HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Ջավախյան

Ավանակի կաշին

«Ես հինգ անգամ մեռել եմ և հինգ անգամ էլ վերակենդանացել: Առաջին անգամ մեռա վախից և հարություն առա մենակության մեջ... Երկրորդ անգամ մեռա մենակությունից և հարություն առա կեղծիքի մեջ... Երրորդ անգամ մեռա կեղծիքից և հարություն առա անհոգության մեջ... Չորրորդ անգամ մեռա անհոգությունից և հարություն առա ատելության մեջ... Հինգերրորդ անգամ մեռա ատելությունից և հարություն առա սիրո մեջ...

Հիմա ես ապրում եմ մեծ, սահմաններ չճանաչող սիրո շրջան և գիտեմ, որ սիրուց էլ պիտի մեռնեմ: Եվ դա կլինի իմ վերջին մահը: Ես այլևս հարություն չեմ առնի: Ես կմնամ հավերժական սիրո մեջ, ահա ինչու ինձ համար բոլորովին նշանակություն չունի, թե երբ եմ մեռնելու: Ես չեմ վախենում  մահից...»:

Ահա,  ինչպես  մեռավ վրաց գրողը՝ Նոդար Դումբաձեն: Իսկ ես մեռնում, մեռնում և էդպես էլ չեմ մեռնում... Կապիտուլյանտը չի թողնում, ասում ա, մեռնելը քեզ համար շատ կլինինի՝ սատկի՛ր, հայրենիքիդ պես...

Առայժմ մեռնելու միտք չունեմ, ոչ մեկի հույսին չեմ՝ ձեռք էլ ունեմ,ոտք էլ, քայլում եմ շիտակ՝ ուղղահայաց դիրքով, ճկուն, անդողդոջ, գլուխս՝ վեր, միտքս՝ հստակ: Ամեն մայրամուտին մի օր եմ գլորում, բայց կգա, չէ՞ մի  օր, որ այդ օրն էլ ինձ կգոլորի: Օրվա հոգսը օրվան բավ է, դրա մասին չեմ մտածում: Կինս էլ չէր մտածում, ապրում էինք սերը գրկած մի լույս անկյունում: Սակայն արդեն շուրջ քսան հինգ տարի է ինչ տառապում է տարօրինակ հիվանդությամբ: Ոչ մեռնում է և ոչ էլ ապրում: Քսան հինգ տարիներից տասնյոթը անց է կացրել բազկաթոռին գամված... Նույնքան տարի դրսի երես չի տեսել: Նա մյուսների նման ինձ Վերնիսաժ այցի չի գալիս, փոխարենն ամեն Աստծո օր ես եմ գալիս... Ժպտում է, խոնավ աչքերով... Որտեղ տխրությունն՝ այնտեղ էլ ուրախությունն. Ապրի՛, ապրի՛, միայն թե ապրի, ոչինչ չանի, նստած մնա իր անկյունում, միայն թե ազատ չմնա իր տեղը: Որտեղ էլ նստի՝ տունը կլցվի. տանել չեմ կարող դատարկությունը: Առանց դրսի էլ կյանքը տանելի է, հատկապես, երբ գտնվում ես հարազատ օջախում: Շառն ու փորձանքը դրսից են գալիս:

Դրսից... որտեղ ոչ պատեր կան, ոչ էլ առաստաղ... Երկիր ու երկինք՝ փափուկ ծնծղա, լուռ ու մունջ, և լույս, և մութ... Մթան մեջ սահող ահռելի լուսին, մորեգույն, արյունոտ լուսին՝ դժգույն ու դժբախտ Շուշի քաղաքի երկնքում... Սա այն լիալուսինը չէ, որ սպիտակ էր ու դժխեմ, մահվան գունատ դեմքով, որի դալուկ շողերի ներքո շուշեցի կանայք իրենց սպիտակ լվացքն էին փռում: Լսել էին իրենց մեծերից՝ սպիտակեղենը գիշերը կփռեն, որ սպիտակ լիալուսնի ներքո ավելի սպիտակի: Հայ տատիկները գտել էին լուսնի գաղտնիքը: Հետո, երկու հազար թվականներին ամերիկյան երկու գիտնական պիտի բացատրեին. գաղտնիքը նրանում է, որ լուսնից անդրադառնում են արծաթափայլ ֆոտոններ, որոնց ազդեցությունից ամեն ինչ գունաթափվում է: Ամերիկացի գիտնականներն այդ հայտնագործության համար Նոբելյան մրցանակ ստացան, իսկ մեր տատիկները բավարարվում էին իրենց իսկ ձեռքով տրորված՝ սպիտակ, ձյունաթույր լվացքով: Այդ օրը՝ 2020 թվականի նոյեմբերի 7-ին լուսինը կարմիր էր, արնագույն. նրանից կաթիլ առ կաթիլ արյուն էր ծորում՝ ներկելով դժբախտ ու դժգույն քաղաքի խայտաբղետ տանիքները, մաքուր՝ ճերմակ փողոցները, կանաչ, զմրուխտ այգինները, և՛ տուն, և՛ լեռ, և՛ սար, և՛ ձոր...  Լուսինը լիալուսին էր, բայց սպիտակ չէր, նույն արյունարբու բորենին էր, որ 1453 թվկանի փետրվարին կախվել էր Կոստանտինապոլիսի գլխին... 2020 թվականի նոյեմբերի 7-ին ևս այդ նույն լուսինն էր, հրեղեն բոցերով բռնկված Շուշի քաղաքի երկնակամարում: Այլևս  պատմություն էր Աուստեռլիցի հաղթական արևը, երկնքի տերը մարմրող աստղերն էին ու  գիշակեր գազանի պես կարմիր ռեխ ու մռութով բաշիբոզուկ լուսինը:  Վարդագույն հորիզոնից վեր՝ նույն ծիրի մեջ, փողոցային լապտերի պես նարնջագույն խամրող լույսով, հազիվ նշմարելի էր Հրատը՝ պատերազմի աստծո անունով օծյալը, բայց  դժվար էր հիմա ասել՝ լուսնի բերած աղետը որքանո՞վ էր նրա սրտով: Նա այդ ամենի լուռ վկան էր, ինչպես նաև արեգակնային  համակարգի մյուս գեղեցկուհին՝ Արուսյակն՝ ով շագանակագույն վարսերով շղարշած իր պայծառ երեսը թեքել էր վարի փուչ աշխարհից: Առավոտի աստղը՝ Լուսընթագը, խռոված, կոծկվել էր ամպերում: Լուսինը գողացել էր նրա թագն ու պսակը և մահվան շուրջառը գլխին՝ վայելքների մեջ էր... Մյուս մոլորյալները կամ հեռու էին, կամ էլ անտեսանելի... Աստղերի պեծկլտուն բոցերը լիզում էին երկնքի դալ, կաթնամութ գմբեթը, տարածվում ժայռեղեն բարձրավանդկի փեշերն ի վար՝ ոսկեհուռ սարդոստայնով պատանքելով  հինավուրց քաղաքը: Արնածուփ ցանցում հեքիաթի ձկան պես, պուտ-պուտ, սև ու կարմիր թեփուկներով թփրտում էր գեղիրան Շուշին: Շուշին անտեսանելի էր, սակայն աստղերի բույլը նայում էր իրեն և այդ աստղերն իր մեջ էին...  Շուշին չէիր տեսնում, բայց Շուշին տեսնում էր քեզ՝ քո միջից... Ակընթարթը կանգ էր առել... Միթե՞ սա է պահի խտացումն ու հավերժացումը... Լուսի՛ն, կարմիր երա՛խ, արյունռուշտ գազա՛ն, դե՛ գնա՛, գնա՛, վայելիր նախճիրդ,  օծված կարմիր արշալույսով... Եվ իմացիր, մի օր այն կրկին այցի է գալու քեզ՝  նույնքան կարմիր մայրամուտով... Ղազանչեցոց գլխատված եկեղեցում այլևս պղնձաձույլ զանգեր չեն ղողանջում, այնտեղ միայն մահվան կոչնակների ձայնն է  և Աժդահակ զինվորի հիշողության մրմունջն՝ ում կրծքին կապույտով դաջված էր. «Կամ Աստծո հետ, կամ Աստծո մոտ»: Լավագույն տղերքը հեռանում են առ Աստված... 

 Շուշվա կապտամոխրագույն երկնքում լուսնի արյունոտ գլուխն էր գլորվում...

Ես չեմ մեռնում,  սատկում եմ՝ կամաց-կամաց, հայենիքիս պես: Արցախն ընկավ: Ախորժակն ուտելիս է բացվում: Ամեն օր վատ լուր եմ լսում: Ազերին սողեսող առաջանում է Սյունիքում, Սիսիանում,  այսօր՝ Գեղարքունիքում, վաղը՝ երևի թե Տավուշում... Միայն Սև լճի շրջակայքում երեք ու կես կիլոմետր խորացել են: Մամուլն աղաղակում էր: Ասում էին նման բան չկա: Քառասուն չորս օր խաբել էին և էլի խաբում էին: Մարզպետն ասում էր, եղանակային պատճառներով ադրբեջանցիները մառախուղի մեջ մոլորվել են ու եկել մեր հողը գրավել:  Կրակ բացելու հրաման չկար. վարչապետն ասում էր, որ եթե մենք կրակենք՝ կարող ա իրենք էլ կրակեն...  Չգիտեն, ինչ ասեն. կարկամել էին՝ բուի չռված, կույր աչքերով, իշամեղվի կծու հայացքով, փուշ կերած ավանակի պես, լռին անհարմարությամբ... Երկիրս շագրենի կաշվի պես կծկվում է: Դեմը առնող չկա.  սահմանապահ զորք չկա, սահմանները բաց են, անտերությունը միջանցիկ քամու նման շրխկացնում է դուռ, կտուր, լուսամուտ...  Օջախը տեր չունի, զինվոր չունի, պահապան չունի... Աստված իսպառ երես է թեքել մեզանից, քանզի մենք ենք երես թեքել Իրենից: Իրական Աստծուն թողած մեկ այլ աստծու ենք ապավինել, ով և ծորում է, և արտաթորում.  շուրջը կղկղանք է բուրում: Անուշաբույր Աստծո սերը  կուռքի ոտքերի առաջ զոհաբերեցինք: Սա մի խաթարված սիրո պատմություն է, որի համար երկրի պատվով ու արևով ենք պատասխան տալիս: Կապիտուլյանտին էլ սիրող կա: Ամեն դեպքում սերը՝ սեր է: Սիրո դեմ խաղ չկա, բայց էլի հույսս չեմ կտրում: Խեղդվողը ձեռքը փրփուրին էլ է գցում... Ընդդիմությունից հույսս կտրած՝  նախընտրական փրփուրից եմ կառչել: Ազգայնականները մի միտինգ են արել ու քեփները քոք, մոր ականջում քնել: Ասում են, հաղթիլ տինք... Բայց ում հարց եմ ուղղում, մեծամասամբ պատասխանում են, ձենս Նիկոլին եմ տալու, բա էլ ու՞մ տանք... Ասում եմ, Էրդողանին տվեք, Ալիևին տվեք, խի՞ աշխարհում էլ  մարդ չկա՞... Աստված, որ ուզում է մեկին պատժի՝ սկզբում խելքն է առնում... Ազգովի Նիկոլի տակ պառկած ենք: Վարչապետը ծանր գործի վրա է, բայց ոնց որ ամեն ինչ կորած չէ. քիչ, մի քիչ էլ ու մեր սիրելի վարչապետի գործը կթեթևանա: Հենա, թուրքը սողեսող մոտենում է...  Նիկոլի կիսատ թողած գործը հիմա էլ թուրքն ա մեր վրա անելու...  Ու՞մ եմ ասում, ու՞մ... Ոնց էլ համոզեմ, միևնույնն է, ձայնը Նիկոլին են տալու:  Նիկոլին սիրում են, է՜,  ախր, շատ են սիրում...  Այնքան են սիրում, որ էշով էին եկել  նրան ընդառաջ: Աստծուն վայել ընդունելություն: Երուսղեմ Հիսուս ավանակով էր մտել: Վարչապետական պալատի առջև «գազել»  էր կանգնել: Մեջից էշ էր դուրս եկել ու ճիպոտը ձեռքին մի ժիր  գյուղացի: Իջևանից եկած ճաղատ երիտասարդ էր, ասում էր, եկել եմ մեր գժի ետևից: Մտքովն արքայություն էր անցել: Արքայությունը սովորաբար երկնքից է գալիս, իսկ նա՝ Իջևանից: Մտադիր  էր հայրենակցին ավանակի վրա թարս նստացնել, պոչը ձեռքը տալ ու էթենց էլ էշին թարս նստացրած՝ շիտակ ճանապարհի բերել: Եթե Էշով կարելի է Երուսաղեմ մտնել, ապա ինչու՞ չի կարելի  ավանակով Երևանից ելնել: Բայց երևի հավատի հետ կապված խնդիր ուներ: Տիրոջը տանելու փոխարեն՝ իրեն տարան: Պարզել էին, որ ինքն իրեն տիրոջ հետ  է շփոթել : Գիժ էին հանել, համենայն դեպս, հաշիշանման զանգվածը գրպանում...

Քանզի էշը բիբլիական կենդանի է, որոշեցի այս  պատմությունն էլ էշով ավարտել. ավա՜ղ, պատումս խիստ առօրեական է: Օղորմի Օնորե դը Բալզակին, որ մեզ ընծա թողեց Շագրենի կաշին: Պրպտումներիս արդյունքում պարզեցի, որ շագրենի կաշին ընդամենը վայրի ավանակի կաշի է: Աստվածաշնչյան երկիրը մեր, իսկապես, նման է շագրենու կաշվին. ձգում ես՝ Հայաստան է, բաց ես թողնում՝ թաշկինակի չափ տրորված, ճմրթված տարածք: Թուրքը նրա վրա ոտքերն է սրբում, իսկ ես՝ աչքերիս արտասուքը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter