HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ԿԲ նախագահը՝ վարկերը ներելու մասին. «Բանկերից ավելի լավ այդ խնդրին ոչ ոք չի տիրապետում»

2021-ի տարեվերջից գնաճի տեմպերը Հայաստանում աստիճանաբար կնվազեն և կմոտենան 4%-ի շեմին: Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանը: Ներկայացվեց Կենտրոնական բանկի 2020 թվականի տարեկան հաշվետվությունը: 

2020 թվականը ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար տնտեսական ծանր տարի էր: Դիտվել է ակտիվության կտրուկ անկում տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում: Չնայած որ Հայաստանի կառավարությունն իրականացրել է տնտեսական և սոցիալական օժանդակությանն ուղղված ծրագրեր, սակայն ԿԲ-ի գնահատմամբ՝ կուտակված անորոշության ներքո հասարակությունը դրսևորել է նախազգուշական վարքագիծ: Արդյունքում թուլացել է ներքին պահանջարկն ու պահպանվել է ցածր գնաճը: 

Սակայն տարեվերջից սկսած գնաճն արագացել է: Կենտրոնական բանկը դա պայմանավորում է միջազգային շուկաներում գրանցվող գնաճով, որը ներմուծման ճանապարհով հասնում է նաև հայ սպառողին, ինչպես նաև՝  դրամի արժեզրկմամբ:

Մարտին Գալստյանը վստահեցնում է, որ բարձր գնաճը ժամանակավոր բնույթ է կրելու: «Տարեվերջից այն կնվազի ու կհասնի թիրախային 4% շեմին: Գնաճը կառավարելի տիրույթում է, այդ թվում ՝ ԿԲ-ի համարժեք գործողությունների շնորհիվ»,- նշեց Կենտրոնական բանկի նախագահը: 

Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալներով՝ Հայաստանի սպառողական շուկայում 2021 թվականի ապրիլին 2020 թվականի ապրիլի համեմատ գրանցվել է 6.2% գնաճ: 

ԿԲ-ի առաջին եռամսյակի կանխատեսումների համաձայն՝ 2021 թվականին Հայաստանում կշարունակվի համախառն ներքին պահանջարկի դանդաղ վերականգնումը՝ համավարակի վերջնական հաղթահարման և տնտեսական հեռանկարի անորոշության պայմաններում: Մարտին Գալստյանը նկատեց, որ պահանջարկի աստիճանաբար վերկանգնմանը նպաստում է նաև արտերկրից դրամական փոխանցումների աճը, որն ավելի արագ է, քան կանխատեսվում էր: 

«Տարիներ շարունակ Կենտրոնական բանկը վարել է ցածր գնաճը պահելու քաղաքականություն, մանավանդ 2015 թվականի ճգնաժամից հետո: Դրա միջոցով մենք փորձել ենք խարսխել հասարակության սպասումները և հասարակությանը հավաստիացնել, որ Կենտրոնական բանկն այս երկրում ցածր գնաճի ջատագովն է: Հիմա մենք ունենք մտածողություն ու գործիքակազմի շրջանակ, որը աշխարհի լավագույն փորձն է իր մեջ ներառում: Ես չեմ կարծում, որ այդ շրջանակը վերանայելու կարիք կա:  Հիմա ԿԲ-ի տեսանկյունից կանխատեսումը ոչ թե թվի հայտարարումն է, այլ այն մտածողության գործիք է: Մեզ համար ոչ թե թիվն է կարևոր, այլ՝ այդ կանխատեսման հետևում ընկած դատողությունն ու պատմությունը»,- նշեց ԿԲ նախագահը: 

ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը ողջունեց երկրում տնտեսական դժվարություններին զուգահեռ ֆինանսական կայունության պահպանումը: 

Սակայն նաև նկատեց, որ հանրության շրջանում ձևավորվել են չափից ավելի բարձր գնաճային սպասումներ: Դրանք հիմնականում օբյեկտիվ պատճառներ ունեն՝ գնաճային ճնշումներ միջազգային շուկաներից, ներքին զարգացումներ: Եվ կան ռիսկեր, որ գնաճային ճնշումները կարագանան:

Ի պատասխան այս դիտարկմանը Մարտին Գալստյանը հայտարարեց, որ իրենք հասարակությանը տալիս են այն «մեսիջները», որ Կենտրոնական բանկը իր տեղում է և իր դիրքում: Եթե նույնիսկ այս տարի գնաճը գերազանցի նպատակային 4%-ի շեմը (2007 թվականից սկսած Հայաստանում որպես գնաճի նպատակային թիրախ է սահմանվել 4%-ը), դա կլինի մեկանգամյա և մյուս տարի վերադառնալու ենք այդ թիրախին: 

Արկադի Խաչատրյանի մյուս դիտարկմանը, որ տնտեսական ակտիվության անկումը, եկամուտների անկումը, վարկավորման պայմանների խստացումը, շատ մարդկանց դասակարգման հանգամանքը բացասաբար են ազդել վարկավորման ծավալների վրա ու կարող են զսպել համախառն պահանաջարկի վերականգնումը, Մարտին Գալստյանը պատասխանեց.

«Որոշ տնտեսվարողներ ու քաղաքացիներ ունեցել են վարկերի սպասարկման խնդիրներ: Բանկերը շատ դեպքերում վերանայել են պայմանները՝ մի մասի դեպքում երկարացնելով պայմանագրերի ժամկետները, անհատական մոտեցում են դրսևորել: Բայց մենք պետք է նաև հասկանանք, որ բանկը՝ որպես բիզնես իրականացնող միավոր, ունի իր խնդիրները: Եվ բանկերի ֆինանսական կայությունը պահպանելը ևս կարևորագույն մարտահրավեր է Հայաստանի տնտեսության համար: Բանկերի և հաճախորդների երկխոսությունը, որը սկսվել է դեռևս անցած տարի, շարունակվում է նաև այսօր»:

ԿԲ-ի դիտարկումների համաձայն՝ վարկավորման տեմպերն այսօր ակնկալվածից ավելի բարձր են: Չնայած դրան, կան հաճախորդներ, որոնք դիտարկվում են որպես ռիսկային: Նրանց չեն տրամադրվում վարկեր կամ ավելի բարձր տոկոսադրույքով են տրամադրվում, որն արդեն բանկ-հաճախորդների հարաբերությունների շրջանակներում է:

Հանձնաժողովի նիստին պատգամավորները մի քանի անգամ ԿԲ նախագահին խնդրեցին մեկնաբանել վարկերը ներելու վերաբերյալ քաղաքական ուժերի հայտարարությունները: Հաշվի առնելով, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ գտնվում են քաղաքական ուժեր, որոնք խոստանում են՝ իրենց իշխանության գալու պարագայում կներվեն ու կզորյացվեն բնակչության այս կամ այն չափի վարկերը, Մարտին Գալստյանին խնդրեցին մեկնաբանել, թե որքանով է դա իրատեսական: ԿԲ նախագահը ուղիղ խոսքով չմեկնաբանեց, թե որքանով է դա իրատեսական, սակայն ընդգծեց, որ բանկերը ամենալավն են տիրապետում իրավիճակին ու ամենալավը կարող են հասկանալ՝ ում ներել, ում ընդառաջել: 

Բանկերի ներումների վերաբերյալ, ըստ նրա, շատ մեծ գլոբալ խնդիր կա: Պետք է հասկանալ՝ բանկերը, զիջելով ինչ-որ բան, կարճաժամկե՞տ խնդիր են լուծում, թե՞ օգնում են անվճարունակ ընկերությանը:

«Ու տեսնում ենք, որ մեկ տարի հետո այդ անվճարունակ ընկերությունը գոյություն չունի: Իմ պատկերացմամբ՝ բանկերից ավելի լավ այդ խնդրին ոչ ոք չի տիրապետում: Բանկերը ունեն ինֆորմացիայի հսկայական պաշար և հաճախորդների հետ աշխատելու բազմամյա փորձ»,- ընդգծեց ԿԲ նախագահը:

Նա հայտարարեց, որ 44-օրյա պատերազմից հետո հայաստանյան բանկերն ու վարկային կազմակերպությունները մոտ 2.5 մլրդ դրամի վարկ են ներել զոհվածների, անհետ կորածների ու վիրավորների ընտանիքների անդամներին՝ առանց կառավարությունից որևէ օժանդակություն ստանալու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter