HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Համայնքների միավորումը կամ բաժանումը պետք է իրականացվի տեղական հանրաքվեով 

Սահմանադրական դատարանը մայիսի 14-ին կայացրած ՍԴՈ-1593 որոշումով Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչեց «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1.1, 6-րդ հոդվածի 2-րդ մասի և 8-րդ հոդվածի 1-ին մասը: Օրենքի վիճարկվող հոդվածներն ընդունվել էին 2019թ.-ի դեկտեմբերի 19-ին: Դրանից հետո Կառավարությունը համայնքների խոշորացման նոր նախագիծ ներկայացրեց, ըստ որի՝ Կոտայքի մարզի Աբովյան համայնքը ձևավորվելու է 12 համայնքի միավորումից՝ Աբովյան, Ակունք, Առինջ, Արամուս, Բալահովիտ, Գեղաշեն, Գետարգել, Կաթնաղբյուր, Կամարիս, Մայակովսկի, Պտղնի, Վերին Պտղնի:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) վարչատարածքային բաժանման նոր նախագծով որոշ համայնքներ երկրորդ անգամ են խոշորացվելու: Համայնքի կազմում ներառված Ակունքը, խոշորացվել է 2017թ.-ին՝ Ակունք, Զովաշեն, Զառ, Կապուտան, Հատիս, Կոտայք, Նոր Գյուղ, Սևաբերդ գյուղերի միավորումով: Բնակչությունը կազմում է 9284 մարդ: Մեկ անգամ արդեն խոշորացված համայնքն այս նախագծով միավորվելու է մոտ 45 000 բնակիչ ունեցող Աբովյան քաղաքի հետ: Աբովյանի հետ միավորվելու են նաև Առինջ, Արամուս, Բալահովիտ, Գեղաշեն, Գետարգել, Կաթնաղբյուր, Կամարիս, Մայակովսկի, Պտղնի, Վերին Պտղնի համայնքները: Թվարկված 10 գյուղերի բնակչությունը միասին կազմում է՝ 26 470 մարդ: Այսինքն, միավորելուց հետո այս համայնքի բնակչության ընդհանուր թիվը կկազմի 80 685 մարդ:

Կոտայքի մարզի Աբովյան, Ծաղկաձոր և Նոր Հաճն համայնքների ղեկավարները Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումում նշել են, որ «Տեղական հանրաքվեի մասին» օրենքի հիշյալ փոփոխությունների արդյունքում համայնքի ղեկավարը զրկվել է համայնքները միավորելու կամ բաժանելու հարցով տեղական հանրաքվե նախաձեռնելու իրավունքից:

Ինչպես նշել ենք այս թեմայով մեր նախորդ հրապարակման մեջ՝ Կառավարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման ներկայացված նախագծին հիմնավորումներ չեն կցվել: Չկա որևէ հետազոտություն, համայնքներում իրականացված հանրային քննարկման արձանագրություն, բնակիչների համաձայնություն ցանկացած ֆորմատով, այս հարցով տեղական հանրաքվե չի նախաձեռնվել, որի արդյունքները հիմք ընդունելով՝ որոշվեր, որ համայնքները հենց այդ կազմով պետք է միավորել:

ՍԴ-ն այս որոշումով իրավական դիրքորոշում է արտահայտել երկու կարևոր հարցի վերաբերյալ՝

  1. համայնքի կարծիքը տեղական հանրաքվեի միջոցով արտահայտելու իրավունքի արդյունավետ իրականացման համար օրենսդրական անհրաժեշտ կառուցակարգեր և ընթացակարգեր պետք է նախատեսվեն:
  2. Համայնքային բյուջեում ֆինանսներ չլինելու պատճառաբանությամբ տեղական հանրաքվեի մերժումը իրավաչափ չի համարել: Առաջարկել է տեղական հանրաքվե նախապատրաստելու և անցկացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում ծախսերը կատարել պետական բյուջեի միջոցների հաշվին:

Առաջին հարցի հետ կապված ՍԴ-ն հայտնել է, որ համայնքների միավորման կամ բաժանման գործընթացում հանրային լսումների և քննարկումների միջոցով համայնքի տեսակետը լսելի դարձնելու գործիքակազմը արդյունավետ կարող է լինել, երբ համայնքի բնակիչների թիվը փոքր է: Մեծաթիվ բնակչություն ունեցող համայնքների դեպքում միայն հանրային լսումները կամ քննարկումները բնակիչների օբյեկտիվ կարծիքը վեր հանելու իրական հնարավորություն չի տալիս:

«Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 7.1. հոդվածով սահմանված է, որ համայնքների միավորման կամ բաժանման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության դեպքում համայնքի բնակիչները կարող են տեղական հանրաքվե նախաձեռնել: Հանրաքվեն իրականություն կդառնա, եթե համայնքի ղեկավարը ֆինանսական միջոցներ հատկացնի նախաձեռնողներին կամ նրանց հնարավորություն կտա օրինական ճանապարհով գումարներ հայթայթել հանրաքվե իրականացնելու համար: Անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության դեպքում նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչը բնակչության շրջանում նախաձեռնությանը միանալու ստորագրահավաք է սկսում և առնվազն 20%-ի համաձայնությունն ապահովելու դեպքում դիմում է ընտրական հանձնաժողով` ստորագրությունների վավերականությունը հաստատելու համար:

ՍԴ-ն հանրաքվե նախաձեռնելու օրենսդրական այս մեխանիզմը իրատեսական չի համարել և առաջարկել է այլ կարգավորումներ նախատեսել:  «Սահմանադրության 190-րդ հոդվածի իրացումն ապահովելու նկատառումներով որպես համայնքների կարծիքը լսելի դարձնելու իրական հնարավարություն կարող է դիտարկվել օրինակ, համայնքի ղեկավարին կամ համայնքի ավագանուն տեղական հանրաքվե նախաձեռնելու իրավունքով օժտելու հնարավորությունը»,- ասվում է ՍԴ որոշման մեջ: Այդ հանգամանքը գործնականում անխուսափելիորեն նվազեցնում է տեղական հանրաքվե անցկացնելու հավանականությունը, և նրանք չեն կարող իրացնել իրենց լսված լինելու իրավունքը:

Անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության պայմաններում համայնքների միավորման կամ նույնիսկ համայնքի բնակիչների նախաձեռնության առկայության դեպքում համայնքների կարծիքը վեր հանելու արդյունավետ այլ կառուցակարգերի բացակայության դեպքում այդ համայնքների կարծիքն Ազգային ժողովին կարող է լսելի չդառնալ:

Հետևաբար, օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը՝ ֆինանսական միջոցների բացակայության հիմքով նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի կողմից տեղական հանրաքվեի դրվող հարցը ստանալուց հետո համայնքի ղեկավարի կողմից մերժվելու ենթակա լինելու մասով, չի համապատասխանում ՍԴ 179-րդ հոդվածի 1-ին մասի և 190-րդ հոդվածի պահանջներին:

Տեղական ինքակառավարման հարցերով իրավական փորձագետ Վահագն Պետրոսյանի կարծիքով՝ ՍԴ-ն այս որոշումով հակասահմանադրական է ճանաչել վիճարկվող հոդվածները և օրենսդիր ու գործադիր մարմինները համագործակցության արդյունքում պետք է մշակեն համայնքի տեսակետը լսելի դարձնելուն միտված նոր գործիքակազմեր: «Այս որոշումով ՍԴ-ն իշխանություններին հորդորել է, որ մշակվեն համայնքի կարծիքը լսելի դարձնելու նոր գործիքակազմեր և «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքն ընդունելիս ԱԺ-ն պետք է առաջնորդվի այս որոշման շրջանակում դատարանի արտահայտած իրավական գնահատականներով, հիմք ընդունի արտահայտված դիրքորոշումները»,- հայտնեց փորձագետը:

Վ. Պետրոսյանը նշեց, որ ՍԴ-ն այս որոշումով Ազգային ժողովին ուղղակիորեն չի պարտավորեցրել փոփոխել հակասահմանադրական ճանաչված նորմերը, նաև ժամկետներ չի սահմանել դրա համար: Հետևաբար չի կարող ասել, որ համայնքների միավորման շրջանառված նախագիծը կարող է կասեցվել:

Դատարանը տեղեկացրել է, որ ՍԴ դատավորներ Աշոտ Խաչատրյանը և Արթուր Վաղարշյանը հատուկ կարծիքներ են ներկայացնելու այս որոշման վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter