HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրանագետ. «Եթե մենք լրջորեն որոշենք պաշտպանվել կամ բախման գնալ ադրբեջանցիների հետ, դրան ճիշտ արձագանքներ կլինեն Իրանի կողմից»

Հարցազրույց իրանագետ Գարիկ Միսակյանի հետ

-Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրին այսօր հայտարարել է, որ Իրանի դիրքորոշումը շատ պարզ է՝ իրենք չեն ընդունելու տարածաշրջանի սահմանների ոչ մի փոփոխություն, թույլ չեն տա փոխել իրենց հյուսիսային սահմանները Հայաստանի հետ։ Սա նախազգուշացո՞ւմ է ադրբեջանական կողմին, եւ արդյոք այն զսպվածություն կարող է առաջացնել հետագա լայնամասշտաբ գործողությունները կանխելու առումով:

-Հատկանշական է, որ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Զոլնուրին հարցազրույցով հանդես է եկել «Սպուտնիկ» լրատվական ծառայության պարսկերեն տիրույթի համար՝ մի քանի հետաքրքրական շեշտադրումներ անելով։ Նախ խոսել է տարածքային ամբողջականության պահպանումից ոչ միայն Հայաստանի, այլեւ ընդհանուր տարածաշրջանի մասին՝ շեշտելով, որ Իրանի համար անթույլատրելի են միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությունները, հատկապես Հայաստանն է շեշտադրել, եւ ասել է՝ եթե սահմաններին որեւէ փոփոխություն լինի, որը կվտանգի հայ-իրանական սահմանի անխափան աշխատանքը, ապա Իրանը վճռական դիրքորոշում կհայտնի:

Նաեւ եղել են այլ մատնանշումներ: Տարածաշրջանում ահաբեկիչների խնդրին անդրադառնալով՝ նշել է, որ ահաբեկչական ներկայությունն անթույլատրելի է Իրանի համար: Եվ ցանկացած գործողություն Իրանի սահմանների հանդեպ պատասխանի է արժանանալու։ Սա հստակ մեսիջ էր նախ ադրբեջանական կողմին՝ որեւէ քայլ չձեռնարկելու Իրանի հանդեպ: Իրանը նաեւ Սյունիքի հետ կապված խնդիրը սեփական ազգային անվտանգության շահերից ելնելով է դիտարկում, քանի որ հնարավոր են հայ-իրանական ցամաքային սահմանի անխափան աշխատանքի հետ կապված խնդիրներ։

Հաշվի առնենք նաեւ, որ որ մինչ այս Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խադիբզադեն հանդես էր եկել հավասարակշռված հայտարարությամբ՝ կողմերին կոչ անելով խաղաղ ճանապարհով, բանակցային միջոցով լուծել հարցը։ Տվյալ դեպքում պետք է նկատել, որ Իրանի ԱԳՆ-ն ավելի զսպված դիրքորոշում է հայտնել։

ԱԳՆ-ի արձագանքը հավանաբար պայմանավորված էր նրանով, որ առաջին օրերին հայկական կողմից բավականին հակասական հայտարարություններ եղան այս իրավիճակի մասին, եւ միանշանակ տեղեկություն չէր գնացել Իրան։ Իսկ Զոլնուրիի հայտարարությունը կարող է կապված լինել նրա հետ, որ Իրանի անվտանգային համակարգի ուժերն ավելի շատ են անհանգստացած Կովկասի այս իրավիճակով, քան իշխանության վերջին ամիսներն ապրող Ռոհանիի կառավարությունը։

Ներկա պահին Զարիֆը եւ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունն ավելի շատ զբաղված են ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացով, պաղեստինա-իսրայելական հակամարտությամբ եւ հավանաբար ավելի քիչ ուշադրություն են դարձնում սահմանային իրավիճակին։ Զոլնուրիի այս մեսիջն, ըստ իս, ուղղված է միջազգային լսարանին՝ ե՛ւ Ադրբեջանին, ե՛ւ Ռուսաստանին, ե՛ւ նույնիսկ Հայաստանին, որ Իրանի անվտանգային կառույցները ուշադրության կենտրոնում են պահում իրավիճակը: Դա նաեւ զսպվածության կոչ էր Ադրբեջանին, որպեսզի չդիմի սադրիչ գործողությունների կամ պատերազմական որեւէ հրահրումների։ Էյֆորիկ վիճակում գտնվող Ալիեւը թե ինչքանով այս նրան, կարծում եմ, կախված է նաեւ հայկական կողմից, որ ավելի կոշտ, ավելի ուժեղ պետք է պաշտպանի իր սահմանները, այլ ոչ թե բանակցի կամ ինչ-որ զիջումների գնա այս հարցում։

-Իսկ Զոլնուրիի հայտարարած «թույլ չի տա»-ն ի՞նչ է ենթադրում՝ ըստ Ձեզ։ Եթե լայնամասշտաբ գործողություններ սկսվեն, Իրանն ի՞նչ պետք է անի։

-Դժվար է կանխատեսել կամ հասկանալ, թե ինչ նկատի ունի, այսինքն՝ կարո՞ղ է Իրանը միջամտել ռազմական առումով, թե՞ ոչ։ Դա կարող է ընկալվել նաեւ մեսիջ հայկական կողմի համար, որ եթե որեւէ պատերազմական գործողություն լինի, ՀԱՊԿ-ից բացի՝ կարող ենք դիմել Իրանի օգնությանը։ Իսկ թե Իրանը ներկա փուլում կցանկանա մտնել այդպիսի գործընթացի մեջ, չեմ կարող գնահատել, եւ առհասարակ իրատեսական էլ չէ գնահատել: Սակայն Իրանը կարող է քաղաքական ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, հատկապես, միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտման եւ, ինչու չէ, նաեւ ահաբեկչական խմբավորումների գործունեության համար։ Այսինքն՝ ոլորտներ կան, որտեղ Իրանը կարող է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ չթողնելով ավելի բարդ, ոչ ցանկալի զարգացումների։ Բայց, կարծում եմ, իրանական կողմի այդ արձագանքների լրջությունը կախված է նաեւ հայկական կողմից:

-Պաշտոնական Թեհրանը հայտարարել էր, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը «կարմիր գիծ» է Իրանի համար։ Նախորդ շաբաթ ադրբեջանական զորքի ներխուժումն ու տեղակայումը Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշակի հատվածներում «կարմիր գծի» խախտում չէ՞ Իրանի համար։ Արդյոք Իրանը կպատրաստվի պաշտպանել Հայաստանին, թե՞ ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ էր, դարձյալ չեզոքություն կդրսեւորի։

-Կարծում եմ՝ ներկա փուլում իրանական կողմը կսահմանափակվի այդ հայտարարություններով։ Հաշվի առնենք, որ հայկական կողմից հայտարարություններ եղան, որ բանակցային գործընթաց է գնում, կամ ինչ-որ լուծումներ կան, սակայն պետք չէ, այսպես ասած, պապից ավելի կաթոլիկ գտնվել: Մինչեւ հայկական կողմը չդիմի լուրջ գործողությունների, իրանական կողմն ինքնըստինքյան չի կարող միայնակ ինչ-որ գործողությունների դիմել։

Եթե մենք լրջորեն որոշենք պաշտպանվել կամ բախման գնալ ադրբեջանցիների հետ, դրան ճիշտ արձագանքներ կլինեն Իրանի կողմից: Այսինքն՝ չի լինի այնպես, ինչպես Արցախյան պատերազմի ժամանակ, քանի որ այնտեղ խնդիրն այլ էր, իսկ այստեղ խնդիրը հայ-ադրբեջանական անմիջական բախման մասին է: Այս դեպքում Իրանը լիովին ուրիշ քաղաքականություն է վարելու եւ ավելի կոշտ դեպի Ադրբեջանը։ Սակայն նաեւ նշեմ, որ ամեն ինչ կախված է լինելու Հայաստանի գերատեսչությունների՝ Իրանի հետ տարվող աշխատանքից։

-Հայաստանի սահմանային անվտանգության խաթարմամբ Իրանն ի՞նչ ռիսկեր է տեսնում իր անվտանգությանն համար: Մի կողմից՝ Արեւմուտքի ակտիվացումը, մյուս կողմից՝ ռուս-թուրքական ներկայությունը տարածաշրջանում ի՞նչ հնարավոր վտանգներ կարող են առաջացնել մեր հարավային հարեւանի համար։

-Ընդհանուր առմամբ, Իրանն իր քաղաքականությամբ փորձում է ունենալ անվտանգ սահման բոլոր հարեւանների հետ։ Եթե վերադառնանք Իրանի՝ Կովկասում հյուսիսային սահմանին, ապա Արցախյան վերջին պատերազմից հետո, ցավոք, արցախյան սահման գոյություն չունի: Իսկ այն Իրանի ամենաապահով սահմաններից մեկն էր։ Այստեղ Իրանն արդեն խնդիր ունի անվտանգություն ապահովելու, ահաբեկչական խնդիրներից խուսափելու առումով: Եվ զինվորական վերահսկողությունը բավականին ուժեղացրել են այդ սահմանին: Դա քննարկվում է նույնիսկ սոցցանցային տիրությում։

Ինչ վերաբերում է հայ-իրանական սահմանին: Նախ՝ դա Իրանի ելքերից մեկն է դեպի Սեւ ծով: Ինչքան էլ «Հյուսիս-հարավի» շինարարությունը դեռ հեռու է ավարտին հասցվելուց կամ Մեղրիի ազատ տնտեսական գոտու եւ տնտեսական այլ համագործակցության շուրջ խոսակցությունները, վերջին շրջանում նաեւ շատացել են Հայաստանի տարածքով Պարսից ծոց-Սեւ ծով ուղու շինարարության մասին խոսակցությունները, կարելի է ասել, որ Իրանն այս տարածաշրջանում  հաշվարկներ ունի: Եվ եթե հայ-իրանական սահմանին սպառնալիքներ լինեն, կամ այդ սահմանը չգործի, Իրանը հյուսիսում ունենալու է մեծ թուրքական սահման: Իսկ դա անընդունելի է Իրանի համար, քանի որ միշտ խուսափում կամ գոնե փորձում են այլընտրանք ունենալ դեպի Սեւ ծով՝ բացի թուրքական այս երկու պետություններից։ Այսինքն՝ Իրանի համար ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական առումով խնդիրներ կարող են լինել: Այդ պատճառով Իրանը միշտ շեշտում է հայ-իրանական սահմանի անխափան գործելու կարեւորությունն իր համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter