HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Կապիտալի ու ակտիվների աճ, շահույթի անկում. Հայաստանի բանկերը՝ առաջին եռամսյակում

Հայաստանի բանկային համակարգն այս տարվա առաջին եռամսյակը ամփոփել է կապիտալի ու ակտիվների աճով: Միևնույն ժամանակ, նվազել է շահույթը, ոչ ռեզիդենտ ավանդատուներն ավելի զգուշավոր են դարձել, իսկ ռիսկային գնահատվող ոլորտների վարկավորումը դանդաղել է: 

2021 թվականի առաջին եռամսյակի վերջի դրությամբ Հայաստանի 17 առևտրային բանկերի ընդհանուր կապիտալը կազմել է 913 մլրդ դրամ: 2020 թվականի վերջի համեմատ այն աճել է շուրջ 17 մլրդ դրամով կամ 1.8%-ով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը՝ ամփոփելով բանկային համակարգի 2021 թվականի առաջին եռամսյակի հիմնական ցուցանիշները:

Ըստ նրա՝ 2020 թվականի իրադարձությունները հաշվի առնելով, 2021 թվականի առաջին եռամսյակում բանկային ոլորտի համար ավելի վատ սցենարներ ու կանխատեսումներ կային, քան գրանցված պատկերն է: 

Առաջին եռամսյակում բանկերի ակտիվներն աճել են շուրջ 15 մլրդ դրամով կամ 0.2%-ով՝ կազմելով 6 տրլն 659 մլրդ դրամ: 

Ռիսկային ոլորտների վարկավորումը դանդաղել է

2021 թվականի առաջին եռամսյակի վերջի դրությամբ բանկերի կողմից հաճախորդներին տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 4 տրլն 118 մլրդ դրամ: Եռամսյակի ընթացքում վարկային պորտֆելը նվազել է շուրջ 64 մլրդ դրամով կամ 1.5%-ով: Վարկավորման ծավալների աճ է գրանցվել շինարարության, գյուղատնտեսության, առևտրի և այլ ոլորտներին տրվող վարկերի գծով: Միևնույն ժամանակ, նվազել է սպառողական վարկերի ծավալը, արդյունաբերությանը, տրանսպորտի և կապի ոլորտներին տրվող վարկերը: 

Վարկային պորտֆելում ամենամեծ մասնաբաժինն ունեն սպառողական վարկերը, որոնց ծավալը կազմել է 915.6 մլրդ դրամ՝ եռամսյակի ընթացքում նվազելով 1%-ով:  

Նվազել են նաև արդյունաբերության ոլորտին տրամադրվող վարկերը, որոնց տեսակարար կշիռը վարկերի ընդհանուր պորտֆելում 17% է: Արդյունաբերությանը տրվող վարկերի ծավալը մարտի վերջի դրությամբ կազմել է 641 մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ կրճատվելով 2%-ով:

Երրորդ տեղում առևտրի ոլորտին տրամադրվող վարկերն են՝ 532.7 մլրդ դրամ, որը կազմում է ընդհանուր վարկային պորտֆելի 14%-ը: 

«Համավարակով պայմանավորված՝ որոշ գործունեության տեսակներ են փակվել կամ գործունեությունը երկար ժամանակով դադարեցվել է: Այդ ոլորտներում ռիսկերը մեծացել են, և վարկավորումը կա՛մ դանդաղել է, կա՛մ տոկոսադրույքներն են բարձրացել։ Իսկ այն ոլորտներում, որտեղ համավարակը էական ազդեցություն չի ունեցել, վարկավորման տոկոսադրույքները չեն փոխվել»,- ասաց Սեյրան Սարգսյանը:

Ըստ նրա՝ վարկերի կառուցվածքի պատկերից հստակ երևում է, որ բանկային վարկավորման ծավալներն ավելացել են հիմնականում այն ոլորտներում, որոնք իրենց հերթին ապահովել են տնտեսական ակտիվության աճ։

Աղբյուրը՝ ՀՀ ԿԲ, Հայաստանի բանկերի միություն

Բանկերի ու քաղաքացիների համար գլխացավանք հանդիսացող չաշխատող վարկերի  ցուցանիշները անընդհատ փոփոխվում են: Ներկայում, ըստ Բանկիերի միության հաշվարկների,  նմանատիպ վարկերի տեսակարար կշիռը ընդհանուր վարկային պորտֆելում 7%-ի շրջանակներում է: Միությունը սա անհանգստացնող թիվ չի համարում:

«Այլ երկրների հետ համեմատ, այն մնում է ցածր: Կարծում եմ՝ 7%-ը դեռևս անհանգստացնող չէ վճարումների մասով: Այն դեռևս վտանգ չի ներկայացնում բանկային համակարգի համար: Բանկային համակարգը մեծ ունակություն ունի հաղթահարելու դրանից բխող ռիսկերը»,-  նշեց Սեյրան Սարգսյանը:  

Ավանդները նվազել են 0.2%-ով. կրճատվում են ոչ ռեզիդենտների ավանդները

2021 թվականի առաջին եռամսյակի վերջի դրությամբ Հայաստանի բանկերում պահվող ավանդների ընդհանուր ծավալը կազմել է 3 տրլն 702 մլրդ դրամ: Եռամսյակի ընթացքում այն նվազել է 7 մլրդ դրամով կամ 0.2%-ով:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ռեզիդենտների ավանդները ավելացել են: Հակառակ դրան՝ կրճատվում են ոչ ռեզիդենտների ավանդները:

Մասնավորապես, Հայաստանի քաղաքացիների՝ ռեզիդենտների ավանդները եռամսյակի վերջում կազմել են 2 տրլն 794 մլրդ դրամ: Եռամսյակի ընթացքում այն ավելացել է 119 մլրդ դրամով կամ 4.4%-ով: 

Իսկ ոչ ռեզիդենտների ավանդները կազմել են 908 մլրդ դրամ՝ կրճատվելով 12.2%-ով:

Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը նկատում է, որ նման միտում կա ամբողջ աշխարհում. ոչ ռեզիդենտների ավանդները վերադառնում են այն երկրներ, որտեղից «հոսել են»:

2020 թվականի սկզբից ավանդների դինամիկան ամեն ամիս տատանվել է, երբեմն՝ կտրուկ տեմպերով: Մինչև 2020 թվականի ապրիլը ավանդները ավելացել են, ապրիլից՝ պայմանավորված համավարակով առաջացած անորոշություններով ու դրամի արժեզրկման ռիսկերով, զգալի նվազում է գրանցվել: Այնուհետև մինչև օգոստոս ամիսը ներառյալ փողերը «վերադարձել են» բանկեր: 

Սեպտեմբերին Արցախում սկսված պատերազմն ու  կրկին մեծացող անորոշությունը փոխել են ավանդատուների դիրքորոշումը. կրկին նվազում է գրանցվել: 

2020-ի տարեվերջին նկատվող դրական միտումները չեն պահպանվել նաև այս տարվա հունվարին: Սակայն, փետրվար-մարտին նորից դրական դինամիկա է գրանցվում:

Աղբյուրը՝ ՀՀ ԿԲ, Հայաստանի բանկերի միություն

Բանկային համակարգի շահույթը նվազել է 16.9%-ով

2021 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը կազմել է 19.4 մլրդ դրամ: 2020 թվականի նույն եռամսյակի համեմատ այն կրճատվել է 3.9 մլրդ դրամով կամ 16.9%-ով:

Ինչպես ավելի վաղ գրել ենք, 17 առևտրային բանկերից 12-ի դեպքում զուտ շահույթը նախորդ տարվա 1-ին եռամսյակի համեմատ նվազել է: Աճ կա միայն 5 բանկերի մասով:

Շահույթով առաջատարներն են «Ամերիաբանկը», «Արմսվիսբանկն» ու «Հայէկոնոմբանկը»:

Եռամսյակում վնասով է աշխատել միայն մեկ բանկ՝ «Հայէկոնոմբանկը»: Այլ խոսքով՝ ընդհանուր շահույթի կրճատումը դեռևս չի նշանակում, որ միտումները բոլոր բանկերի մոտ նույնն են: Նույնը կարելի է պնդել նաև մյուս ցուցանիշների մասով՝ վարկեր, ավանդներ, ակտիվներ և այլն:

Բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը դժվարացավ կանխատեսումներ անել, թե երկրորդ եռամսյակում ինչ գործոններ կազդեն բանկերի շահույթի վրա և ինչ պատկեր կգրանցվի: Ինչ վերաբերում է առաջին եռամսյակին, ապա շահույթի նվազումն, ըստ նրա, պայմանավորված է բանկերի կողմից տրամադրվող վարկային արձակուրդներով, երկարաձգումներով ու ներումներով: Նմանատիպ վարկերի պարագայում բանկը զրկվում է ստացվող տոկոսներից, ինչն էլ ազդում է ընդհանուր շահույթի վրա: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter