Գագիկ Բեգլարյանը ժամանել է Հայաստան և կալանավորվել
Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության (ՔՈԳՎ) և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներից հետո մայիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ազգային անվտանգության ծառայությանն է հանձնվել 57-ամյա Գագիկ Բ.-ն։ Այս մասին ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրությունում։
Նա 2020 թ. մարտի 23-ից ոստիկանության ՔՈԳՎ կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) և 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
***
Նշենք, որ ոստիկանության հաղորդագրությունում հիշատակված Գագիկ Բ․-ն տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն է։
2020 թ–ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց, թե բացահայտվել է, որ Երևանի նախկին քաղաքապետը հափշտակել է ՀՀ–ին պատկանող առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքեր: Դրանց մեջ էին մտնում նաև տարածքներ, որոնք նախկինում գործել էին որպես մանկապարտեզ։
Գագիկ Բեգլարյանի և մի շարք այլ անձանց կողմից Երևանի կենտրոնում մանկապարտեզներ սեփականաշնորհելու մասին «Հետք»–ը գրել էր 2019 թ–ին՝ «Կենտրոնում 14 մանկապարտեզ է փակվել, տարածքը՝ վաճառվել» հետաքննությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել