HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Փաշինյան. «Տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը մեր առաջնահերթություններից մեկն է»

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կառավարության մայիսի 20-ի նիստում անդրադարձավ այն հարցին, թե ինչպես է հնարավոր եղել, որ ադրբեջանական զինծառայողներն անցնեն հայ-ադրբեջանական սահմանը:

«Պատերազմից հետո մեր երկրի արտաքին սահմանը երկարել է մի քանի հարյուր կիլոմետրով: Այն հատվածներում, որտեղ գործ ունենք, դրանք բարդ ռելիեֆով լեռնային հատվածներ են, որտեղ տարվա մեծ մասը լինում է ձյան տակ, և ընդհանրապես որևէ ինժեներական աշխատանք իրականացնել հնարավոր չէ»,- հայտնեց պաշտոնակատարը:

Նրա խոսքով՝ ինչպիսի վիճակում այդ հատվածներում սահմանը հայկական կողմից է, նույն վիճակում էլ ադրբեջանական կողմից է. «Նոյեմբերի 9-ի հայտարարության բովանդակության հետ այսօրվա իրավիճակը պետք է համադրել: Մեր գնահատմամբ, ադրբեջանական զորքերի շարժն ուղիղ հակասության մեջ է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետ»:

Ըստ նրա՝ կարևոր է հասկանալ, թե որն էր ադրբեջանական կողմի գործողությունների նպատակը: Տարբերակներից մեկը պատերազմի հրահրումն էր:

«Մեր ուշադրությունը պետք է կենտրոնացնենք այն հանգամանքի վրա, որ այդ գործողությունն առնվազն իրականացվում են Սյունիքի մարզի և ՀՀ տարածքի ամենանեղ հատվածում, որը մոտավոր 26 կմ լայնություն ունի: Եթե իրադրությունը դուրս գար վերահսկողությունից, էնտեղ կարող էին անկառավարելի իրադարձություններ զարգանալ, որը հետո շատ մեծ պրոբլեմների առաջ կարող էր մեզ կանգնեցնել: Մեր մոտեցումն է, որ հարցը պետք է լուծել անվտանգային միջազգային մեխանիզմներով, որը համարում եմ ճիշտ, և այս պահի դրությամբ, համենայն դեպս, արդարացնում է իրեն: Քանի դեռ փաստը տեղի չի ունեցել, չենք կարող ասել, որ հասել ենք այդ ճանապարհով մեր նպատակին:

Չի կարելի բացառել նաև, որ այս գործողության նպատակը Հայաստանի ներքաղաքական պրոցեսների վրա, ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունենալն է և գուցե Հայաստանում գործող այդ պրոպագանդիստական ցանցին քաղաքական աջակցություն ցուցաբերելն է»,- հայտնեց Փաշինյանը:

Անդրադառնալով սահմանների ճշգրտմանը՝ նա հայտնեց, որ դա ինչքան պետք է Ադրբեջանին, այնքան էլ պետք է Հայաստանին, որովհետև սահմանների ճշգրտումն անվտանգային կարևորագույն երաշխիք է, բայց պետք է հասկանալ, որ դա պարզ գործընթաց չէ:

«Տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը մեր կառավարության առաջնահերթություններից մեկն է: Դա ինչքան անհրաժեշտ է Ադրբեջանին, այնքան էլ Հայաստանին: Սկսած 1992 թվականից՝ Հայաստանի նկատմամբ որդեգրվել է շրջափակման, կումինկացիաների փակման քաղաքականություն: Կոմունիկացիաների բացման օրակարգը ձեռնտու է Հայաստանին: Մենք կոմունիկացիաների բացման միջանցքային տրամաբանությամբ հարց չենք քննարկել և չենք քննարկելու»,- հավելեց վարչապետի պաշտոնակատարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter