինի հարցերով օգնականի տեղակալ Հադի Ամրը կմեկնի տարածաշրջան՝ Իսրայելի և Պաղեստինի պաշտոնատար անձանց հետ բանակցությունների համար։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ Պետքարտուղարությունում հանդես գալով լրագրողների առաջ։

«Մենք խորապես մտահոգված ենք նրանով, ինչ այնտեղ (խմբ. Իսրայելում և Պաղեստինում) տեսնում ենք, այնտեղ արված գիշերային լուսանկարները սարսափելի են, ինչպես նաև քաղաքացիական ցանկացած անձի մահը։ Դա ողբերգություն է։ Ես խնդրեցի Ամրին անմիջապես մեկնել տարածաշրջան, որպեսզի հանդիպի Իսրայելի և Պաղեստինի առաջնորդների հետ։ Նա կօգտագործի իր տասնամյա փորձը և իմ ու նախագահ Բայդենի անունից կոչ կանի բռնության ապասրմանը։ Մենք դրան մեծ ուշադրություն ենք հատկացնում»,- նշել է Բլինկենը։

Վերջինիս կարծիքով՝ Իսրայելը պետք է փորձի անել հնարավորը, որպեսզի խուսափի քաղաքացիական բնակչության շրջանում զոհերից։ «Հիմա ամենակարևորն այն է, որ բոլոր կողմերը դադարեցնեն բռնությունը»,- հավելել է Բլինկենը։

20:54 (մայիսի 12)

Իսրայելի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լիոր Հայաթը հայտարարել է, որ Իսրայելը ենթարկվել է ՀԱՄԱՍ շարժման պլանավորած ահաբեկչական հարձակմանը։ 

«Իսրայելը գտնվում է ահաբեկչական հարձակման ազդեցության տակ։ Այն համակարգվել և նախագծվել է ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման կողմից։ Այն ուղղված է Իսրայելի միլիոնավոր խաղաղ բնակիչների դեմ»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաթը։

20:34 (մայիսի 12)

Գազայի հատվածում Իսրայելի հարվածների արդյունքում զոհվածների թիվը հասել է 56-ի։ Այդ մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Պաղեստինի Առողջապահության նախարարությունը։

«Հարվածների զոհ է դարձել 56 մարդ, այդ թվում 14 երեխա և 5 կին, վիրավորվել 335 մարդ»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։

19:45 (մայիսի 12)

Գազա քաղաքում Իսրայելի հրթիռային հարվածի արդյունքում փլուզվել է 16-հարկանի շինություն։ Քաղաքի հրթիռակոծման կադրերն ուղիղ եթերով ցուցադրում է արաբական Al Jazeera հեռուստաընկերությունը։

«Աշ Շուրուք» բարձրահարկում տեղակայված են եղել պաղեստինյան մի շարք հեռուստաընկերությունների և առցանց լրատվամիջոցների գրասենյակներն ու խմբագրությունները, առևտրային խանութներ և բնակելի տարածքներ։ Դեռևս տեղեկատվություն չկա զոհերի և վիրավորների մասին։

18:37 (մայիսի 12)

Գազայի հատվածից Իսրայելի տարածքի հրթիռակոծման արդյունքում զոհվել է մեկ զինծառայող։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը։

Հաղորագրության մեջ նշվում, որ զոհվածը 21 տարեկան էր։ Զինծառայող Օմեր Թաբիբի հարազատներին իր ցավակցությունն է հայտնել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։

18:12 (մայիսի 12)

Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի թագավոր Աբդալա II-ի և Իրաքի նախագահ Բարհամ Սալեհի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրումը և իրավիճակը տարածաշրջանում։ Այդ մասին հայտնում է WAFA գործակալությունը՝ հղում անելով Աբասի աշխատակազմին։

Հեռախոսազրույցի ընթացքում Պաղեստինի նախագահը և Հորդանանի թագավորը «քննարկել են Ալ Աքսա մզկիթում, ինչպես նաև Արևելյան Երուսաղեմում հավատացյալների իրավունքների սահմանափակման ուղղությամբ (խմբ. Իսրայելի) օկուպացիոն ուժերի հանցագործ և ագրեսիվ գործողությունները»։ Բացի այդ, երկու առաջնորդները պայմանավորվել են «շարունակել խորհրդակցությունները և համակարգել պաղեստինյան ժողովրդի դեմ իսրայելական ագրեսիային հակազդելու ջանքերը»։

Իր հերթին Իրաքի նախագահը հաստատել է իր երկրի աջակցությունը «Պաղեստինի ժողովրդին և նրանց օրինական իրավունքներին»։ Ի պատասխան Աբասը Սալեհին շնորհակալություն է հայտնել իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում Բաղդադի հստակ դիրքորոշման համար։

17:34 (մայիսի 12)

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտնել է Լոդ և Աքքա քաղաքներ անվտանգության ուժերի լրացուցիչ ստորաբաժանումներ ուղարկելու մասին, որտեղ մայիսի 11-ին բախումներ էին սկսվել արաբների և հրեաների միջև։ Այդ մասին նշվում է Իսրայելի վարչապետի թվիթերյան միկրոբլոգում։ 

«Տեղի ունեցած անկարգությունները անտանելի իրականություն է։ Մենք չենք կարող այն ընդունել։ Ես ավարտել եմ իրավիճակի գնահատումը։ Որոշվել է Լոդ և Աքքա ուղարկել լրացուցիչ ուժեր։ Մենք շարունակում ենք քայլեր ձեռնարկել, որպեսզի կանգնեցնենք անարխիան և վերադարձենք կառավարումն այդ քաղաքներում»,- գրել է նա։

Իսրայելի վարչապետը կոչով դիմել է նաև տեղի արաբական համայնքի առաջնորդներին՝ կոչ անելով «դատապարտել անկարգությունները և քայլեր ձեռնարկել, որպեսզի կանգնեցվի բռնությունը»։ 

16:49 (մայիսի 12)

«Իզզեդին ալ Քասամ» բրիգադը, որը համարվում է Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ արմատական շարժման մարտական թևը, հայտարարել է Իսրայելի Աշդոդ քաղաքի ուղղությամբ 50 հրթիռների արձակման մասին։ Այդ մասին գրում է TACC-ը՝ հղում անելով Saut Al-Aqsa ռադիոկայանին։

Վերջինիս տվյալներով՝ այդ հարվածները եղել են Գազայի հատվածի ուղղությամբ Իսրայելի արձակած հրթիռների պատասխանը։ Շարժումը հայտարարել է նաև Դիմոնա քաղաքի ուղղությամբ 15 հրթիռների արձակման մասին, որը գտնվում է հրեական պետության միջուկային կենտրոնից ոչ շատ հեռու։

16:25 (մայիսի 12)

Գազայի հատվածում Իսրայելի հարվածների արդյունքում զոհվել է առնվազն 53 պաղեստինցի։ Այդ մասին հայտնում է Donia Al Watan-ը՝ հղում անելով Պաղեստինի Առողջապահության նախարարությանը։

«Իսրայելի հարվածների արդյունքում զոհվել է 53, վիրավորվել 320 պաղեստինցի»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Վերջինիս տվյալներով՝ զոհերից 14-ը երեխաներ են, ևս երեքը՝ կանայք։

15:44 (մայիսի 12)

Պաղեստինի Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 48-ի, ներառյալ 14 երեխա և երեք կին։ Առնվազն 304 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածք։ 

15:20 (մայիսի 12)

Իսրայելի իրավապահ մարմինների և պաղեստինցիների միջև տեղի ունեցած բախումների արդյունքում, որոնք ընթանում են Իսրայելի շուրջ 40 քաղաքներում և գյուղերում, տուժել է 12 ոստիկան։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Իսրայելի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Միկի Ռոզենֆելդը։ 

«Սահմանապահ ոստիկանությունը գործել է երկրի 40 տարբեր շրջաններում, որտեղ ցուցարարները մեքենաներ են այրել, հարձակվել իրավապահ մարմինների ներկայացուցիչների վրա և վնաս հասցրել պետական սեփականությանը»,- նշել է Ռոզենֆելդը։

Ոստիկանության ներկայացուցչի խոսքերով, անկարգություններին մասնակցելու կասկածանքով, ձերբակալվել է 270 մարդ։ «12 ոստիկան վիրավորվել է, հիմնականում ատացել են միջին աստիճանի վնասվածքներ»,- հավելել է Ռոզենֆելդը։

13:57 (մայիսի 12)

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Երուսաղեմում առկա իրավիճակը և արաբա-իսրայելական հակամարտության գոտում ընդհանուր իրավիճակը։ Այդ մասին հայտնում է TACC-ը՝ հղում անելով թուրքական NTV հեռուստաընկերությունը։ 

Էրդողանը նշել է, որ «Երուսաղեմի կարգավիճակի հարցում Թուրքիայի և Ռուսաստանի դիրքորոշումների համապատասխանությունը կարևոր ուղերձ է»՝ խնդրի լուծման համատեքստում։ Նա կարևոր է համարել ՄԱԿ-ի որոշումների և երկու պետությունների սկզբունքի հիման վրա Երուսաղեմի խնդրի կարգավորման վերաբերյալ ՌԴ ԱԳՆ հայտարարությունները։

13:49 (մայիսի 12)

Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է առնվազն 43-ի, ներառյալ 13 երեխաներ, ևս 296 մարդ վիրավորվել է։ Այդ մասին մայիսի 12-ին հայտարարել է Պաղեստինի Առողջապահության նախարարությունը։

«43 մարդ զոհվել է, որոնց թվում են 13 երեխաներ և երեք կանայք, ևս 296 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,- գերատեսչության հայտարարությունը մեջբերել է Donia Al Watan ռադիոկայանը։ Ինչպես նշում է ռադիոկայանը, Իսրայելի զինված ուժերի թիրախ հիմնականում դառնում են ֆերմաները, բնակելի շենքերը, ինչպես նաև Գազայի հատվածում ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդների տեղակայման վայրերը։ 

12:45 (մայիսի 12)

«Իզզեդին ալ Քասամ» բրիգադը, որը համարվում է Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ արմատական շարժման մարտական թևը, մայիսի 12-ին հայտարարել է իսրայելական բանակի Jeep տեսակի ռազմական ամենագնաց ավտոմեքենային հակատանկային հրթիռով հարվածի մասին։ Այդ մասին գրում է Donia Al Watan պարբերականը։ 

Հայտարարության մեջ նշվում է, որ հարձակումն իրականացվել է մայիսի 12-ի առավոտյան՝ կառավարվող ռեակտիվ արկի օգնությամբ։

Al-Mayadeen հեռուստաընկերությունը, հղում անելով Իսրայելի ԶԼՄ-ներին, նշում, էոր հարձակման արդյունքում վիրավորվել է իսրայելցի չորս զինծառայող, որոնցից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են։ Բացի այդ, տեղեկություններ են ստացվել նաև հակատանկային ականի միջոցով երկրորդ հարձակման մասին։

12:26 (մայիսի 12)

Հորդանան գետի արևմտյան ափին զոհվել է երկու պաղեստինցի։ 16-ամյա Ռաշիդ Աբու Արան սպանվել է Աքաբա գյուղի մոտ՝ Իսրայելի իրավապահ մարմինների հետ բախման ժամանակ։ Al Jazeera-ի աղբյուրները պնդում են, որ զոհվել է նաև 26-ամյա Հուսեյն ալ Տիտին՝ Հևրոնից հարավ գտնվող փախստականների Ֆավար ճամբարում՝ Իսրայելի բանակի դեմ ցույցերի ժամանակ։

12:19 (մայիսի 12)

Պաղեստինի Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ գիշերային հրթիռակոծությունից հետո Արևմտյան ափին և Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 35-ի, որից 12-ը երեխաներ են։ Առնվազն 233 մարդ վիրավորվել է։ 

Այս պահի դրությամբ հայտնի է 5 իսրայելցիների մահվան մասին։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Գազայի հատվածի մոտ 1500 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելն իր հերթին հայտարարել է, որ խոցվել են ռազմական նշանակության հարյուրավոր օբյեկտներ։ Այդուհանդերձ, համացանցում տարածված կադրերից երևում է, որ երկու կողմերն էլ կրակում են քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակելի շենքերի ուղղությամբ։

12:03 (մայիսի 12)

ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Խանիան հայտարարել է, որ խնդիրը Գազայի մեջ չէ, այլ՝ Իսրայելի՝ հավելելով, որ ՀԱՄԱՍ խմբավորումը պատրաստ է Իսրայելի հարձակումների ավելացմանը։

«Եթե Իսրայելը ցանկանում է սրել իրավիճակը, մենք պատրաստ ենք դրան, իսկ եթե ուզում է դադարեցնել, մենք նույնպես պատրաստ ենք»,- հայտարարել է պաղեստինցի գործիչը։ 

Նա Պաղեստինի իշխանություններին կոչ է արել դադարեցնել անվտանգության համագործակցությունն Իսրայելի հետ։ Ավելի վաղ էլ հայտնի դարձել, որ Պաղեստինի խաղաղ բնակչությունը Գազայի հատվածում լքում է իրենց տները՝ Իսրայելի հրթիռակոծությունից խուսափելու համար։

10:58 (մայիսի 12)

Գազայի հատվածից Իսրայելի հրթիռակոծման արդյունքում զոհվել է Հնդկաստանի մի քաղաքացի՝ Սոումիա Սանթոշը։ Այդ մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի պետնախարար Վելամվելի Մուրալիդհարանը։ 

«Զրուցեցի տիկին Սոումիա Սանթոշի ընտանիքի հետ, որպեսզի խորին ցավակցություն հայտնեմ նրա ողբերգական մահվան կապակցությամբ՝ այսօր Գազայից արձակված հրթիռակոծության ժամանակ»,- Թվիթերում գրել է Մուրալիդհարանը։ Նա նշել է, որ դատապարտում են հարձակումներն ու բռնությունը Երուսաղեմում և հաստատապես կողմերին կոչ արել ցուցաբերել զսպվածություն։

Հնդկաստանի քաղաքացին ծնունդով Կերալա քաղաքից էր և բնակվում էր Իսրայելի Աշքելոն քաղաքում։

10:43 (մայիսի 12)

Վերջին օրերին իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրումից հետո, Գազայի հատվածից ավելի քան 1000 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը։

«850 հրթիռ է հատել Իսրայելի սահմանը, ևս 200-ն ընկել է հենց Գազայի հատվածի տարածքում»,- հրեական պետության պաշտպանական գերատեսչության ներկայացուցչի խոսքերը մեջբերել է Իսրայելի 7-րդ ալիքը։

10:36 (մայիսի 12)

Մայիսի 12-ի առավոտյան Իսրայելում մեքենայի վրա հրթիռի ընկնելու պատճառով զոհվել են 50-ամյա մի տղամարդ և 16-ամյա աղջիկ։ Այդ մասին հայտնել է The Jerusalem Post-ը։ Պատահարը տեղի է ունեցել Լոդ քաղաքի շրջանում՝ Գազայի հատվածից արձակված հրթիռակոծության հետևանքով։

Պարբերականի տվյալներով, երկուշաբթի օրվանից սկսած, Իսրայելում զոհվել է 5 մարդ։ Երկու կին սպանվել է մայիսի 11-ին Աշկելոնում, իսկ նույն օրը երեկոյան՝ ևս մեկ կին Ռիշոն-լե-Ցիոնում։

10:28 (մայիսի 12)

Հրեաների և արաբների միջև տեղի ունեցած բախումների արդյունքում Իսրայելի Լոդ քաղաքում հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ։ Այդ մասին հաղորդագրությունը տեղադրվել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի թվիթերյան միկրոբլոգում։

«Վարչապետ Բենյամին Նեթանյահուն Լոդում տեղի ունեցող իրադարձությունները քննարկել է պաշտպանության, ներքին անվտանգության նախարարների, Իսրայելի ոստկանության, անվտանգության ազգային խորհրդի ղեկավարների, գլխավոր դատախազի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։ Վարչապետ Նեթանյահուն համաձայնվել է Լոդում մտցնել արտակարգ դրության ռեժիմ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

10:17 (մայիսի 12)

Իսրայելի զինված ուժերը հայտարարել են պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հետախուզական ծառայության երկու խոշոր ներկայացուցիչների ոչնչացման մասին։ Համապատասխան հաղորդագրությունը դրվել է հրեական պետության պաշտպանական բանակի թվիթերյան միկրոբլոգում։

«Մեր կործանիչների և անվտանգության ուժերի օգնությամբ, մենք ոչնչացրել ենք ՀԱՄԱՍ-ի հետախուզության երկու հիմնական ներկայացուցիչների՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավար Հասան Քաուջիին և նրա տեղակալ Վաիլ Իսային, որը եղել է հակահետախուզության բաժնի ղեկավարը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

10:02 (մայիսի 12)

Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը Պաղեստինի ազատագրման կազմակերպության և Պաղեստինի ազատագրման շարժման առաջնորդներին կոչ է արել մասնակցել մայիսի 12-ին Ռամալա քաղաքում կայանալիք արտահերթ նիստին, որտեղ կքննարկվի վերջին օրերին իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրումը։ Այդ մասին հայտնում է Ma'an News գործակալությունը։

Պաղեստինի առաջնորդի պաշտոնական ներկայացուցիչ Նաբիլ Աբու Ռուդեյնի խոսքերով՝ Աբբասը առաջնորդների հետ նախատեսում է հանդիպել չորեքշաբթի օրը՝ մայիսի 12-ին, տեղի ժամանակով 21:00-ին։

09:47 (մայիսի 12)

Առնվազն 245 պաղեստինցի է տուժել Հորդանան գետի արևմտյան ափին Իսրայելի սահմանապահ ոստիկանության հետ բախումների ժամանակ։ Այդ մասին գրում է TACC-ը՝ հղում անելով պաղեստինյան Alquds թերթին։ «245 մարդ վիրավորվել է Արևմտյան ափր տարբեր ուղղություններում բռնազավթիիչների կողմից արձակված կրակոցների հետևանքով»,- հայտարարել է Պաղեստինի Կարմիր մահիկի ներկայացուցիչը։ Վերջինիս տվյալներով՝ ուժայինները կիրառել են ռետինե փամփուշտներ, արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ։

Պարբերականի տվյալներով՝ ամենաթեժ բախումները գրանցվել են Երիհոն, Էլ Խալիլ և Ջենին քաղաքների մոտ տեղակայված հսկիչ անցագրային կետերի շրջանում։ Իսրայելի ուժայինները ձերբակալել են բախումների մի շարք մասնակիցների, հիմնականում երիտասարդների։

Ավելի վաղ WAFA գործակալությունը հայտնել է, որ Իսրայելի զինծառայողները, «Զաաթարա» ՀԱԿ-ի  մոտ, սպանել են պաղեստինցի մի դեռահասի, ևս մեկը ծանր վիրավորվել է։

09:36 (մայիսի 12)

Առնվազն 15 պաղեստինցի է վիրավորվել Արևելյան Երուսաղեմում, հատկապես Ալ Աքսա մզկիթի շրջանում, Իսրայելի ոստիկանության հետ բախումների ժամանակ։ Այդ մասին հայտնել է պաղեստինյան WAFA գործակալությունը։

«15 խաղաղ բնակիչ է վիրավորվել Հին քաղաքի (Երուսաղեմ) արվարձանում իսրայելական օկուպացիոն ուժերի հետ բախման ժամանակ։ Մասնավորապես, վեց մարդ վիրավորվել է ռետինե փամփուշտներից, ևս մեկը դաժանորեն ծեծի է ենթարկվել հարձակման արդյունքում»,- Պաղեստինի Կարմիր մահիկի ներկայացուցչի խոսքերը մեջբերել է գործակալությունը։

01:53 (մայիսի 12)

Արևելյան Երուսաղեմում վերսկսվել են բախումները Իսրայելի իրավապահ մարմինների և պաղեստինցիների միջև։ Իրավիճակը հատկապես լարված է Ալ Աքսա մզկիթի շրջանում։ Այդ մասին հայտնում է պաղեստինյան Donia Al Watan ռադիոկայանը։

Վերջինիս տվյալներով՝ ոստիկանները սկսել են գրոհել մզկիթի բակը՝ ուժով դուրս բերելով հավատացյալներին։ Իրավապահները կիրառում են ռետինե փամփուշտներ, արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ։

Ինչպես նշում է ռադիոկայանը, ուժայինները փակել են դարպասները, որոնք տանում են մուսուլմանական սրբատեղի։ Իրավիճակը հատկապես լարված է Ալ Մաղրիբ, Ալ Ասբաթ և Աս Սիլսիլյա դարպասների մոտ։ Ինչպես նշում է WAFA գործակալությունը, մզկիթի մոտ հավաքված մարդկանց մեծ մասը ձգտում էին մտնել Ալ Աքսա աղոթքի համար, որն իրականացվում է մուսուլմանների համար սուրբ ռամադան ամսվա ընթացքում՝ գիշերային պարտադիր աղոթքից հետո։ Մզկիթի հատվածում տեղի ունեցած բախումների ընթացքում վիրավորվել է մի քանի մարդ։ 

01:29 (մայիսի 12)

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորեքշաբթի օրը՝ մայիսի 12-ին փակ քննարկում կունենա պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում առկա իրավիճակի վերաբերյալ։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել է ՄԱԿ-ի ԱԽ աղբյուրը։

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորեքշաբթի օրը փակ քննարկում կունենապաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում առկա իրավիճակի վերաբերյալ»,- գործակալությանը նշել է աղբյուրը։

01:13 (մայիսի 12)

Իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Խանիան տարածաշրջանում տեղի ունեցող գործողությունների ողջ պատասխանատվությունը դնում է հրեական պետության վրա։ Այդ մասին հայտարարել է պաղեստինցի գործիչը՝ նշելով, որ «պաղեստինյան դիմադրությունը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման»։ 

«Երեկվանից շփումներ են տեղի ունենում Եգիպտոսի, Քաթարի և ՄԱԿ-ի հետ, և մենք միանգամից ասել ենք, որ հետևանքների ողջ պատասխանատվությունը և դրանց մասշտաբները կրում է նա, որն այրել է Երուսաղեմը և Ալ Աքսա մզկիթը, հրդեհը տարածել Գազայում, այսինքն օկուպացիոն իշխանությունները»,- նշել է Խանիան։ Նա ընդգծել է, որ բոլորը ակնկալում են իրադրության հանդարտացում։ «Բայց խնդիրը մեր մեջ չէ, այլ բռնազավթման և նրա քաղաքականության ու նպատակների։ Մենք միայն մեր պարտքն ենք կատարում Երուսաղեմի նկատմամբ»,- հավելել է Խանիան։ Վերջինիս խոսքերով, եթե Իսրայելը ցանկանում է իրավիճակի սրում, ապա պաղեստինյան դիմադրությունը պատրաստ է դրան։ «Եթե Իսրայելը ցանկանում է կանգ առնել, ապա մենք նույնպես պատրաստ ենք։ Սակայն պետք չէ կրակի հետ խաղալ»,- եզրափակել է պաղեստինցի գործիչը։

01:04 (մայիսի 12)

Թել Ավիվի Բեն Գուրիոն միջազգային օդանավակայանը վերսկսել է իր աշխատանքը։ Ինչպես հայտնել է Իսրայելի 7-րդ ալիքը, օդանավակայանում կրկին թույլատրվել են թռիչքներն ու ինքնաթիռների վայրէջքը։ Ավելի վաղ, Թել Ավիվի հրթիռակոծման պատճառով ժամանակավորապես դադարեցվել էր երկրի գլխավոր օդանավակայանի աշխատանքը։ 

00:55 (մայիսի 12)

Իսրայելական Kan պարբերականը գրում է, որ անկարգությունները վերականգնվել են երկրի մի քանի շրջաններում, հատկապես հյուսիսային Արարա բնակավայրում։ Արաբների խմբերը փակում են փողոցները, այրում ավտոմեքենաների անվադողերը և աղբամանները, պարզում և ցուցադրում Պաղեստինի խորհրդանիշները։ Սոցիալական ցանցերում հայտնվել են նաև կադրեր, որտեղ երևում է, որ անկարգությունները վերսկսվել են նաև Երուսաղեմում։

00:52 (մայիսի 12)

Գազայի հատվածից Իսրայելի կենտրոնական հատվածի հրթիռակոծման արդյունքում վնասվել է Էյլաթ-Աշքելոն նավթատարը։ Այդ մասին հայտնել է իսրայելական Kan ռադիոկայանը։ Իր կայքում պարբերականը տեղադրել է խոշոր հրդերի կադրերը, որը տարածվել է խողովակաշարի և նավթապահեստներից մեկի մոտ։ Նշվում է, որ այն վնասվել է հրթիռակոծման արդյունքում։

00:46 (մայիսի 12)

Իսրայելի կողմից Գազայի հատվածի հրթիռակոծման արդյունքում զոհերի թիվը հասել է 30-ի, որոնցից 10-ը երեխաներ են։ Եվս 203 մարդ վիրավորվել է։ Այդ մասին հայտարարել է Պաղեստինի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ ալ Քիդրան։

«Երկու օրվա ընթացքում, Գազայի հատվածի ուղղությամբ իսրայելական ավիահարվածների արդյունքում, զոհվել է 30 պաղեստինցի, այդ թվում տասը երեխա և մեկ կին։ Եվս 203 մարդ վիրավորվել է»,- հայտարարել է ալ Քիդրան։

00:39 (մայիսի 12)

Պաղեստինի ՀԱՄԱՍ խմբավորումը և «Իսլամական ջիհադ»-ը պատասխան կտան Իսրայելի դեմ գործողությունների համար, նրան կյանքով պատասխան կտան։ Այդ մասին քաղաքացիներին ուղղված իր ուղերձում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ 

«Մենք խորհրդակցություն ենք անցկացրել, գնահատել իրավիճակը անվտանգության ուժերի մասնակցությամբ։ Մենք որոշել ենք, որ ՀԱՄԱՍ-ը և «Իսլամական ջիհադ»-ը թանկ կվճարեն Իսրայելի դեմ իրենց գործողությունների համար։ Ես դա ձեզ ասում եմ այսօր։ Նրանք իրենց կյանքով պատասխան կտան։ Մենք միասնական ենք թշնամու դեմ»,- հայտարարել է Նեթանյահուն։ Վարչապետի ուղերձը հեռարձակել են Իսրայելի հեռուստաընկերությունները։ 

00:28 (մայիսի 12)

Թել Ավիվը դարձյալ սկսել է հրթիռակոծվել։ Քաղաքում միացվել են օդային տագնապի ազդանշանները, որոնք քաղաքացիներին զգուշացնում են Գազայի հատվածից հրթիռակոծման վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է TACC-ի թղթակիցը։ 

Իսրայելի խոշորագույն քաղաքի երկնքում լսվում են բազմաթիվ պայթյուններ։ 

00:21 (մայիսի 12)

Մեկ մարդ զոհվել, առնվազն 8-ը վիրավորվել են Գազայի հատվածից Թել Ավիվի և նրա արվարձանների հրթիռակոծման արդյունքում։ Այդ մասին հայտնել է The Times of Israel-ը։ 

Իսրայելական Ynet տեղեկատվական պորտալի տվյալներով էլ՝ Թել Ավիվի մոտ գտնվող Ռիշոն-լե-Ցիոն քաղաքում, հրթիռակոծման արդյունքում, զոհվել է մեկ կին։ 

00:13 (մայիսի 12)

Իսրայելի պաշտպանության բանակը մտադիր է ուժեղացնել հարվածները Գազայի հատվածի ուղղությամբ, մինչև ամբողջությամբ չոչնչացնի պաղեստինցի արմատականների թունելները։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի Գլխավոր շտաբի պետք Ավիվ Կոհավին:

«Մենք պատրաստ ենք ընդլայնել ռազմական գործողություններն ինչքան անհրաժեշտ է։ Մենք կշարունակենք հարվածներ հասցնել և կոչնչացնենք բոլոր թունելները (խմբ. որոնք պաղեստինցի արմատականներն օգտագործում են Իսրայելի վրա հարձակման համար)»,- Կոհավիի խոսքերը մեջբերում է «Գալեյ ՑԱԽԱԼ» ռազմական ռադիոընկերությունը։

00:09 (մայիսի 12)

Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանը, քաղաքի հրթիռակոծման պատճառով դադարեցրել է թռիչքները։ Այդ մասին հայտնել է Haaretz թերթը։ Վերջինիս տվյալներով՝ թռիչքների արգելքը պայմանավորված է Իսրայելի «օդի պաշտպանության կազմակերպման» նպատակով։ 

23:57 (մայիսի 11)

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) սկսել է հրետակոծել զինապահեստները, որոնք տեղակայված են Գազայի հատվածի քաղաքացիական շինություններում։ 

«ՑԱԽԱԼ-ը հարվածներ է հասցնում զինապահեստներին, որոնք թաքնված են Գազայի քաղաքացիական շինությունների ներսում»,- նշվում է Իսրայելի պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության մեջ։ Զինվորականները զգուշացրել են շրջանի քաղաքացիական բնակչությանը առկա վտանգի մասին և խորհուրդ տվել հեռու մնալ ՀԱՄԱՍ պաղեստինյան արմատական շարժման օբյեկտներից։ 

23:49 (մայիսի 11)

Թել Ավիվի վրա արձակված հրթիռներից մեկն ընկել է քաղաքացիական ավտոբուսի վրա։ Այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը։ «Հարյուրավոր հրթիռներից մեկը, որոնք Գազայի հատվածից արձակվել էին Թել Ավիվի և Իսրայելի կենտրոնական հատվածի վրա, ընկել է քաղաքացիական ավտոբուսի վրա»,- նշվում է Իսրայելի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Զոհերի և վիրավորների վերաբերյալ տվյալներ չկան։

23:32 (մայիսի 11)

«Իզզեդին ալ Քասամ» բրիգադը, որը համարվում է Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ արմատական շարժման մարտական թևը, 130 հրթիռ է արձակել Թել Ավիվի և նրա արվարձանների ուղղությամբ։ Այդ մասին հայտնել է պաղեստինյան Donia Al-Watan կայքը։ 

Խմբավորման հայտարարության մեջ նշվում է, որ հրթիռային հարվածը եղել է ամենախոշորը և Իսրայելի կողմից Գազայում բնակելի տների հրթիռակոծման պատասխանը։ 

Մայիսի 11-ին համաշխարհային մամուլը, հատկապես թուրքական և արաբական լրատվամիջոցները, գրում են, որ Իսրայելի զինուժը ճշգրիտ հարվածներ է հասցնում Պաղեստինի և Գազայի հատվածի քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Գազա քաղաքում փլուզվել է 14-հարկանի շինություն, որտեղ տեղակայված է եղել հյուրանոց և գրասենյակային տարածքներ։ Հրթիռակոծման արդյունքում զոհեր չեն եղել, քանի որ շենքում գտնվող անձինք ժամանակին տարհանվել էին։ 

Թել Ավիվի հրթիռակոծման ժամանակ քաղաքում միացել են օդային տագնապի ազդանշանները։

22:21 (մայիսի 11)

Իրավիճակը շարունակում է լարված լինել Իսրայելի և Պաղեստինի հետ սահմանին։ Այն թեժ է հատկապես Գազայի հատվածում։ Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Պաղեստինից և Գազայի հատվածից Իսրայելի տարածքի վրա արձակվել է ավելի քան 630 հրթիռ, իսկ Աշկելոն և Աշդոդ քաղաքներում հրթիռներն ընկել են շենքերի վրա։ 

Ակտիվացել է Իսրայելի հակահրթիռային պաշտպանության «Երկաթե գմբեթը», քաղաքներում հնչել են նախազգուշացնող ազդանշաններ։ Զինվորականները հայտնել են Գազայի հատվածում շարունակվող ռազմական գործողության մասին։ Բացի այդ, The Times of Israel-ը գրում է, որ Իսրայելի պաշտպանության նախարարի հրամանով պահեստազորից կանչվել է 5000 մարդ։ 

Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ Գազայի հատվածի վրա Իսրայելի հարվածների արդյունքում զոհերի թիվը հասել է 22-ի, ավելի քան 100 մարդ վիրավորվել է։ Զոհերի մեջ կան կանայք և երեխաներ։ Գազայի լրատվամիջոցները հայտնում են նաև բնակելի տների վրա արձակված հրթիռների մասին։ 

Իսրայելում բախումները վերսկսվել էին մայիսի 10-ին։ Ինչպես հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը, նախորդ գիշերվա ընթացքում Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 հրթիռ։ Ի պատասխան Իսրայելը խոցել է 130 ռազմական թիրախ։

Վերջին մի քանի օրերի ընթացքում հարյուրավոր մարդիկ են տուժել Ալ Աքսա մզկիթի շրջանում պաղեստինցիների և Իսրայելի ոստիկանության միջև տեղի ունեցած բախումների արդյունքում: Ինչպես հայտնել էր Reuters-ը, բախման պատճառ էր դարձել Իսրայելի դատարանի կողմից պաղեստինցի ընտանիքներին այդ տարածքից վտարման հնարավոր որոշումը։ Մայիսի 8-ին տեղի ունեցած բախումների ընթացքում Իսրայելի ոստիկանությունը կիրառել էր ռետինե փամփուշտներ, լուսաձայնային նռնակներ և ջրցան մեքենաներ, իսկ ցուցարարները ոստիկանների ուղղությամբ նետել էին քարեր, պայթուցիկ շշեր և այլ առարկաներ։

Լուսանկարը` Mohammed Abed / AFP / Scanpix / LETA

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter