HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արա Այվազյանը հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության փոխվարչապետին

Մայիսի 15-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության փոխվարչապետ Քուբադ Թալաբանիի հետ։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ողջունելով փոխվարչապետ Թալաբանիին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ նախարարի պաշտոնակատար Այվազյանը նշել է, որ թեև այցը տեղի է ունենում Հայաստանի համար բարդ շրջանում, այն խորհրդանշական է պատմական ամուր կապերով միահյուսված հայ֊քրդական հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից։ 

ԱԳ նախարարի պաշտոնակատարը գոհունակությամբ ընդգծել է վերջին շրջանում Իրաքի Հանրապետության հետ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան: Արա Այվազյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը` խորացնելու և ընդլայնելու Իրաքյան Քուրդիստանի Ինքնավարության հետ փոխշահավետ բազմաոլորտ համագործակցությունը՝ այդ համատեքստում կարևորելով Էրբիլում ՀՀ Գլխավոր հյուպատոսության և տեղի իշխանությունների միջև հաստատված սերտ կապերը: Անդրադարձ է կատարվել հեռանկարային ուղղություններ հանդիսացող բարձր տեխնոլոգիաների,  ստեղծագործ կրթության և զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման ընթացքին։ 

Երկուստեք բարձր է գնահատվել Իրաքյան Քուրդիստանի հայ համայնքի ներդրումը ինքնավարության քաղաքական, հասարակական և մշակութային կյանքում, ինչպես նաև երկու ժողովուրդների բարեկամությունն առավել ամրապնդելու գործում։  

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգային հրատապ հարցեր։ Առանձնահատուկ կարևորվեց Մերձավոր Արևելքում ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների ու պատմամշակութային ժառանգության պաշտպանությունը: Այս առնչությամբ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և Էրբիլի Ասորական ժառանգության թանգարանի միջև ձեռագրերի արդիականացման և վերականգման շուրջ համագործակցությունը:

ԱԳ նախարարի պաշտոնակատարը պատվիրակության անդամներին ներկայացրել է Ադրբեջանի կողմից իրականացված սադրիչ գործողությունների  հետևանքով ՀՀ սահմանամերձ մարզերում ստեղծված իրադրությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter