HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարենի համաշխարհային ծրագիրը դրամական օգնություն է ցուցաբերում տեղահանված արցախցիներին

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ), համագործակցելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, մեկնարկել է դրամական օգնության ծրագիր Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանված մարդկանց համար՝ մինչև հունիսի վերջ նրանց սննդի կարիքները հոգալու նպատակով: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի գլոբալ հաղորդակցության վարչությունը։

ՊՀԾ-ն անապահով մարդկանց աջակցություն է տրամադրում Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչության (ECHO), Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (USAID), Ֆրանսիայի կառավարության և Ֆլանդրիայի կառավարության կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շնորհիվ: ՊՀԾ-ն ապրիլից հունիս ամիսներին կտրամադրի ամենամսյա դրամական փոխանցումներ այն տեղահանված մարդկանց, ովքեր արդեն գրանցված են Կառավարության հարթակում և գտնվում են Հայաստանում:

Ըստ ՊՀԾ-ի՝ դրամական օգնությունը կօգնի տեղահանվածներին գնել տարատեսակ սնունդ, որպեսզի նրանք ունենան հավասարակշռված սննդակարգ: Աջակցությունը համահունչ է ՀՀ կառավարության և նրա գործընկերների կողմից ձեռնարկված ազգային ջանքերին, որոնք միտված են աջակցելու այն մարդկանց, ում պարենային անվտանգությունը բացասական ազդեցություն է կրել հակամարտության արդյունքում: 

«Մենք երախտապարտ ենք մեր գործընկերներին առատաձեռն ներդրման համար, որոնք օգնում են Հայաստան տեղահանված մարդկանց բավարարել իրենց սննդի հիմնական կարիքները և քաղցած չմնալ»,- ասում է Հայաստանում ՊՀԾ-ի ներկայացուցիչ, տնօրեն Ելենա Միլեսովիչը: «Մարդասիրական օգնությունն անհրաժեշտ է, որպեսզի ընտանիքները զերծ մնան գոյատևման բացասական մեխանիզմներից, ինչպիսիք են՝ քիչ ուտելը, կամ սնունդ գնելու համար գումար փոխառելը: Սա ծայրաստիճան ողջունելի աջակցություն է, որը կօգնի շատ ընտանիքների ծայրը ծայրին հասցնել այս դժվարին ժամանակներում»: 

ՊՀԾ-ի աջակցությունից օգտվող Հայաստանյան շահառուների համար ստեղծվել է հետադարձ կապի մեխանիզմ, որն ապահովում է ուղիղ կապ ՊՀԾ-ի հետ: Շահառուները կարող են զանգահարել 096 120 400 հեռախոսահամարով և գրել [email protected] էլեկտրոնային հասցեին` դրամական օգնության հետ կապված հետադարձ կապ հաստատելու, դիմումներ ներկայացնելու կամ բողոքների առկայության դեպքում: Սա ՊՀԾ-ին հնարավորություն կտա անդրադառնալ մտահոգություններին ու հարցումներին:

Մեկնաբանություններ (1)

Հայկուհի
Բարև Ձեզ։ Կներեք ես Արցախից եմ։ Տեղահանվել եմ երկու անգամ։ Ունեմ երեք անչափահաս երեխա։ Ապրում եմ վարձով Արարատի մարզում։Եթե հնարավոր է օգնեք մեզ սննդի քարտով։Կանխավ շնորհակալություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter