HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ինչու Գազայի հատվածը պարզ չի երևում Google-ի քարտեզում. BBC-ի անդրադարձը

Գազայի հատվածը, որն աշխարհի ամենախիտ բնակեցված շրջաններից մեկն է, արբանյակային պատկերներում շատ աղոտ է երևում։ BBC-ն գրում է, որ այդ փաստի վրա ուշադրություն են դարձրել այն հետազոտողները, որոնք տեղորոշման բաց աղբյուրներն օգտագործում են հարվածների տեղանքի որոշման և ավերածությունների փաստաթղթավորման համար։ «Այն, որ Իսրայելից և Պաղեստինից մենք չենք կարողանում ստանալ բարձր որակի արբանյակային պատկերներ, արգելակում է մեր աշխատանքը»,- BBC-ին պատմել է հետազոտողներից Սամիրը։ 

Իրավամբ, Իսրայելի մեծ մասը և պաղեստինյան տարածքները (Գազայի հատվածը և Հորդանան գետի արևմտյան ափը), խոշորացնելու պարագայում, Google Earth-ում պարզ տեսանելի չեն, չնայած առավել որակյալ պատկերներ կարելի է ստանալ արբանյակային ընկերություններից։ Google Earth-ի պատկերներում Գազայի փողոցներում գրեթե ավտոմեքենաներ չեն երևում։ Համեմատության համար, Հյուսիսային Կորեայի արբանյակային պատկերներում հստակ երևում են ոչ միայն ավտոմեքենաները, այլև մարդկանց կերպարները։ 

Արբանյակային պատկերները խիստ կարևոր աղբյուր են մերձավորարևելյան այս հակամարտության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար։ Դրանք հետազոտողներին օգնում են պարզել այն կետերը, որտեղից արձակվում են հրթիռները, ինչպես նաև խոցման թիրախներն ինչպես Գազայի հատվածում, այնպես էլ Իսրայելում։ Այդուհանդերձ, Google Earth-ում, որը արբանյակային պատկերների կիրառման ամենատարածված հարթակն է, Գազայի պատկերները պարզ տեսանելի չեն։

«Google Earth-ում Գազայի ամենաթարմ լուսանկարը 2016 թվականից է, և դա սարսափելի է։ Համեմատության համար ես ընտրեցի Սիրիայի գյուղական շրջաններից մեկը և հայտնաբերեցի բարձր տեսանելիության ավելի քան 20 լուսանկար, որն ավելի ուշ է արվել»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Bellingcat-ի լրագրող Արիկ Թոլերը։ Google-ը հայտարարում է, որ իր քաղաքականությունը ենթադրում է խիտ բնակեցված տեղանքների տվյալների պարբերական թարմացում, սակայն Գազայի մասով դա չի կատարվում։ 

BBC-ն այս հարցով դիմել է Google և Apple ընկերություններին։ Վերջինս ևս իր հարթակներում տրամադրում է Երկրագնդի արբանյակային քարտեզներ։ Apple-ը հայտարարել է, որ աշխատում է բարելավել իր քարտեզները, իսկ Google-ը նշել է, որ լուսանկարները ստանում են մատակարարներից և դիտարկում են քարտեզները թարմացնել այն ժամանակ, երբ հասանելի կլինեն առավել բարձր որակի լուսանկարներ՝ հավելելով, որ չեն նախատեսում դա անել ներկայումս։ «Հաշվի առնելով ընթացիկ իրադարձությունների կարևորությունը՝ ես պատճառ չեմ տեսնում, թե ինչու տարածաշրջանի լուսանկարների որակը, կոմերցիոն հասանելիության ժամանակ, պետք է հետագայում էլ արհեստականորեն իջեցվի»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Bellingcat-ի լրագրող Նիք Ուոթերսը։ 

Google Earth-ը և Apple Maps-ը օգտվում են այնպիսի ընկերություններից, որոնք ունեն առևտրային նպատակով կիրառվող արբանյակներ։ Դրանցից ամենախոշորները՝ Maxar-ը և Planet Labs-ը, Իսրայելի և Գազայի արբանյակային պատկերները ներկայումս դարձնում են հասանելի։ Planet Labs-ը BBC-ին հաստատել է, որ վաճառում է մինչև 50 սմ խոշորացմամբ արբանյակային պատկերներ։ Սակայն հետազոտողները, որոնք աշխատում են բաց աղբյուրներով, հիմնականում օգտվում են անվճար ծառայություններից և միշտ չէ, որ հասանելիություն ունեն այդ պատկերներին։

Human Rights Watch կազմակերպությունը 2017 թվականին համագործակցել է Planet Labs-ի հետ, որպեսզի փաստաթղթավորի բիրմացի զինվորականների կողմից ռոհինջա ազգության գյուղերի ավերումը։ Համեմատելով 40 սմ խոշորացման լուսանկարների հետ՝ իրավապաշտպանները կարողացան գնահատել վնասը, որը հասցվել է ավելի քան 200 բնակավայրերին։ Ստացված տվյալները հաստատել են հարևան Բանգլադեշ փախած ռոհինջա ազգության պնդումները, որոնց բնակավայրերն ավերվել էին Մյանմարի զինված ուժերի կողմից։ Արբանյակային լուսանկարները հնարավորություն էին տվել նաև հայտնաբերելու այն ճամբարները, որտեղ չինացիներն ուղարկում են ույղուրներին։

Իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում վերջին իրադարձությունների վերաբերյալ թարմացվող լրահոսին կարող եք ծանոթանալ այստեղ։

Լուսանկարը՝ ORBITAL HORIZON/COPERNICUS SENTINEL DATA 2018/GALLO IMAGES/GETTY IMAGES

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter